‘Ի՞նչ է եղել Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցում. Մանրամասներ (asparez.am)’

2001

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը եղել է Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցում, որտեղ հուլիսի 19-ին` երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում իրականացվել է հարձակում եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Բարսեղյանը մանրամասներ է հաղորդում միջադեպից.

Երեկ՝ հուլիսի 19-ի ետկեսօրին, մոտավորապես ժամը 16-ին Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցու հարակից փողոցում հոգևորականներից մեկի կանգնեցրած ավտոմեքենայի պատճառով վեճ է ծագել հարևանությամբ ապրող կանանցից մեկի և եկեղեցու ծառայողներից մեկի միջև։ Տիկինն իր մեքենայով փորձել է անցնել եկեղեցու կողքով սակայն համարելով, թե մեքենայի և եկեղեցու միջև ընկած տարածքը շատ նեղ է, որպեսզի ինքը կարողանա անցնել, սկսել է աղմկել։ Եկեղեցու աշխատակիցները փորձել են հուշել և օգնել, որ կինը մեքենայով անցնի, սակայն ապարդյուն, վերջինս զանգով երկու տղամարդու է կանչել օգնության, որոնք սկսել են վիճել եկեղեցու աշխատակիցների հետ։ Ապա մեքենայով մոտեցել են ևս երկուսը, որոնցից մեկը մեքենայից դագանակ է հանել և հարձակվել եկեղեցու աշխատակիցների վրա։ Աղմուկ-աղաղակի վրա եկեղեցուց ելած հոգևորականներին ու սպասավորներին հաջողվել է հանդարտել վեճը և բոլորը հեռացել են։

Մի քանի ժամ անց, մոտավորապես ժամը 18։30-ին, երբ եկեղեցում մկրտության արարողություն  է եղել, մոտավորապես 50-60 հոգի հավաքվել են Սբ.Էջմիածին եկեղեցու մոտ, դուրս են կանչել եկեղեցու աշխատակիցներից մի քանիսին, ապա հարձակվել եկեղեցուն կից «Հայարտուն» կենտրոնի իրավաբան Լևոն Իսախանյանի վրա և սկսել ծեծել վերջինիս։ Ինչպես պատմում է Կենտրոնի լրատվության բաժնի պետ Սուսաննա Խաչատրյանը, մի քանիսը, համեմատաբար լավ հագուկապով, կանգնած են եղել ավելի հեռվում, ցուցումներ են տվել, իսկ մյուսները՝ հիմնականում շշերով, նշտարներով, դագանակներով և պտուտակահաններով զինված, հարձակվել են իրավաբանի և եկեղեցու մի քանի աշխատակիցների վրա.-Երկու անգամ Լևոն Իսախանյանին գցել են գետնին, հարվածներ են հասցրել են նաև Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին։ Հրոսակախումբը շշեր է նետել եկեղեցականների և այստեղ հավաքվածների վրա, շշերից մեկից մարմնական վնասվածք էր ստացել կենտրոնի նկարահանող օպերատորը։

Լևոն Իսախանյանը, որը չկամեցավ լուսանկարվել, նույնպես մարմնական վնասվածքներ ուներ, մատներն ուռած էին։

Այդ աղաղակի ժամանակ վրա հասած կենտրոնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը, տեսնելով, որ չի կարողանում դադարեցնել կռիվը, իր մոտ օրինական կերպով պահվող զենքից օդ է կրակել, ինչից հետո ամբոխը ցրվել է։

Ըստ Սուսաննա Խաչատրյանի, եկեղեցու բակում և դրան հարող նեղլիկ փողոցում տեղի ունեցած կռիվն ամբողջությամբ տեսագրվել է եկեղեցու մի քանի տեսախցիկներով և իրենք արդեն հասցրել են դրանք ուսումնասիրել, որտեղ երևում են բոլոր մասնակցիները։

Ոստիկանության ժամանման պահին հարձակվողներից որևէ մեկը տարածքում չի եղել, բայց, ինչպես պատմում են եկեղեցու աշխատակիցները, չեն կարող ասել, թե ոստիկանությունը դիտավորյալ է ուշացել։

Կենտրոնի աշխատակիցները բացատրեցին, որ Հավլաբարի՝ եկեղեցուն հարող այդ թաղամասից դեպի մայրուղի դուրս ելնող երկու նեղ փողոց կա, որոնցով հեշտությամբ իրար կողքով կարող են անցնել երկու ավտոմեքենա, եկեղեցու հոգևորականների և աշխատակիցների մեքենաները որպես կանոն կայանում են այդ փողոցներում, բայց փողոցները չեն փակում, և շատերը իրենց մեքենաներով ազատորեն անցնում-դառնում են նրանց կողքով, այնինչ այս միջադեպի տիկինը վարորդական վարպետության պակասի պատճառով անցնել չկարողանալով այդ խաչմերուկներով, ինչպիսիք բազմաթիվ են Թբիլիսիում և Հավլաբարում, մի քանի անգամ նախկինում էլ են վեճեր սարքել։ Այս անգամ նորից, չհամարձակվելով անցնել մեքենայի և եկեղեցու արանքով, անմիջապես զանգել է իր մերձավորներին, որից հետո են նրան մոտեցել եկեղեցու աշխատակիցները։

Այն տեղեկությունները, թե հոգևորականը մեքենան ինչ-որ մեկի դռան առաջն է կանգնեցրել՝ փակելով վերջինիս մուտքը, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։

Կիրակի, ժամը 14-ին եկեղեցու բակում և կենտրոնում մոտ հարյուր հոգի կար հավաքված, որոնցից մի քանիսը նշեցին, որ լրջորեն կարծում են, թե այսօրինակ վեճերն ու կռիվները հրահրվում են Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից։ Բոլորի խոսակցության թեման երեկվա ծեծկռտուքն էր։

Ավելի վաղ, 2013 թվականի օգոսոտոսի 19-ին էլ երկու վրացի երիտասարդ եկեղեցում խուլիգանական և վանդալիստական արարքներ էին կատարել, պատռելով գրքերից մեկի էջը։

Նախորդ հոդվածը‘Հայաստանը հայտնվել է Օրհուսի կոնվենցիայի նույն դրույթները պարբերաբար ձախողած երկրների շարքում’
Հաջորդ հոդվածը‘Սև ծովի և Կասպից ծովի համագործակցության և գործընկերության միջազգային հիմնադրամը ԿԽՄԿ-ին ուղերձ է հղել ադրբեջանցի դիվերսանտների վերաբերյալ ‘