‘«Ժառանգությունում» ենթադրում են, որ մահափորձ է եղել, իսկ էլ. հասցեն երկու օր անսարք էր’

1169

iLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ ոստիկանությունը մարտի 23-ին Ազատության հրապարակից բերման է ենթարկել 1961թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը «նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա  ուղղությամբ»:

Մինչդեռ ավելի վաղ՝ երկուշաբթի առավոտյան, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է մարտի 23-ին ոստիկանության անգործությունը՝ «հավանական մարդասպանին» չեզոքացնելու հարցում, եւ պահանջել է ոստիկանությունից «բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը»:

 iLur.am-ը հետաքրքրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից՝ ի՞նչ հիմքեր կան ենթադրելու, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ վազած քաղաքացին «հնարավոր մարդասպան է»: Արդյո՞ք նա զինված էր կամ սպառնալիքներ է հնչեցրել:

«Ամեն դեպքում՝ սա ենթադրություն է, վարկած է, մնացած մանրամասնությունները պետք է ոստիկանությունից ճշտել, որովհետև իրենք բերման են ենթարկել այդ անձնավորությանը:  Եթե ոստիկանությունը պնդում է, որ նման բան չկա, թող բացահայտի եղելությունը», — ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Ոստիկանության՝ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ բերման ենթարկված Ղազար Ղ.-ն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, նրա մոտ զենք չի հայտնաբերվել, իսկ մնացած մանրամասները քննությունը կպարզի:

Իսկ այն, որ միջադեպի մասին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հաղորդագրությունը լրատվամիջոցներում տարածվել է դեպքից երկու օր անց միայն, ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ տեխնիկական պատճառներ ունի:

«Մամուլի հաղորդագրությունը ավելի վաղ էր պատրաստ, պարզապես, էլեկտրոնային հասցեի անսարքության պատճառով տարածումն ուշացել է»,- պարզաբանեց «Ժառանգության» խոսնակը:

 

Նախորդ հոդվածը‘Լուչեսկուն «Շախտյորում» կաշխատի եւս երկու տարի’
Հաջորդ հոդվածը‘Խաղընկերները Բենզեմային միայնակ չեն թողնում’