Ինչո՞ւ են հիշել Տեր-Պետրոսյանին, կամ` ի՞նչ է պետք խաղաղության օրակարգի համար

3143

Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքում գրում է.

«Երկու խմբեր ակնհայտ մանիպուլյատիվ հնարքներով փորձում են զուգահեռներ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանի հիրավի պատմական «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի ու Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հուսահատ ելույթների միջեւ։

✓ Առաջին խումբը` Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են:

Նրանց նպատակն ակնհայտ է` փորձում են քողարկել 2018-20 թթ.-ի իրենց արկածախնդրությունը, ինչի հետեւանքով չեղարկվեց արժանապատիվ խաղաղությանը հասնելու վերջին հնարավորությունը` ճանապարհ բացելով մահաբեր պատերազմի համար, ինչի հետեւանքով ունեցանք հազարավոր զոհեր, Հայաստանի ինքնիշխանության էական սահմանափակում ու Արցախի սուբեկտության գրեթե ամբողջական ոչնչացում։ Պատահական չէ, որ այսօր Հայաստանը խաղաղության գործընթացի գնում է թուլացած դիրքերից, առանց օրակարգի, ըստ էության` օտար օրակարգով, մնալով բացառապես միջազգային հանրության ողորմածությանը։

✓ Երկրորդ խումբը` Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են։

Նրանց նպատակը նույնպես ակնհայտ է` արդարացնել 1998-ի պետական հեղաշրջումը ու «գաղափարական» հիմքեր ստեղծել ԼՂ խնդրի շահարկմամբ` նոր հեղաշրջում կազմակերպելու համար։ Պատահական չէ, որ այս խումբը քաղաքական այլընտրանք չի առաջարկում ու գնում է 1998-ի սցենարը կրկնելու պրիմիտիվ ճանապարհով` փորձելով Արցախի իշխանություններին դարձնել Հայաստանի ներքաղաքական հակադրության կողմ։

✓ 1998-ի պետական հեղաշրջումը, Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից ու կարգավորման գործընթացի խեղաթյուրումը, 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, հայ- թուրքական դիալոգի տապալումը Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, 1998-2018 թթ.-ին` ԼՂ խնդրում որդեգրված ստատուս քվոն պահպանելու անհեռատես քաղաքականությունը (այն իրականում չէր պահպանվում․ Հայաստանի ու Ադրբեջանի զարգացման բալանսը փոխվում էր ի վնաս մեզ), 2018-2020 թթ.-ի «ոչմիթիզականությունը», որը նախորդ երկու տասնամյակի քաղաքականության շարունակությունն էր, 2016-ի Քառօրյա ու հատկապես` 2020-ի 44-օրյա մահաբեր պատերազմները էապես սահմանափակել են Հայաստանի սուվերենության ռեսուրսները, մանևրելու պոտենցիալը, հարեւանների հետ ավելի բարենպաստ պայմաններով խաղաղության հասնելու հնարավորությունները։ Դրա հիմնական պատասխանատուներն են` Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը։

Ամփոփում.

✓ Երկու խմբերն էլ անկեղծ չեն իրենց մղումներում և առաջնորդվում են իշխանությունը պահելու կամ իշխանությունը վերադարձնելու մոլուցքով

✓ Խաղաղության օրակարգը, մեծ հաշվով, այլընտրանք չունի, որովհետև, ինչպես նախկինում, այնպես էլ` հիմա, ժամանակը մեր օգտին չի աշխատում։

Բայց խաղաղությանն գործընթացում հաջողելու համար` անհրաժեշտ է.

— նոր որակի իշխանություն, որն ունակ է ձևակերպել Հայաստանի զարգացման տեսլականը` համաշխարհային զարգացման համատեքստում։

— խաղաղության օրակարգի շուրջ քաղաքական ու հանրային կոնսոլիդացիայի ապահովում։

— ԼՂ-ի ու նրա ժողովրդի համար միջազգային այնպիսի անվտանգային երաշխիքների ապահովում, որն առնվազն կերաշխավորի Արցախի ժողովրդի քաղաքական ինքնավարությունը, Արցախի հայկականությունը։

— գիտակցում, որ առանց ԼՂ խնդրի կարգավորման, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման` Հայաստանը երբեք չի կարող լինել իրապես ինքնիշխան երկիր»։

Նախորդ հոդվածըՍուրեն Սուրենյանց. Միակ «պարտվողականը», որ հաղթողի դիրքերից արժանապատիվ խաղաղության օրակարգ էր առաջարկում
Հաջորդ հոդվածըԵրկիրը դուրս պետք է բերենք Նիկոլ- Ռոբերտ/Սերժ կեղծ հակադրության ճահիճից