‘Ի՞նչ է արվում «Նաիրիտի» խնդիրների կապակցությամբ. Նախարարի պարզաբանումը ԱԺ-ում’

1147

Ի՞նչ է արվել և ի՞նչ է արվում «Նաիրիտ» գործարանի խնդիրների կապակցությամբ՝ այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս հարցին անդրադարձավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Խոսելով գործարանի վերագործարկման մասին՝ նախարարը նշեց, որ Համաշխարհային բանկի կողմից կատարվում է տեխնիկական աուդիտ, որի գնահատականների, առաջարկությունների և եզրակացությունների հիման վրա  Կառավարությունը որոշում կկայացնի «Նաիրիտի» հետագա ճակատագրի վերաբերյալ:
Անդրադառնալով բաժնետոմսերի հարցին՝ Զախարյանը հաստատեց, որ կան պայմանագրային պարտավորվածություններ «Ռայնովիլ» ընկերության կողմից՝ կատարել համապատասխան ներդրումներ, որոնց չկատարելու դեպքում բաժնետոմսերը անցնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
«Հարցը նրանում է, որ բաժնետոմսերը գրավադրված են միջպետական բանկում»,- ասաց Զախարյանը՝ նշելով, որ հարցը կլուծվի, եթե արագ կերպով այդ բաժնետոմսերը հանեն գրավից: Համապատասխան աշխատանքները տարվում են, վստահեցրեց նախարարը՝ հույս հայտնելով, որ մոտակա ամիսների ընթացքում նրանց կհաջողվի լուծել այդ խնդիրը: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, արձագանքելով նախարարի պատասխանին, նշեց, որ գրավի իրավունքը որևէ ձևով չի սահմանափակում սեփականության տնօրինման, օգտագործման ազատությունը:
Անդրադառնալով աշխատավարձերի մարման խնդրին՝ Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ գործարանի կոլեկտիվի հետ երկու օր առաջ ունեցած հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ փետրվար ամսին ևս մեկ ամսվա աշխատավարձի պարտք վճարելու վերաբերյալ: Աշխատավարձերի պարտքի հիմնական մասը, ինչպես հայտնի է, պետք է գոյանա վերագործարկումից հետո ոչ պիտանի գույքի վաճառքից ստացված գումարներով, ինչի մասին ևս մեկ անգամ խոսեց նախարարը՝ շեշտելով , թե «հետագա վերագործարկման ժամանակ պիտանի գույքը երբեք աճուրդի կամ վաճառքի չի հանվի»:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձը» ‘
Հաջորդ հոդվածը‘Չինացի տղան կտրել է ձեռքը՝ ինտերնետ-կախվածությունից ազատվելու համար’