‘Ինչո՞ւ Եվրոպայի քաղաքական վերնախավից որևէ մեկը չի հանդիպել Սերժ Սարգսյանին. «168 ժամ»’

1420

Այն դեպքում, երբ Դուբլինում էր գտնվում Եվրոպայի քաղաքական ողջ վերնախավը, եվրոպական գրեթե բոլոր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները, ԵՄ անդամ երկրների նախագահներն ու վարչապետերը, ինչո՞ւ նրանցից որևէ մեկը չի հանդիպել Ս. Սարգսյանին, ով ընդամենը մի քանի ամիս առաջ նույն եվրոպացի պաշտոնյաների կողմից արժանանում էր առանձնակի ընդունելության։ Այս մասին գրում է «168 ժամը» և մանրամասնում.

Ասել, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրոպան ընդհանրապես կորցրել է հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ, թերևս, շատ պարզունակ կհնչի և չի արտահայտի իրականությունը։ Հակառակը իրականում Հայաստանը, հատկապես՝ ուկրաինական իրադարձություններից հետո, Եվրոպայի համար շատ ավելի մեծ արժեք է ստացել։ Այդ դեպքում ինչո՞ւ եվրոպացի պաշտոնյաները չեն օգտագործել պատեհ առիթը և երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ չեն ունեցել Ս. Սարգսյանի հետ։

Ըստ ամենայնի, այն պատճառով, որ սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ի վերաբերյալ կարևոր հարցերը նրանք քննարկում են Ռուսաստանի հետ։ Իսկ ՌԴ-ի հետ հարաբերություններում, հիմա հասկանալի է՝ առանցքայինն Ուկրաինական հարցն է։

Ի դեպ, նույն միջոցառմանը ՀՀ-ից մասնակցել է նաև ԵԺԿ անդամ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Թե ում հետ է նա հանդիպել Դուբլինում, դժվար է ասել։ Սակայն «Ժառանգության» լրատվական ծառայությունը «մանր շուստրիություն» է արել և «հանդիպում» բառը փոխարինելով «զրուցել» ու «կարծիքներ է փոխանակել» եզրերով՝ հրապարակել է Ր. Հովհաննիսյանի «զրուցակիցների» մի ներկայանալի ցուցակ։ «Կոնգրեսի շրջանակներում Ր. Հովհաննիսյանը զրուցել է Եվրոպայի տարբեր երկրների պաշտոնյաների և պատվիրակների հետ, այդ թվում…»,– կարդում ենք «Ժառանգության» հաղորդագրությունում, որտեղ «այդ թվում»-ից հետո ներկայացվել են թվով 11 այնպիսի անուններ, ինչպիսիք են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյը, Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին և այլք։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘«Փուչիկ Կարենը» առաջիկայում կարող է նոր մականուն ունենալ՝ «Բիչոկ Կարեն». «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘«Անհապաղ պատասխանատվություն է պահանջում Ս. Օհանյանից և Յու. Խաչատուրովից»’