‘Մեսրոպատառ հայերենը՝ դիվանագիտական լեզու’

1603

Հայկական դիվանագիտական գրագրության համար գոյություն ունի մեկ օբյեկտիվ դժվարություն: Դարեր շարունակ չունենալով պետականություն և դիվանագիտական հարաբերություններ, մենք, բնականաբար, զրկված ենք եղել գրագրության համապատասխան մշակույթ և ավանդույթներ ձեռք բերելու հնարավորությունից, չենք ստեղծել դիվանագիտական-քաղաքական օպտիմալ լեզու ու բառաֆոնդ: 

Եվրոպական լեզուները և ռուսերենը միանգամայն զգայուն են փոխառությունների և նեոլոգիզմների (նորաբանություն) նկատմամբ: Անգլերենի քաղաքական բառապաշարի 60%-ը վերցված է ֆրանսերենից: Ռուսերենը հետ չի մնում անգլերենից և ավելի շատ փոխառություններ ունի ֆրանսերենից, մի փոքր էլ՝ գերմաներենից: Այն, որ ռուսերենը խիստ հակված է օտար բառեր փոխառելուն, վկայում է թեկուզ այն փաստը, որ ունի «а»-վ սկսվող ընդամենը 3 բառ. «азбука», «аз», «авось»: Սակայն դրանից ռուսերենն ամենևին չի դադարում լինել աշխարհի հարուստ, գեղեցիկ և ճկուն լեզուներից մեկը: 

Հայերենն, այս հարցում, որքան ես եմ հասկանում, որոշ չափով պահպանողական է, ինչպես և արաբերենը: Մյուս կողմից` ժամանակակից քաղաքական տերմինների և արտահայտությունների հայերեն թարգմանությունները միշտ չէ, որ համարժեք են դրանց միջազգային իմաստներին: 

Օրինակ, ռազմավարությունը և մարտավարությունը, ըստ իս, այնքան էլ չեն համապատասխանում ստրատեգիային և տակտիկային, առարկայականը և ենթակայականը` օբյեկտիվին և սուբյեկտիվին, լավագույնը` օպտիմալին, տեղեկությունը` ինֆորմացիային, գործընթացը` պրոցեսին, տեսակետը` ասպեկտին, խորքայինը` գլոբալիզացիային, ամբոխահաճությունը` պոպուլիզմին, ծավալապաշտությունը` էքսպանսիային, օրինականը` լեգիտիմին, խարիսխը` բազային, բարեփոխումը` ռեֆորմին, կնիք-մակագիրը` գրիֆին և այլն, և այլն: 

Երբ գտնվում է օտար բառի ճիշտ թարգմանությունը և համարժեքը, այն, բնականաբար, դառնում է մերը, իսկ արհեստածինը մնում է խորթ և աղավաղում է տեքստի իմաստը, հակասում նրա քաղաքական ու դիվանագիտական տրամաբանությանը: Քաղաքական տեքստը, եթե անգամ գրված է ընտիր և մաքուր հայերենով, միշտ չէ, որ ընկալելի և անթերի է պրոֆեսիոնալ առումով: Անհնար է այսօր ծավալվող իրադարձությունների մասին խոսել կամ գրել մեր նախապապերի ժամանակավրեպ` արխայիկ լեզվով: 

Այդ իսկ պատճառով, արտգործնախարարության ներքին գրագրության, ինչպես նաև ԶԼՄ-ներում միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ներկա լեզուն վերանայման կարիք ունի: Սա, կրկնում եմ, զուտ իմ անձնական կարծիքն է, որի հետ կարելի է համաձանել կամ ոչ: Ասածս ամենևին նպատակ չի հետապնդում օրինակելի դիվանագիտական գրագրության ձևավորման համար ելնել զուտ օտար լեզուների հնարավորություններից` նսեմացնելով հայերենի արժանիքները: 

Ընդհակառակը, հարկ է, եթե կուզեք, ստեղծել հայկական դիվանագիտական լեզուն, հղկել և կատարելագործել այն: Դա միանգամայն հնարավոր խնդիր է` նկատի ունենալով մեր լեզվի ներուժը: Հա՞րկ է արդյոք նշել, որ այն հզոր է, շատ հզոր, հնդեվրոպական լեզվաընտանիքում ունի իր առանձին տեղը, աշխարհի ամենահարուստ լեզուներից է: 

