‘Ինչու Սերժ Սարգսյանը չի ուզում, որ սիրիահայերը գան Հայաստան ‘

1181

Չգիտենք` ովքեր են Սերժ Սարգսյանի ելույթների տեքստերը գրում, բայց կարող ենք փաստել, որ ընտրություններից առաջ խեղճերի գործն այնքան է շատացել, որ արդեն գրդոն են անում: Համենայնդեպս, արդեն տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ իրենց գրած տեքստերը երկրորդ անգամ չեն էլ կարդում: Գրում մեծ-մեծ տառատեսակով տալիս են Սերժ Սարգսյանին, վերջինս էլ առանց գլուխ հանելու տեքստի բովանդակությունից, կարդում է այն: Համենայնդեպս, այն, ինչ այսօր իր ելույթում ասաց Սարգսյանը, ավելին, քան խայտառակություն անվանել չի կարելի:

Այսօր Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Թեմական ներկայացուցչական ժողովին, որտեղ հանդես է եկել ժողովականներին ուղղված ողջույնի խոսքով: Ողջույնի խոսքում Սարգսյանը, ի թիվս այլ աշխարհացունց մտքերի, նաեւ, մեղմ ասած, խոսել է սիրիահայերի խնդրի մասին:

«Այսօր մեր ժողովրդի մի հատվածը՝ սիրիահայությունը, տագնապալի օրեր է ապրում: Սա պատմական փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Այստեղ անելիք ունեն բոլորը՝ և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ իհարկե Սփյուռքի մեր համայնքները: Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. մենք կոչ չենք անում մեր սիրիահայ եղբայրներին լքել Սիրիան: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձևավորված, ամուր ու կենսունակ համայնքներից է, և մենք հույս ունենք, որ գալու են խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է օգնեն նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Մյուս կողմից մենք ասում ենք, որ եթե մարդը, այնուամենայնիվ, որոշել է արտագաղթել Սիրիայից, ապա գերադասելի է, որ նա գա Հայաստան: Այս դեպքում ևս համայն հայությունը, այդ թվում և Հայաստանը, պետք է օգնեն նրան հաստատվելու և նոր արմատներ գցելու հայրենիքում»:

Փորձենք հասկանալ Սարգսյանի ամեն միտքն առանձին-առանձին:

 

Այսօր մեր ժողովրդի մի հատվածը՝ սիրիահայությունը, տագնապալի օրեր է ապրում: Սա պատմական փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Այստեղ անելիք ունեն բոլորը՝ և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ իհարկե Սփյուռքի մեր համայնքները:

Այսինքն, ասում է, այո, կա խնդիր, բայց դա միայն Հայաստան պետության խնդիրը չէ: Ասել է թե` Սարգսյանը փորձում է պատասխանատվությունն ուղղակի հանել իշխանությունների ուսերից:

 

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. մենք կոչ չենք անում մեր սիրիահայ եղբայրներին լքել Սիրիան: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձևավորված, ամուր ու կենսունակ համայնքներից է, և մենք հույս ունենք, որ գալու են խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է օգնեն նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը:

Այսինքն, սիրիահայեր ջան, մենք չենք ասում` եկեք Հայաստան: Այո, ձեր վիճակը ծանր է, այո, ձեզ այդտեղ վտանգ է սպառնում, այո, արդեն 40 սիրիահայ է սպանվել, այո, այդ թիվը կարող է գնալով ավելանալ, բայց սիրահայեր ջան, ձեր համայնքը ամենաամուր համայնքներից մեկն է, դիմացեք` մինչեւ Սիրիայում վիճակը կխաղաղվի: Որովհետեւ` ՀԱՄԱՅՆՔԸ ԶՈՐԱՎՈՐ Է: Այ, եթե մնաք այդտեղ, մենք ձեզ կփորձենք օգնել` բանկաներով ուտելիք կուղարկենք, հագուստ ու այլ պարագաներ: Բայց դրա համար մեզ էլ նախ պետք է օգնի համայն հայությունը, մենք գումարը հայությունից կվերցնենք, հետո եթե ատկատներից հետո տակը բան կմնա, ձեզ կօգնենք:

 

Մյուս կողմից մենք ասում ենք, որ եթե մարդը, այնուամենայնիվ, որոշել է արտագաղթել Սիրիայից, ապա գերադասելի է, որ նա գա Հայաստան: Այս դեպքում ևս համայն հայությունը, այդ թվում և Հայաստանը, պետք է օգնեն նրան հաստատվելու և նոր արմատներ գցելու հայրենիքում:

Այսինքն, բայց սիրահայեր ջան, եթե ամեն դեպքում ուզում եք լքել Սիրիան, ի՞նչ ասեմ, եկեք Հայաստան: Բայց: Բայց այդ դեպքում մենք հո չենք կարող մեր գումարներով ձեր հարցերը լուծել այստեղ` Հայաստանում: Հո Սաշիկը կամ Միշիկը, Լֆիկը կամ Նեմեցը, Քոչարյանը կամ Լիսկան իրենց գրպանից գումար չե՞ն տալու ձեզ համար, մարդիկ հազիվ մի երկու կոպեկ փող են կուտակել: Եթե որոշել եք գալ Հայաստան, ուրեմն, համայն հայությունը թող բարի լինի ձեր գալու, մնալու եւ մնացած այլ ծախսերը հոգա:

 

Եթե սրանք Սերժ Սարգսյանի մտքերն են, ապա այստեղ ոչ միայն նրա` ոչ լեգիտիմ նախագահ լինելու հարցն է առաջին պլան մղվում, այլ արդեն մարդկային, բարոյական կերպարի հարցը: Բարոյակա՞ն է արդյոք նման մտքեր արտաբերող մարդը: Անկասկած` ոչ:

Իսկ եթե սա ելույթ գրողի մտքերն են, իսկ Սարգսյանն էլ չհասկանալով է այդ ամենն արտաբերել, այսինքն, մարդը տառերը կարդացել է, բայց դրանց իմաստը չի հասկանում, ապա այս պարագայում Սահմանադրությունը լավագույնս տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչ պետք է անել նման նախագահի հետ:

ՀՀ Սահմանադրություն, Հոդված 59. «Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը կառավարության առաջարկով և սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին»:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Նիգերիայում սպանվել են մարդկանց առեւանգող խմբավորման 14 անդամներ’
Հաջորդ հոդվածը‘Մայր Աթոռում ելույթ ունենալիս Սերժ Սարգսյանը մատները «խա՞չ է անում» ‘