‘Իբր՝ գրախոսական ակնարկ. Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա»-ն վերադառնում է’

6219

«Հայոց արծիվների ճամփեն փուշ է»…

Հայ գրականության պատմությունը հաճախ ոչ այնքան բուն արվեստի, որքան վաղաժամ ու ողբերգական կորուստների, ազգային եւ քաղաքական հալածանքների, ցարական, օսմանական, սովետական գրաքննության եւ արգելքների, չգրված կամ կիսատ մնացած, անտիպ կամ ուշացմամբ հրապարակված երկերի պատմություն է:

Ու այս ամենի վրայից էլ աղ ու բիբար տեղական սնոբների գավառական կեցվածքը, որոնք դպրոցական ծրագրով նախատեսված մի երկու լղարիկ հատոր կարդալուց հետո, թե բա՝ «ա՜խ, մենք հո չունենք մեծն ռուսական կամ մեծն ֆրանսիական» ստեղծագործությունների համարժեքը, կամ ավելի կոպիտ ու ավելի պարզ՝ «զզվում եմ արմյանսկի լիծեռատուրայից»:

Չէ, չեմ ուզում խղճահարություն առաջացնելով՝ ստիպել կարդալ: Ոչ էլ նույնիսկ ինչ-որ բան եմ ուզում ապացուցել: Ֆրանսիական, ռուսական, անգլիական, գերմանական ռազմուժը, քաղաքական ազդեցությունը, տնտեսական հզորությունը թող միշտ պաշտպան կանգնեն այդ ազգերի գրականության եւ «լիծեռատուրաների» փառքին, պատվին ու ազդեցությանը եւ տարածողը լինեն դրանց:

Հայ գրականություն ստեղծելու համար պետք է մի քիչ այլ խմորից լինել, մի քիչ մոլություն, մի քիչ ֆիդայություն՝ պապենական հրացանը ձեռներին անմարդաբնակ վայրերում թափառող, եւ մեկը հարյուրի դեմ կռվելու պատրաստ, փառքից մեծ փառք փնտրող, սիրող ու ատող հայդուկ: Ու ես սիրում եմ այդպիսի հոգիներին, որոնք պատրաստ են իրենք իրենց կյանքը «բարդացնելով»՝ մի քիչ ավելիի ձգտել, քան հեշտ փառքն է: Հայերեն վեպ գրել… Գուցե ավելի լավ է՝ հին աքքադերե՞ն:

Հայկական վեպի վիպական դրաման

Հայկական վեպի ճակատագիրը հատկապե՛ս «կծու» է եղել: Հազիվ մի 30 տարի՝ 1880-ականներից մինչեւ 1910-ականները՝ քիչ թե շատ կանոնավոր, հարմարավետ կյանք ունեցավ, գոնե ժամանակին տպվեց, կարդացվեց, գնահատվեց: Ցայսօր էլ քիչ թե շատ մարսվածն այդ շրջանի արտադրանքն է: Սրանից հետո սկսվում է նոր «Վերք Հայաստանի»-ն (հեղինակի մահից հետո պատահականորեն գտած եւ հրապարակված վեպի նախատիպը մեզանում): Որ մեր լավագույնները 20-րդ դարի առաջին կեսին՝ մեծամասամբ 40-ին էլ չհասած սպանվում են, ու այսօր կարդում ենք մեծամասամբ 20-30 տարեկան պատանիների եւ երիտասարդների գործերը, դեռ հարցի մի կողմն է: Հարցի ավելի էական կողմն է տվյալ դեպքում՝ անտիպը, անավարտը, կորածը, ուշացածը, արգելվածը:

