‘Ժիրինովսկի. Ես կովկասցիներին տեղահանելու կոչ չեմ արել’

961

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե իր արտահայտությունները Հյուսիսային Կովկասի մասին ճիշտ չեն հասկացվել:

«Այն ամենն, ինչ ես ասել եմ, վերաբերում է միայն հանցագործներին բռնելու նպատակով իրականացվող օպերացիաներին: Բայց ես միշտ չէ, որ հասկացվում եմ, իսկ լրագրողները չափազանցնում են», — BBC-ի փոխանցմամբ, Պետդումայում հայտարարել է Ժիրինովսկին:

Մինչդեռ, Դումայի էթիկայի հանձնաժողովը  կարող է մեկ ամսով զրկել խոսքի իրավունքից ՌԼԴԿ առաջնորդին` Հյուսիսային Կովկասի մասին նրա արտահայտությունների պատճառով: Իսկ ազգությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Հաջիմետ Սաֆարալիեւը դիմել է դատախազություն` քննելու Ժիրինովսկու արտահայտությունների համապատասխանությունը օրենքին:

Ժիրինովսկու խոսքերով, նա նկատի չի ունեցել ժողովուրդների տեղահանությունը, այլ `հղում է արել համապատասխան օրենքին, որը թույլ է տալիս հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բնակչության մի մասին տեղափոխել այլ տարածքներ:  Ինչ վերաբերում է փշալարերին, ապա նա նկատի է ունեցել արգելապատնեշները: Պատգամավորը առաջարկել է նաեւ գրաքննել լրագրողներին` ազգային հարցերում «չափը չպահելու» համար:

Շաբաթներ առաջ «Մենամարտ» թոք-շոուի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել էր սահմանափակել Հյուսիսային Կովկասի բնակիչների ներքին միգրացիան, «Կովկասը փակել փշալարով», խոչընդոտել ծնելիության աճը եւ այլն: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5 տոկոսից իջեցրել է մինչև 8 տոկոս’
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Ավետիք Մեջլումյան. Պետությունը` գուցե չէ, բայց հայրենիքը ներում է’