‘Թրամփն իր նախկին փաստաբանին մեղադրել է ստախոսության մեջ’

1539

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփն իր նախկին փաստաբան Մայքլ Քոենին, որն ավելի վաղ ցուցմունքներ էր տվել կոնգրեսում, մեղադրել է ստախոսության մեջ: Նա, սակայն, նշել է, որ իր նախկին իրավաբանը ճիշտ է ասել, որ Ռուսաստանի հետ որևէ գաղտնի պայմանավորվածություն չի եղել:

«Նա շատ էր ստում: Բայց նա մի հարցում չի ստել, ասել է՝ «պայմանավորվածություն չի եղել»»,- ասել է Թրամփը Վիետնամ կատարած այցի ժամանակ:

Մայքլ Քոենը, որպես վկա՝ փետրվարի 27-ին ցուցմունքներ տալով կոնգրեսում, Թրամփին անվանել էր ռասիստ ու սրիկա: Նա ասել էր, որ Թրամփը Մոսկվայում երկնաքեր կառուցելու ծրագրերով էր զբաղվում նույնիսկ իր նախագահական ընտրարշավի ընթացքում, բայց նաև շեշտել էր, որ ուղղակի ապացույցներ չունի, թե Թրամփը կամ նրա ընկերության ներկայացուցիչները պայմանավորվածություններ են ձեռք բերել Մոսկվայի հետ:

«Ես նման ապացույցներ չունեմ,- ասել էր նա:- Ուզում եմ, որ դա հստակ լինի: Բայց ես կասկածներ ունեմ»:

Քոենը նաև նշել է, որ, չնայած Թրամփի բազմաթիվ հավաստիացումներին՝ նա նախապես տեղյակ է եղել, որ Մանհեթենում՝ Թրամփ-թաուերում, իր օգնականները հանդիպելու են ռուսաստանցի իրավաբանների հետ, որոնք խոստացել էին «կեղտոտ փաստեր» տրամադրել Հիլարի Քլինթոնի մասին:

Փոխանցում է BBC-ն:

 

 

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ քվեարկությունը տապալվել է’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ ԱԳ նախարարը պատմել է ԱՄՆ նախագահին առաջարկված գործարքի մասին’