Թվեմ միայն մի քանիսը, որոնք առաջինն են միտքս գալիս: Ավետիք Իսահակյանը դեռ 1910-ականներից աշխատեց «Ուստա Կարո» վեպի վրա, որն այդպես էլ վերջնական տեսքի չհասավ ու չհրապարակվեց մինչեւ… 2000-ականները (հրապարակվել է առաջին տարբերակը, իսկ հետագա վերամշակումները մնացել են սեւագիր): Պատճառը պարզ է՝ հեղինակը ստիպված էր ընտրություն կատարել ստեղծագործական ազատության եւ սովետական համեմատաբար կուշտ ու ապահով կյանքի միջեւ (արտասահմանում այդպիսի կյանքի հնարավորություն նա չուներ): Ընտրեց երկրորդը՝ իր վեպի համար կանխատեսելի հետեւանքներով: Մահարու «Այրված այգեստանները» հրապարակվեց 1960-ականներին, բայց անտանելիորեն այլանդակված՝ ենթարկված այս անգամ ոչ միայն սովետական, այլեւ կեղծ հայրենասիրական գրաքննության: Հեղինակային իսկական տարբերակին պետք եղավ սպասել կրկին մինչեւ 2000-ականները: Բակունցի գործերը կիսատ մնացին: Եվ այսպես շարունակ. ես խոսում եմ լավագույնների մասին (Մահարու վեպը լավագույն գործերից է, որը գրվել է նոր ժամանակներում՝ հայերեն): Տաղանդավորներից ավելի բախտավորները հրապարակեցին իրենց գործերն, ինչպես՝ Դաշտենցն իր «Ռանչպարների կանչը», բայց ներքին գրաքննության կիրառման գնով: Նույնիսկ Հրանտ Մաթեւոսյանի վեպը ցայսօր անտիպ է: Մյուսները տպվեցին սփյուռքում, բայց Հայաստանում դրանց մասին կամ չիմացան, կամ իմացան ուշացմամբ եւ աղավաղված: Օշականի: Շուշանյանի կամ Շահնուրի վեպերը հազիվ թե շատերն այսօր էլ մեզանում կարդացած լինեն: Այդ էլ ասեմ, որ թե՛ սովետական, թե՛ սփյուռքյան հրատարակությունները հիմնականում անորակ են ամեն տեսակետից՝ վատ ծանոթագրված, վատ մեկնաբանված, վատ արդարմամբ (դիզայնով):

Ռուս գեներալի «ախպար» որդին

Կոստան Զարյանը այս երկու՝ սովետահայ եւ սփյուռքահայ խմբերի սահմանին է: Ծնունդով եւ աշխարհընկալմամբ տիպիկ արեւելահայ (ռուս գեներալի որդի, հայերենն ուշ տարիքում սովորած, ռուսերենի լայնարձակ տափաստանները լքած ու հայկական բառի ու գրի չոլ լեռներում կամավոր ֆիդայության մեկնած), կենսագրությամբ նա դարձավ «սփյուռքահայ» եւ ազդվեց արեւմտահայ իրականությունից: Երկու անգամ՝ 1920-ականներին եւ 1960-ականներին վերադարձավ Հայաստան, եւ երկու անգամն էլ իր տեղը, մեծ հաշվով, չգտավ այստեղ: Ինչ-որ տեղ այդպես էլ խորթ ու անհասկանալի մնաց երկուսին էլ՝ արեւելահայերին եւ արեւմտահայերին:

«Նավը լեռան վրա» վեպը, որը նրա ստեղծագործության գագաթն է՝ արժանացավ նույն երկդիմի ճակատագրին: Տպագրվեց Բոսթոնում 1943-ին, բայց անհասանելի մնաց բուն երկրում, որի մասին եւ որի համար գրվել էր: 20 տարի անց՝ 1963-ին տպվեց Երեւանում, բայց կանխատեսելի աղավաղումներով եւ այլանդակություններով՝ առանց հեղինակի կարծիքը հաշվի առնելու: Եվ ահա վերջապես՝ 2015-ին վերադառնում է Հայաստան առաջին անգամ հեղինակային, չաղճատված տարբերակով, շնորհիվ «Փրինտինֆոյի» հերթական շքեղ ու արժեքավոր հրատարակության: 2015-ին…

Գեղարվեստական գինեգործություն

Թող չթվա, որ սա զուտ ժամանակագրական խնդիր է: Գրական ստեղծագործությունը ոչ թե պարզապես իր ժամանակի ծնունդ է, այլեւ յուրահատուկ իմաստով կենդանի օրգանիզմ, որը պետք է լույս աշխարհ գա կոնկրետ ժամանակում, որպեսզի մասը դառնա մշակութային արժեքների եւ ազդեցության շղթայի: Ստեղծագործության արժեքը ոչ միայն ինքն իր մեջ է, այլեւ բարդ կապերի, համագործակցության եւ փոխազդեցության այլ՝ նախկին, ներկա եւ ապագա արժեքների, հասարակական հարաբերությունների, քաղաքական իրավիճակների, սերունդների գիտակցության, ժամանակի ոգու եւ մթնոլորտի հետ: Կա, իհարկե, զուտ գեղագիտական արժեքը, կա «արվեստն արվեստի համար»-ը, բայց եթե Հոմերոսի «Իլիականը» կամ Լեոնարդոյի «Մոնա Լիզան» անհայտ մնային դարերի ընթացքում եւ հայտնի դառնային, ասենք, 2016-ի հունվարի 14-ին, նրանք հաստատ ա՛յն արժեքն ու ա՛յն ազդեցությունը չէին ունենա, ինչ ունեցել են եւ ունեն, եթե չասենք՝ կվերածվեին պարզապես կուրյոզի: Պարզ է, որ այսօր, եթե մեկը փորձի գրել Հոմերոսի ոճով եւ աշխարհայացքով, նա ծիծաղելի կլինի, բայց դա չի խանգարում, որ Հոմերոսն այսօր համարվի մեծագույն արժեք ու ակունք արեւմտյան քաղաքակրթության՝ շնորհիվ այն բազմակողմանի փոխհարաբերությունների եւ ազդեցությունների, որ ունեցել է հազարամյակների ընթացքում:

