‘«Իյա –բամբարգիա»’

5183

Խորհրդային տարիներին շատ հայտնի ֆիլմաշար կար, որտեղ երեք նույն  կոմիկական դերասանների մասնակցությամբ տարբեր ֆիլմեր էին ստեղծվում, և ժողովրդի համար ուրախ տեսարաններ ներկայացվում… Այդ կերպարներին Հայաստանում անվանում էին ոչ թե ըստ իրենց անունների, ոչ էլ ըստ իրենց խաղացած դերերի, այլ ըստ իրենց խաղացած կերպարների` համապատասխանաբար՝ «Չաղ», «Ցանցառ», «Նիկուլին»…

Չեմ կարող ասել, թե Նիկուլինին ինչո՞ւ անուն չէին «կպցրել», բայց «Չաղն» ու «Ցանցառը» այնքան տարածված կերպարներ էին, որ թաղերում տղաները իրար այդպիսի մականուններ էին կպցնում: Նրանց, ովքեր գիրուկ էին, բնականաբար՝ անվանում էին «չաղ», նրանց, ովքեր դերասնական կամ «քեֆչիական» հակումներ ունեին, անվանում էին «նիկուլին», իսկ թաղում «ամենաջրիկներին» անվանում էին «ցանցառ»:

«Ցանցառները» թաղում ամենաանխոցելին էին թվում, քանի որ ամեն ինչ կարողանում էին քողարկել իրենց ցանցառության «իմիջի» մեջ, ու ինչ էլ լինում էր, ասում էին՝ դե ցանցառն է, էլի, իրենից ի՞նչ կարելի է սպասել:

Իրականում «չաղերն» ու «նիկուլիններն» ավելի խոցելի էին, քանի որ առաջինի դեպքում՝ որոշակիորեն ընդգծվում էր նրանց արտաքին «թերությունը», իսկ մյուսի դեպքում՝ նրանց ուղղակիորեն վիրավորում էին՝ «բառադի» անվանելով, ու դրան հետևում էին բազմաթիվ վեճեր ու «ռազբորկաներ»:

Իսկ ցանցառի դեպքում որևէ բացատրություն պետք չէր. «ցանցառը» ցանկացած հարցին  ուներ իր պատասխանը` «Յա, իրո՞ք»: 

Երբ թաղի «ցանցառին» ասում էին՝ արա, տնեցիք քեզ փող են տվել, որ գնաս տան համար հաց առնես, ցանցառը, ով վաղուց արդեն այդ փողը ծախսել էր արևածաղկի կամ ծխախոտի վրա, պտտվում ու բերանը մինչև ականջները բացած՝ պատասխանում էր. «Յա, իրո՞ք»:

Երբ կողքի թաղի տղաների հետ կռիվ արած էինք լինում ու, ինչպես միշտ, «ցանցառը» կռվի կեսից «թռած» էր լինում, ու երբ փորձում էինք նրան ամոթանք տալ, թե՝ պետք չէր թաղի տղաներին կռվի մեջ թողնել ու փախնել, քանի որ հակառակորդ կողմը կարող էր մտածել, թե մեր թաղի տղերքի մեջ պանիկա է ընկել, և իր փախնելը մեզ էլ էր գցում անհարմար վիճակի մեջ, ցանցառը կրկին ուներ իր պատասխանը. «Յա, իրո՞ք»:

Երբ թաղում անծանոթ տղաներ էին հայտնվում ու անմիջապես իմանում թաղի աղջիկների բնակության վայրն ու կենսագրական «այլ տվյալներ», ու երբ «ցանցառին» ասում էինք, որ պետք չէ ամեն ծանոթ-անծանոթի թաղի աղջիկների տվյալներն ասել, ցանացառը կրկին, բերանը մինչև ականջները բացած, տալիս էր նույն պատասխանը. «Յա, իրո՞ք»:

«Յա, իրոքը» ոչ միայն մեր թաղի ցանցառի, այլ նաև կողքի թաղերի ցանցառների պատասխանն էր իրենց թաղեցիներին, ու երբ մեզ էլ էր ինչ-որ բան պետք լինում իմանալ կողքի թաղերից, մենք էլ կողքի թաղերի ցանցառին էինք գտնում ու նրա միջոցով հարցներս լուծում:

Որոշ ժամանակ անց, իհարկե, ցանցառներին որևէ մեկն իր հետ որևէ  «կարևոր» տեղ չէր տանում, ու ոչ էլ որևէ նշանակալից բան էր վստահվում, սակայն ցանցառներին դա էլ էր քիչ հետաքրքրում, քանի որ թաղի «ցանցառներն» էին, ու որևէ մեկը նրանց լուրջ չէր ընդունում:

Միայն թաղի «չաղերն ու նիկուլիններն» էին իրենց խոցված զգում, որ լինելով ամեն ինչում ցանցառից «բարձր»՝ նրանք անընդհատ թաղում իրենց «դիրքը» դնելու համար կռվի ու պայքարի մեջ էին, իսկ «ցանցառն» իր անմեղսունակության իմիջով՝ «անխոցելի»:

Այդ իսկ պատճառով «չաղերն» ու «նիկուլինները» չէին սպասում ցանցառի ամեն անգամվա «Յա, իրոք» հարց-պատասխանին, այլ «Յա»-ից հետո անմիջապես ասում էին՝ «բամբարգիա», ու կտտոցով իջնում ցանցառի գլխին… Սակայն, ճիշտն ասած, «ցանցառին» այդ կտտոցն էլ շատ չէր մտահոգում…

Վիլեն Բաբայան

 

Նախորդ հոդվածը‘Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական Կարեն Կարապետյան. Լիովին համաձայն եմ փոքր ու միջին ձեռներեցների պահանջին’