‘Ինչպե՞ս լափել միլիոն. Մամուլ’

1783

ՀՀԿ-ականները կրկին գործի են դրել հին ձայնասկավառակը՝ միաբերան կրկնելով, թե Երևանի ավագանա ընտրություններում մյուս ուժերի միջև պայքարն ընթանալու է 2-րդ տեղի համար, քանի որ առաջին տեղը, միևնույն է, զբաղեցնելու է ՀՀԿ-ն և չի հանձնելու Երևանը:

«Ժողովուրդը» նկատում է, որ նման հայտարարություններով ՀՀԿ-ն անուղղակի խոստովանում է՝ այս ընտրություններում ևս իշխանությունները գործի են դնելու ընտրակեղծիքի իրենց մեխանիզմը՝ իրենց համար ցանկալի ցուցանիշ ապահովելու համար: Այլապես անհասկանալի է, թե ինչպես կարող են իշխանությունները նման վստահությամբ խոսել ընտրությունների արդյունքների մասին, երբ մի կողմից Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու են ոչ կոալիցիոն երեք հիմնական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Բացի այդ, նախագահական ընտրություններում իշխանությունները «փառահեղ» պարտություն կրեցին, անգամ մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանի հայրենի Ավանում Սերժ Սարգսյանը, նույնիսկ պաշտոնական տվյալներով պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ինչպե՞ս լափել միլիոն

Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսում բառեր չէր խնայել՝ գովելու համար քաղաքապետի իրենց թեկնածուին՝ Տարոն Մարգարյանին: «Ես չեմ տեսել մի դեպք, երբ Տարոն Մարգարյանը սուտ խոսի, անազնիվ որևէ քայլ նրա կողմից չեմ տեսել»,- ասել էր նա՝ հավելելով, որ Մարգարյանը երբեք չի հղփացել, թիկնապահների մեծ շքախմբով չի շրջել և այլն, և այլն: Սակայն 2012թ. բյուջետային ծախսերի պաշտոնական տվյալները հակառակի մասին են ապացուցում: Մենք ներկայացնենք այդ փաստերը, և թող ընթերցողը որոշի՝ Տ. Մարգարյանի կողմից անազնիվ որևէ քայլ եղել է, թե ոչ, կամ նա երբևէ հղփացել է, թե ոչ:

Եվ այսպես. Երևանի համայնքային բյուջեից 73 մլն դրամ, այսինքն՝ մոտ 180 հազար դոլար է հատկացվել մայրաքաղաքում դրոշների տեղադրման համար: Գործուղումների և շրջագայությունների համար հատկացվել է 81 մլն 760 հազար դրամ ավելի քան 201 հազար դոլար: Թափառող կենդանիների վնասազերծման համար էլ հատկացվել է 220 մլն դրամ 543 հազար դոլար: Իսկ շենքերի գեղարվեստական լուսավորման համար նախորդ տարի քաղաքապետարանը ծախսել է 34 մլն 630 հազար դրամ: Թե այդ գումարի քանի տոկոսն է ծառայել իր բուն նպատակներին, իսկ քանի տոկոսը՝«ատկատով» գնացել համապատասխան մարդկանց գրպանները, մնում է ենթադրել: Մանավանդ որ շատ «ոլորտներում» այդքան գումար ծախսելուց հետո առանձնապես փոփոխություններ չեն էլ նկատվում:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Թունավորման դեպք Երևանում’