‘Ինդոնեզիայում բանտ կկառուցեն կղզու վրա, որը կպահպանեն մարդակեր-կոկորդիլոսները’

1091

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են  կղզու վրա բանտ կառուցելու ծրագրի մասին, որը կպահպանեն սոված կոկորդիլոսները: Կալանավորները կլինեն բացառապես թմրանյութերի վաճառքի համար դատապարտվածները, հաղորդել է The Digital Journal-ը:

Ինդոնեզիայի ազգային հակաթմրանյութային գործակալության ղեկավար Բուդի Վասեզոն հայտարարել է, որ կոկորդիլոսներն ավելի հուսալի պահապաններ են, քան մարդիկ, քանի որ նրանց կաշառել հնարավոր չէ: Բացի այդ, նրա խոսքով՝ եթե կալանավորներից մեկին փախուստի փորձ անելիս կոկորդիլոսն ուտի, վերջինիս հնարավոր չի լինի դաժան վերաբերմունքի մեղադրանք ներկայացնել:

Ծրագիրն ուղարկվել է արդարադատության նախարարություն, իսկ մինչ այդ գործակալության աշխատակիցները մի կղզուց մյուսն են անցնում՝ փնտրելով ամենակատաղի կոկորդիլոսներին, որոնց կարելի է տեղավորել բանտի առափնյա ջրերում:

Չնայած դաժան օրենքներին՝ թմրանյութերը շատ տարածված են Ինդոնեզիայի կալանավայրերում, և դրանց առևտրով և գործածմամբ զբաղվելիս հաճախ բռնվում են ոչ միայն կալանավորները, այլև պահապանները: Ինդոնեզիայի կառավարությունն իրավիճակը գնահատում է «արտակարգ». երկրում հաշվվում է 4,2 մլն թմրամոլ կամ բնակչության 2 տոկոսը: Փոխանցում է interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Օբամայի լուսանկարը՝ ԼԳԲՏ-ամսագրի շապիկին’
Հաջորդ հոդվածը‘Կատարվում է քննություն՝ պարզելու համար Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները’