‘Իմ ոտքերն էլ ամպոտ են, սիրելի սրբեր’

1919

Թերևս մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե պնդեմ, որ բացառիկ դեպքերում կարող է մարդը հրաժարվել թեթև կաշառք տալուց՝ խիստ տույժի դիմաց, անձամբ իմ մեջ էլ մարդը երբեմն հաղթում է քաղաքացուն, մանավանդ՝ երբ տույժի չափը կարող է էական ազդեցություն  գործել իմ կյանքի և կենսապայմանների վրա: Օրինակի հետևից հեռու գնալ պետք չէ. ձեռ է տալիս երեք հազար վճարել պետավտոտեսուչին, քան երեսուն հազար տուգանվել: Այլ օրինակ՝ նույն ՈՍ համակարգից. աշխատակիցներին փոխադրող վարորդների աշխատավարձը հիսուն հազարի սահմաններում է, միևնույն ժամանակ՝ ավտոմեքենայի ծախսերը հոգում են իրենք վարորդները: Իհարկե, գոյություն ունի սպասարկման ծառայություն, բայց մտեք պահեստ, և կհասկանաք՝ որը որից հետո է. այդ մարդկանց տալիս են բենզին՝ ավտոմեքենայի համար, իրենք էլ գազ են լցնում, իսկ տնտեսած գումարն էլ, որ կազմում է ամսական մի ութսուն հազար դրամ, գողանում են: Լուծումները համակարգային են՝ ես չեմ էլ փորձի կաշառքով ազատվել պետավտոտեսուչից, եթե տույժի չափը կարգով չտարբերվի ենթադրվող կաշառքի չափից, դա բյուջեի մուտքերի վրա չի ազդի, քանի որ երկու մեծ տուգանքի թուղթ ներկայացնելու փոխարեն պետավտոտեսուչը տասը փոքր տուգանք կներկայացնի: Վարորդն էլ չի գողանա, եթե իր աշխատավարձը լինի հարյուր երեսուն հազար, և իրեն գազ տրամադրեն ու պահեստամասեր, ինչը բյուջեի վրա գումարային ծախս չի ավելացնի:
Կփոխվի այլ բան. նախ՝ կսահմանափակվեն իրենց գրպանները հոսող «լևի» փողի ճանապարհները, և կպակասի կառավարող էլիտայի համար էական մի լծակ, ո՛չ պետավտոտեսուչի, ո՛չ էլ, հատկապես՝ վարորդի պոչը չի լինի իր վերադասի տակ, իհարկե, պաշտոնեական դիրքի հեղինակությունը կշարունակի ճնշել, բայց գողի և կաշառակերի խարանը չի լինի: Այս երկու օրինակները բերեցի՝ ներկայացնելու համար իշխանական բուրգի՝ «կզցնելու» և իր կամքը թելադրելու մեխանիզմներից մեկը, որը հիմնականում կիրառվում է պետական կառավարման մարմինների աշխատակիցների նկատմամբ:
Պետական կառավարման մարմինների աշխատակիցների բարեկեցության և պաշտպանվածության մասին խոսելիս մեր քաղաքացիների մեծամասնությունը միանգամից ջղային դեմք է ընդունում և պատրաստվում հարձակման: Արդարացի դժգոհությունը տարիների փորձառության արդյունք է, հասկանալի է, բայց մենք, ինչպես և այլ հարցերում, չենք փորձում հասկանալ մեզ մատուցվող ծառայության որակի ցածր լինելու պատճառները: Նախ՝ փորձենք տարանջատել պետական ծառայողին պետական ծառայողից. կոպիտ բաժանման դեպքում՝ պետական ծառայողները կամ անմիջական են ծառայություն մատուցում ՀՀ քաղաքացիներին՝ քաղաքականություն իրականացնողներ, կամ միջնորդավորված են ծառայություն մատուցում ՀՀ քաղաքացիներին՝ քաղաքականություն մշակողներ: Քաղաքականություն իրականացնողների հետ են կապված հիմնական կոռուպցիոն ռիսկերը, և այստեղ պատահական մարդիկ շատ հազվադեպ են հայտնվում: Քաղաքականություն մշակողները հիմնականում ինտելեկտուալ աշխատանք իրականացնողներն են և աշխատավարձի հույսին ապրողները, եթե, իհարկե, չունեն ընտանեկան բիզնես, կամ էլ աշխատանքը տնից դուրս գալու, ընկերուհիների հետ մի բաժակ կոֆե խմելու համար չէ: Ես երեք մեծ խմբի եմ բաժանել քաղաքականություն մշակողներին՝ նվիրյալներ՝այն աշխատակիցները, ովքեր ունեն համապատասխան պրոֆեսիոնալ որակներ, երկար տարիների