Իհարկե, պետք է օգտվել նաև օտար լեզուների հնարավորություններից և փոխառություններից: Այդուհանդերձ, հայկական դիվանագիտական լեզվի ապագան թաքնված է ինքն իր մեջ, և գերագնահատել օտար լեզուների դերն այդ գործընթացում, սխալ է և անհեռանկար: Այս ենթատեքստում կցանկանայի հակիրճ անդրադառնալ արհեստածին, թերևս քաղաքական որոգայթներ պարունակող կամպանիային` կապված հանրապետությունում օտար լեզուների դպրոցներ բանալու գաղափարի հետ, ինչը վերջերս փոթորկում էր հայ հասարակական միտքը: 

Դա վտանգաշատ ձեռնարկ է, ավելի քան վտանգավոր հեռանկարներով: Կառանձնացնեմ ընդամենը երեք եզրահանգում, որոնք բացարձակապես անընդունելի են դարձնում տխրահռչակ ծրագիրը. 

1. Նախ հարկ է, որ մեր ժողովուրդը լավ տիրապետի մայրենի լեզվին, որը և կօգնի օտար միջավայրում (այս դեպքում Հայաստանում) ռուսերենի, անգլերենի կամ այլ լեզուների ուսուցմանը: Այնպես որ, կրթության նախարարությունն իր սուրբ գործը պետք է համարի հայկական դպրոցների ամրապնդումը և հետո նոր, դրանց պատերից ներս` օտար լեզուների դասավանդումը: 

Այս մեթոդոլոգիան ընդունված է և գործում է ողջ աշխարհում: Եթե կրթության կազմակերպիչները ցանկանում են ունենալ օտար լեզուների տիրապետող, կրթված և զարգացած քաղաքացիներ, ճիշտ կլիներ մտածեին բիլինգվիստներ` երկու լեզվով մտածողներ անգամ պոլիլիգվիստներ` մի քանի լեզով մտածողներ պատրաստելու ուղղությամբ: Հայերենի հարուստ հնարավորությունները (քերականություն, հնչյունաբանություն, շարահուսություն, ձևաբանություն և այլն), ավելացրած 21-րդ դարի գլոբալիզացիայի ընձեռած միջոցները, միանգամայն իրական են դարձնում նման ուսուցումը: 

Եթե վերոհիշյալ ծրագրի նախաձեռնողները գնային այս ճանապարհով, ազգովի շնորհակալ կլինեինք նրանց: 

2. Եթե օտարալեզու ուսուցման ջատագովներից մեկնումեկը հույսեր է փայփայում, թե նման դպրոցները կնպաստեն նաև հայկական դիվանագիտության վերելքին, պետք է նրան հիասթափեցնեմ: Անցնող 20 տարում ՀՀ ԱԳՆ-ում և նրա արտասահմանյան ներկայացուցչություններում եղել են դիվանագետներ, որոնք լավ տիրապետել են անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, բայց գրեթե չեն իմացել կամ վատ են իմացել մայրենի լեզուն: Նրանց օգտակար գործողության գործակիցը եղել է «O»: 
Այստեղից` բարոյական խրատ. դիվանագետը նախ պետք է իմանա իր մոր լեզուն և իմանա կատարելապես: 

3. Եվ վերջինը: Հիշենք հանրահայտ մի ճշմարտություն. մայրենի լեզուն բացարձակ արժեք է, լեզվամտածողությունը` պետականության դոմինինատ: Կորցրեցինք հայերենը, կկորցնենք` Հայաստանը: 

                                         

Արման Նավասարդյան, արտակարգ եւ լիազոր դեսպան

Diplomat.am

Նախորդ հոդվածը‘7 համայնքներում «լռության օր» է’
Հաջորդ հոդվածը‘Ինչպե՞ս էր ՀՀԿ-ն գույքագրել տառաճանաչներին ու հարբած փղերի մատյան գունդը ‘