‘Ինչո՞ւ են ուշանում հրաժարականները’

2393

Վերջին մեկ ամսում տեղական և օտարերկրյա մամուլում հայտնված երկու-երեք  հրապարակումները ցանկացած երկրում բավարար հիմքեր կհանդիսանային աղմկոտ հրաժարականների, հանրային զգալի ցնցումների համար:

Հրապարակումներից առաջինը վերաբերում էր Սերժ Սարգսյանի ադրբեջանական անցյալի մասին: Ադրբեջանի համապատասխան հաստատությունում սովորելու փաստը, հրապարակված լուսանկարը և, այդ փաստերը նրա հետագա կենսագրությունից համառորեն ջնջելու մոտիվները, էական կասկածներ են հարուցում: Հիշեցնենք, որ դեռևս 2008-ից շրջանառության դրվեց այն վարկածը, որ Ս. Սարգսյանը Ադրբեջանի հատուկ ծառայությունում հայտնի է  «Նարիմանով» ծածկանունով:

Հաջորդ հրապարակումը վերաբերում էր ժամանակին ամենաառանցքային ընդդիմադիր խմբագրի համբավ ունեցող անձին, ով ժամանակին համարվում էր նույնիսկ քաղբանտարկյալ, սակայն, պարզվել էր, որ նա աշխատում է իշխանության տիրույթում, և շրջում է 3-4 թիկնապահական մեքենաներով: Նա, ով իր լրատվամիջոցով տարիներ շարունակ բարոյականության դասեր էր տալիս, այս կամ այն գործչին մեղադրում իշխանությանը ծախվելու մեջ, հանկարծ պարզվել էր, որ ընդամենը նույն իշխանության կամակատարն է ու նրա անվտանգությունը ապահովում են ոստիկանության մեքենաները: Այսինքն, պետությունը ֆինանսավորել էր լրատվական գործակալին` մեր հարկատուների հաշվին: Ի դեպ, երբ Facebook-ում հայտնվեցին նրա անվտանգությունը ապահովող մեքենաների լուսանկարները, և ապացույցներն անհերքելի դարձան, լուրեր տարածվեցին, որ նա ստիպված եղավ հեռանալ Հայաստանից:

Այստեղ ուշագրավ է նաև այլ հանգամանք: Դեռևս ամիսներ առաջ Հայ ազգային Կոնգրեսի հանրահավաքում բացահայտվել էր նրա գեբելսյան քարոզչամեքենայի առանցքային դեմք լինելու և, հանրապետության թիվ մեկ փեսա` Միշիկ Մինասյանի տիրույթում աշխատելու փաստը: Այնուհանդերձ, նա ժամանակ առ ժամանակ տպագրում էր նաեւ Ս. Սարգսյանին մարդկայնորեն վարկաբեկող նյութեր: Նույնիսկ այնպիսիք, որոնք ընդդիմադիր լրատվամիջոցները երբեք իենց թույլ չեն տալիս: Սա խոսում է մեկ բանի  մասին` իշխանության մեջ կան նկատելի տարաձայնություններ, թշնամանքի հասնող բևեռներ, և, որ Միշիկ Մինասյանը իր նպատակների համար հանգիստ կարող է նյութեր պատվիրել սեփական աներոջ դեմ:

Եվ վերջապես, երրորդ ամենաթարմ թեման վերաբերում է ԱԽՔ Ա. Բաղդասարյանի Վրաստանի Նախագահ Մ. Սահակաշվիլիին մատուցած նվերի և հայ ժողովրդի դեմ գործած հերթական դավաճանության փաստին: Վրացական սկզբնաղբյուրներից ծագած այս սկանդալն ունի մեկ լուծում` Ա.Բաղդասարյանի պաշտոնանկությունը, որից հետո նա` կամ  պետք է հայտարարի, որ գործել է Ս. Սարգսյանի ցուցումով, կամ կասի, որ դա բացառապես իր նախաձեռնությունն է եղել: Իսկ եթե  նա պաշտոնանկ չարվի, ապա որևէ կասկած չի մնա, որ ԱԽՔ-ը գործել է իր վերադասի ցուցումներով:

Ի դեպ. Ա. Բաղդասարյանը ունեցավ այնքան խոհեմություն, որ չհերքեց վրացական և հայկական մամուլում տեղ գտած հրապարակումները: Նա շատ լավ հասկանում է, որ հերքման դեպքում Սահակաշվիլիի Երևան այցի նախաշեմին կհրապարակվեն այս պատմության ավելի նոր մանրամասներ: Եվ էլ ավելի անհարմար դրության  մեջ կդնեն իրեն ու իր ղեկավարին:

 \"\"

Մուսա Բաբաջանյան 

Նախորդ հոդվածը‘Դամասկոսի հայաշատ թաղամասում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Սլավոլյուբ Մուսլին. Մենք հասկանում ենք, որ Մովսիսյանը ամբիցիաներ ունի’