փորձառություն, հասել են միջին պաշտոնեական դիրքի՝ առավելագույնը՝ վարչության պետ, ստանում են, վարչության պետի դեպքում՝ մոտ 130.000 դրամ, նորեկներ՝ երիտասարդները, ովքեր առույգ են, նախաձեռնող, ունեն նոր մտահաղացումներ, բայց անփորձ են, ստանում են մոտ 60.000 դրամ, և աշխատաշուկայում անմրցունակ աշխատուժ /մեծամասնություն/, ստանում է մոտ 60.000 — 130.000 դրամ: Նորեկները ժամանակի ընթացքում կա՛մ վերածվում են նվիրյալների, կա՛մ դառնում են աշխատաշուկայում անմրցունակ, կա՛մ էլ դուրս են գալիս համակարգից: Ի՞նչ եք կարծում, լուրջ մասնագետը, ով ընտանիք պահելու խնդիր ունի, կհամաձայնի՞ այսպիսի աշխատավարձի: Սա էլ բերում է մատուցած ծառայության անկման, իսկ եթե գումարում ենք լավ ախպոր աղջկան մաքուր, օֆիսային և սոցիալական ստատուս ապահովող գործի ընդունելու անհրաժեշտությունը, ամեն ինչ ավելի է բարդանում: Սրանով է պայմանավորված նաև պետական մարմիններում կանանց թվի նկատելի տոկոսային առավելությունը տղամարդկանց նկատմամբ, թող ներեն ֆեմինիստուհիները, բայց մեր իրականության մեջ տղամարդուն է վերապահված տունը ֆինանսապես ապահովելու գործառույթը:
Այսքան երկար գրեցի, որ վերջում կարողանամ ասել. անհրաժեշտ է բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը, որ հոգնածներին հնարավոր լինի փոխարինել իրենց գործի վարպետներով, որ պետական ծառայողի ուղեղը ազատ լինի օրահացը ապահովելու հարցերից, և նա կարողանա կենտրոնանալ իր կոնկրետ գործառույթի վրա: Բարձրացնել և պահանջել, թե չէ հոսունությունը պետական համակարգի միջին և ցածր օղակներում տարեկան հասնում է մինչև երեսուն տոկոսի, ինչն անթույլատրելի է, մանավանդ՝ որ դուրս են գալիս հիմնականում այն երիտասարդները, ովքեր պահանջված են:
Այստեղ կա մեկ առարկություն՝ բյուջեում փող չկա: Լավ, իսկ ի՞նչն է խանգարում Պետական Համակարգի արդյունավետ օպտիմալացմանը, չէ՞ որ ամեն փոքր հարցի համար կա խորհուրդ, խորհուրդին խորհուրդ տվող մարմին, խորհուրդին խորհուրդ տվող մարմնի վերահսկողություն կամ էլ էթիկայի հանձնաժողով: Կարծում եմ՝ չի արվում հերթական սոցիալական լարումը չստեղծելու համար: Հիմա մարդա մի կտոր հաց տալիս՝ «յոլա» են տանում, ընտրության ժամանակ էլ վստահելի ընտրազանգված  ունեն: Բայց, ի վերջո, ճահիճը, գաղջ մթնոլորտից բացի՝ պարարտ հողն էլ է փչացնում, դրա ականատեսն ենք այսօր՝ ի դեպ:
Բարձր օղակի ղեկավարների՝ վարչապետ, նախարար, նախագահ, աշխատավարձերի մասին էլ էի ուզում գրել, հետո մտածեցի՝ մինչև սխալ քայլ անելիս մաման լացացնող մեխանիզմ չներդրվի, էդ մինչև 1.000 դոլար աշխատավարձն էլ է իրենց շատ: Մի հիշեցում՝ Սինգապուրի վարչապետի աշխատավարձը ամեն տարի վերահաշվարկվում է, և տրվում է աշխարհի մասշտաբով իրավաբանության, կառավարման կամ ֆինանսական սեկտորի ամենաբարձր վարձատրվող ղեկավարի աշխատավարձի համարժեքը:
Ուսուցիչների աշխատավարձը ոչ թե պետք է լինի դրույքը 90.000 դրամի սահմաններում (գոնե իմ ճանաչած ուսուցիչներից որևէ մեկը լրիվ դրույք չի աշխատում), այլ հավասարեցվի ամենաբարձր վարձատրվող քաղծառայողի աշխատավարձին: Սա ընդհանուր գրածի հետ կապ չուներ, ուղղակի ՆՇԵՑԻ:

Գեմաֆին Գասպարյան

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Բնական է, որ վարորդների աշխատավարձը չպետք է բարձրանար’
Հաջորդ հոդվածը‘Իրանական կողմը հաստատել է Ռուսաստանի նախագահի այցի մասին տեղեկությունը’