‘Ինչո՞ւ է ԵՊՀ-ն այդքան մանրացել. Մամուլ’

1666

Առավոտի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանին թույլ չեն տվել հանդիպելու Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ, իսկ երիտասարդ դասախոս Արարատ Միրզոյանին, որը պահանջում էր ռեկտորի օգնականի հրաժարականը, թույլ չտվեցին դասախոսություններ կարդալ Երևանի պետական համալսարանում: Այդ դեպքերը հավասարազոր չեն, որովհետև Ֆրանսիական համալսարանը մասնավոր հաստատություն է, արտասահմանյան մենեջմենթով, և ես դժվարանում եմ ասել, թե ինչպիսի չափանիշներով են նրանք առաջնորդվել` չթողնելով շնորհալի դերասանի մուտքը բուհ: Մինչդեռ Երևանի պետական համալսարանը ապրում է, գոյատևում է մեր` հարկատուներիս հաշվին, և պետք է ամբողջությամբ հաշվետու լինի հասարակությանը: Բայց հենց այդ բուհը չափազանց կարծրացած է դոգմատիկ «հանրապետականության» մեջ` ավելի շատ, քան մնացած բուհերը: Ասենք, Մանկավարժական համալսարանում, որտեղ ես դասավանդում եմ, «ռեկտորի քաղաքական վրեժխնդրության» դեպքերի մասին ես վերջին տարիներին չեմ լսել: Պետական համալսարանում, այսպես ասած` «Մայր բուհում», որը, կարծես թե, պետք է օրինակ լինի բոլոր մնացած բուհերի համար, գերիշխում է կաղապարված, «քառակուսի» մտածողությունը: Համալսարանական պատմաբանները դասագիրք են գրում, որում «Մարտի 1-ի» հարցում դրսևորվում են ավելի իշխանամետ, քան ինքը` իշխանությունը: Եվ այստեղ խոսք չի կարող լինել «ակադեմիական ազատության» մասին, որովհետև խոսքը ոչ թե պարզապես գրքի, այլ դասագրքի մասին է: Հենց ԵՊՀ-ում են, չգիտես ինչու, կենտրոնացած մեծ քանակությամբ կրծքանշան ունեցող «կոմսոմոլ» կարիերիստները, այդ թվում` ռեկտորի վերոհիշյալ օգնականը, որոնք, բացի կեղծ «նժդեհական» բանաձևեր արտաբերելուց, ոչ մի այլ բանի ընդունակ չեն: Ասել, որ այդ բուհը ինչ-որ առանձնահատուկ դոգմատիկ ավանդույթներ ունի, արդար չէր լինի: Կոմունիստների ժամանակ, այդ շրջանին հատուկ խիստ բացասական դրսևորումներով հանդերձ, ԵՊՀ-ում հնարավորություններ կային ազատ ստեղծագործական դրսևորումների համար: Կարող եմ դրա մասին վստահաբար ասել, որովհետև այդ բուհում տասնամյակներ շարունակ փիլիսոփայություն են դասավանդել իմ ծնողները: Նրանք չէին հակադրվում այդ ժամանակվա համակարգին, բայց իրենց հայացքներով չափազանց ազատական էին և զուրկ էին որևէ կարծրատիպերից: (Կարծում եմ` նրանց ուսանողները դա կհաստատեն): Բայց նույն ԵՊՀ-ում դասավանդում էին նաև մարդիկ, որոնք հակադրվում էին կոմունիստական ռեժիմին և հետապնդվում էին վերջինիս կողմից, օրինակ` Էդմոն Ավետյանը և ՌաՖայել Պապայանը: Ինչո՞ւ է, ուրեմն, Մայր բուհն այդքան խեղճացել ու, կարելի է ասել, մանրացել: Շատերն այստեղ ինչ-որ անձնական բացատրություններ են փնտրում: Կարծում եմ` խնդիրն ավելի խորն է, համակարգային է և գալիս է ԵՊՀ-ի վերջին 20 տարվա պատմությունից: Բայց դա աոանձին թեմա է»:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Մանուկյանի խնդրով զբաղվում է Վիկտոր Դալլաքյանը.Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ծառուկյանը մտադիր է գնել «Արմավիան». Մամուլ’