Կոստան Զարյանի վեպը, ինչպես եւ հայ հեղինակների մյուս երկերը, որոնք հիշատակեցինք, իհարկե այնքան չուշացան, որ վերածվեն բացարձակ կուրյոզի, բայց ուշացան այնքա՛ն, որ առանց վարանելու կարող ենք նրանց ճակատագիրն անվանել ողբերգական: Դրանք այլեւս երբեք չեն ունենա այն ազդեցությունը, այն լիարժեք կյանքն ու այն նշանակությունը, որ պետք է ունենային: Իսկ ինչ որ կունենան, չի լինելու լիովին այն, ինչի համար նախատեսված են եղել:

«Գեղարվեստական երկի կյանք» դարձվածքը քնարական, կամայական փոխաբերություն չէ: Իհարկե, երկը, բառիս բուն իմաստով՝ կենդանի օրգանիզմ չէ, բայց նա ստուգապես ունի իր «կյանքը»: Լիարժեքորեն բացվելու համար ստեղծագործությունը պետք է մարսվի մի քանի սերունդների կողմից, անցնելով ընկալման եւ մեկնաբանման տարբեր փուլեր՝ գինու պես հասունանալով, իր տարբեր կողմերը տարբեր ժամանակերում բացահայտելով, տարբեր շրջաններում տարբեր ձգտումների եւ շարժումների խորհրդանիշ՝ դրոշ եւ հակադրոշ դառնալով, ժամանակավոր մաշվելով եւ մոռացվելով՝ նորից հիշվելու եւ արդիական դառնալու համար: Հապաղումը, ուշացումը, իր ժամանակին հասարակության սեփականությունը չդառնալը լուրջ սպառնալիքներ են այս փուլերի բնականոն ընթացքի համար, իսկ որոշ դեպքերում՝ երեխան կարող է պարզապես մահացած ծնվել:

Բացի այս ամենից, կա նաեւ ոչ միայն ազգային, այլեւ մեծ համաշխարհային ժամանակաշրջանի խնդիրը: Չվարանեմ ասել, որ մեծ գրականության դարն անցել է, ու այլեւս անհայտ է, թե երբ վերադառնա: Պայմանական ասած՝ այսօր ոչ ոք, նույնիսկ լավագույն վեպը կարդալուց հետո, հեղափոխական կազմակերպություն չի ստեղծի՝ աշխարհն արմատապես փոխելու նպատակով: Սա ոչ լավ է, ոչ էլ վատ, պարզապես մի ժամանակաշրջան է ու նրա ոգին: Անցած երկու դարերի գեղարվեստական գրականությունն արդեն պատմության կամ գեղագիտության համար է եւ ոչ՝ անմիջական գործողության: Բայց ժամանակները փոփոխական են, ու ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը. իրական արժեքները, միեւնույն է, մի օր գործելու են եւ նույնիսկ «կրակելու են»:

Լեռներ դարձած հին ծովի մասին

Չեմ պնդում որ «Նավը Լեռան վրա»-ն մեռելածին երեխա է լինելու: Նույնիսկ վստահ եմ, որ բարդությունները հաղթահարելով՝ ի վերջո գտնելու է իր ճիշտ տեղը հայկական ավանդույթում, բայց այն, որ դրա ուշացած հայտնությամբ մենք հաստատապես եւ գուցե անդառնալիորեն կորցրել ենք բաներ, որոնց մասին, թերեւս, երբեք չիմանանք էլ՝ նույնպես փաստ է:

Բուն վեպը նույնիսկ թռուցիկ վերլուծելու նպատակ չունեմ՝ անլուրջ կլիներ նման բազմաշերտ երկի ներկայացման հավակնություն ունենալը երկու-երեք էջի սահմաններում: Բայց Զարյանի այս գործը հաստատ վրիպած չէ, եւ արդեն իր անվանման մեջ մի խորհրդավոր եւ «թույլ» կետի է խփում: Իրար հետ համադրված Նավը եւ Լեռն անլուծելի երկվություն են ստեղծում: Ի՞նչ է Նավը լեռան վրա՝

