‘Ինչպե՞ս էր ՀՀԿ-ն գույքագրել տառաճանաչներին ու հարբած փղերի մատյան գունդը ‘

2600

ԱԺ ներկայացված եւ քվեարկության դրված կառավարության ծրագիրը՝ դեմ ստացած ձայների քանակով, ծանր կացության մեջ դրեց իշխանություններին՝ Տիգրան եւ Սերժ Սարգսյաններով եւ մնացած մանր-մունր արբանյակներով հանդերձ: Չնայած այն բանին, որ իշխանությունը ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ գործի դրեց քիչ թե շատ կարդալ կամ գրել իմացող բոլոր գործիքները եւ անգամ ուրախների ու հնարամիտների ակումբի շկոլան լավ սերտած Աշոտյանին ու նույնիսկ՝ Խոսրով Հարությունյանին: Ով կարող էր մի երկու խոսք արտաբերել ԱԺ ամբիոնից, նրանց գինը այս օրերին իշխանական կուլիսներում կտրուկ աճել էր, որովհետեւ մի մեսիջ կար, որ սարգսյանենք պետք է հասցնեին հանրությանը՝ այն է, թե ընդդիմությունն այլեւս զրոյացել է, եւ «վիզ» այդ մեսիջը հանրությանը հասցնողներ էին պետք: 
Ու քանի որ գիտենք, թե իշխանության խոսքին հանրությունը ինչպես է վերաբերվում (մեղմ ասած՝ քամահրանքով, իսկ ավելի կոնկրետ՝ լավագույն դեպքում կարող է «ղժժալ» այդ խոսքի վրա), հետեւաբար, իշխանությունները որոշեցին մեկ այլ քարոզչական հնարք կիրառել. նույն միտքը պետք է կրկնեին մի քանի հոգի: Բայց ինչպես Չեռնոմիրդինն էր ասում՝ хотели как лучше, получилось как всегда: Ցանկանում էին նացիստական Գերմանիայի քարոզչահայր Յոզեֆ Պաուլ Գեբելսի հնարքն օգտագործել, այն է՝ եթե սուտը կրկնում ես պարբերաբար ու մի քանի անգամ (ընդ որում՝ սուտը պետք է հնարավորինս ահասարսուռ լինի), ապա այն սկսում են ընկալել որպես ճշմարտություն:

Բայց հանրությունը փորձ ունի արդեն, եւ ամենակարեւորը՝ իմունիտետ: Հանրությունն անցել է քարոզչական բոլոր փուլերը՝ հանրությունը հասկացել է, որ երբ իշխանությունը իրեն չի կարողանում խաբել գալուստսահակյաններով ու արտաշեսգեղամյաններով, գործի են դրվում արմենաշոտյաններն ու էդուարդշարմազանովները: Երբ նիզակակիրներին օգնության հասած ձիավորները եւս հավատ չեն ներշնչում, իշխանությունը մարտի դաշտ է բաց թողնում հրացանավորներին՝ ժելեոտած մազերով երիտկարիերիստներին: Երբ հրապարակային խոսքում տապալվում են նաեւ վերջիններս, իշխանությունները մարտի վիրտուալ դաշտ են բաց թողնում հարբած փղերի մատյան գունդը: Բայց դա արդեն այլ պատմություն է, իսկ մենք դառնանք մեր ոչխարներին:
ԱԺ պատերը, որոնք երկար տարիներ ՀՀԿ-ականների հատուկենտ խոսքեր էին միայն լսել, այժմ երեւի զարմանքից կարող են ճաքեր տալ կամ՝ գուցե ամոթից կարմրել: ՀՀԿ-ականները սկսել են խոսել: Ու էլի այդ ամենում «չար» ընդդիմությունն է մեղավոր, թե չէ՝ իրենց համար հանգիստ ու «լոկշ լռված էին» խորհրդարանի նիստերի դահլիճում ու բուֆետներում: Իսկ հիմա ստիպված են իրենց շարքերում գույքագրում իրականացնել: Տառաճանաչությունը խրախուսվում է: Ու գտան մի քանի հոգու, ու՝ գնացին ելույթները՝ «ընդդիմությունը զրոյացել է»: Մեկը ելույթ ունեցավ՝ դեռ ոչինչ: Բայց 15 ելույթ նույն բանի մասի՞ն: 15 ելո՞ւյթ: Ուրեմն, «հասարակության մեծամասնության վստահությունը վայելող» ՀՀԿ-ն իր ողջ տառաճանաչ ներուժը գույքագրել ու ԱԺ ամբիոն էր ուղարկել միայն այն բանի համար, որ մարդկանց 15 անգամ ասի, որ ընդդիմությունը զրոյացե՞լ է: Ի դեպ, զրոների մասին: ՀՀԿ-ականները երեւի տեղյակ չեն, կամ՝ նրանցից քիչ թե շատ տեղյակներն արդեն մոռացել են, բայց հիշեցնենք ամեն դեպքում, որ Հայաստանում քաղաքական զարգացումների վրա ազդեցության առումով հարյուրավոր զրոյական արժեք ունեցող կամ զրոյացած ուժեր կան. դիցուք՝ իրենց իսկ խմբակցությունում գտնվող Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանությունը», կամ՝ նույն իրենց խմբակցության մեկ այլ անդամ՝ Խոսրով Հարությունյանի՝ ՀՔԴՄ-ն: Էլ ո՛րն ասենք, ո՛րը թողնենք:
Բայց հանրապետականները, չգիտես ինչու, մոռացել են այդ ուժերի գոյության մասին: Նրանց սիրտը ընդդիմություն է ուզում, եւ հատկապես ՝ Հայ ազգային կոնգրես: Մի հարցնող լիներ՝ զրոյացած ուժից ի՞նչ եք ուզում, տղերք: Զրոյացած ուժ է, իր համար թող լինի, էլի՛, քաղաքական դաշտում: Զրոյացած ուժը ձեզ ի՞նչ պիտի անի: Ինչի՞ եք էդպես նյարդայնանում: Տղերք, կարո՞ղ ա պատահի՝ անհանգստանում եք, կարո՞ղ ա պատահի՝ մի բան գիտեք՝ չեք ասում: Տղերք, կարո՞ղ ա պատահի՝ սկսել եք արդեն «զրո»-ներից վախենալ: Փաստորեն, կարող ենք ասել՝ երանի այն զրոներին, որոնք կարող են այդ աստիճան անհանգստացնել «հասարակության մեծամասնության վստահությունը վայելող» եւ ինչքան ուզող՝ էնքան խփող ՀՀԿ-ականներին:

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Մեսրոպատառ հայերենը՝ դիվանագիտական լեզու’
Հաջորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. Սպասում եմ Վիլիանի վերադարձին’