անհնարինության, ուրեմն եւ՝ ճակատագրականի ակնարկ,

գերմարդկային ճիգ, ուրեմն եւ՝ պայքարի խորհրդանիշ,

հակասություն, ուրեմն եւ՝ պատմություն (բառիս երկու իմաստով էլ՝ պատմության հիմքը հակասությունների ծավալումն է),

Նոյան Տապանը Մասսի վրա, ուրեմն եւ՝ համամարդկայինի ու միաժամանակ ազգայինի խորհրդանիշ,

Ծովի եւ Ցամաքի հակադրություն, ուրեմն եւ՝ մեծ քաղաքականություն,

Եւ, ի վերջո, սա նաեւ շրջված հեգնանք է՝ «անգլիական նավերի» եւ «հայկական լեռների» մասին:

Վեպի նյութը Հայաստանի անկախության առաջին տարիներն են, եւ նպատակը՝ անկախության քաղաքական գաղափարի գեղարվեստական համարժեքի ստեղծումը: Եվ դա էլ հենց արդեն տրված է վեպի անվանման մեջ: Կոնկրետացնելով նախորդ կետերը.

անհնարինությունը եւ գերմարդկային ճիգը՝ Հայաստանի անկախությունն է,

Նոյան Տապանը հայկական լեգենդար ակունքներն են եւ միաժամանակ ազգայինի կապը համամարդկայինի հետ,

Լեռան ու Նավի՝ Ցամաքի եւ Ծովի՝ վերջին 200 տարվա մեջ Ռուսաստանի եւ Անգլիայի աշխարհաքաղաքական պայքարն է, որի սուր անկյունում ծնվում է 20-րդ դարի Հայոց անկախությունը,

Լեռան՝ Արարատի եւ Ծովի՝ Կիլիկիայի հակադրությունների միջեւ տարածված հայոց պատմությունն է,

երկրում մնացող ժողովրդի՝ Լեռան եւ աշխարհով մեկ սփռված հայության՝ Նավի «քարտեզն է»,

նույնիսկ Հայկական Լեռնաշխարհի երկրաբանական պատմությունն է. ինչպես եւ բոլոր լեռնային երկրները, մեր Լեռնաշխարհը նույնպես հնագույն ծովի հատակից է գոյացել եւ դեռ շարունակում է գոյանալ՝ պարբերաբար կրկնվող երկրաշարժերը հիշեցում են ծովից ցամաքի վերածման ընթացքի անավարտության մասին:

Հաջող անվանումը գործի կեսն է՝ նույնիսկ սովորական հոդված գրելուց, եւ ի՞նչ ավելի հաջող անուն կարելի էր գտնել Հայաստանին նվիրված վեպի համար:

Բայց ինչպես բարդ է նավը բարձրացնել Լեռան վրա, այնպես էլ բարդ էին անկախ Հայաստանին նվիրված, թերեւս, միակ մեծ գեղարվեստական ստեղծագործության ճամփորդությունն ու մուտքը Հայաստան: Տեսնենք, թե ինչ է կանխագուշակում այդ մուտքը…

Հ.Գ. Երկու խոսք էլ հրատարակության մասին: Առիթից օգտվելով՝ չեմ կարող չասել այն, ինչ վաղուց մտքումս պահում էի: «Սարգիս Խաչենց» հրատարակչության գոյությունն իսկական արժեք է վերջին 20 տարվա Հայաստանում եւ Հայաստանի համար: Հրատարակելով թե՛ մոռացության մատնված հայ հեղինակների գործերը, թե՛ արժեքավոր թարգմանություններն օտար լեզուներից, նրանք հիմնարար գործ են անում՝ հանուն իրապես անկախ Հայաստանի (անկախության հիմքը, նախ, մտքի ոլորտում է): Զարյանի վեպը տպվել է այս հրատարակչության հարեւնման մյուս գործերի նման՝ ծավալուն առաջաբան, անհրաժեշտ ծանոթագրություններ, որակյալ թուղթ եւ ճաշակով արդարում: Մի ֆիդայություն էլ սա է մեր նվնվացող, բայց իրականությունը փոխելու հարցում թուլակամ մեր ժամանակներում:

Հրանտ

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի 7 քաղաքում 5 ամսում 170 խաղաղ բնակիչ է զոհվել, 59 անգամ պարետային ժամ է հայտարարվել. Ermenihaber’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Խոջոյանի խոշտանգման գործը’