‘Ինչպես էր թմրաբիզնեսի եւ սպանության մեջ ներգրավված ամերիկահայը բարձրացնում Սերժ Սարգսյանի վարկանիշը. CivilNet’

2197

«Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ. դուք չեք հավատա հոլիվուդյան պրոդյուսերների խելացնոր անցյալին». այս վերնագրով Los Angeles Weekly պարբերականը հունվարի 2-ին հետաքննական հոդված է հրապարակել, որտեղ շոշափվում է նաև Սերժ Սարգսյանի անունը: CivilNet-ի փոխանցմամբ, Ստեփան Մարտիրոսյան անունով հոլիվուդյան  մի պրոդյուսեր, որը ԱՄՆ-ում շուրջ երեսուն տարի ներգրավված է եղել անօրինական տարբեր գործարքներում, այդ թվում՝ թմրանյութերի առևտրում և Մոսկվայում մի սպանություն պատվիրելու մեջ, 2006-ին գումար է հատկացրել ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, երբ վերջինս դեռ Հայաստանի պաշտպանության նախարարն էր: 2006-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու յոթ ամսվա ծառայությունների համար Մարտիրոսյանը վերոնշյալ ընկերությանը պարտավորվել է վճարել 535 000 դոլար: 

Los Angeles Weekly-ի հոդվածի թարգմանությունից մի հատված, CivilNet-ի թարգմանությամբ, ներկայացնում ենք ստորեւ.

 

«Հայաստանում, ինչպես Ռուսաստանում, բիզնեսի և քաղաքականության աշխարհները միահյուսված են: Հաջողությունը զգալի չափով կախված է ազդեցիկ մարդկանց հետ բարեկամական հարաբերություններից:

Տասնամյակներ շարունակ Գրիգորյանցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի,- որը 1990-ականների սկզբին հայտնի դարձավ որպես հայկական զինված ուժերի հրամանատար ղարաբաղյան պատերազմի ընթացքում,- լավ ընկերն է եղել: Հրադադարից հետո Սարգսյանը դարձավ երկրի պաշտպանության նախարար:

2006-ին Մարտիրոսյանը վարձում է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սարգսյանի վարկանիշն արտերկրում: ԱՄՆ-ի Պետքարտուղարություն ներկայացված` Արտասահմանյան գործակալների գրանցման մասին օրենքի հիման վրա կազմված պայմանագրում թվարկված են նպատակները՝ «ներկայացնել Հայաստանը որպես անվտանգ և կայուն պետություն» ներդրումների համար և իրականացնել «իրազեկման և հեղինակության բարձրացման երկարաժամկետ ծրագիր՝ ի շահ նախարար Սարգսյանի»: «Մենք կարծում ենք, որ Սերժ Սարգսյանը շատ ամերիկամետ անձնավորություն է,- ասում է Մարտիրոսյանը: -Մենք կարծում ենք` ճիշտ կլինի օգնել նրան ամերիկյան նոու-հաուի հարցում»:

Սարգսյանը Հայաստանի նախագահ ընտրվեց 2008-ին: Թեև նա Ամերիկայի վստահելի դաշնակից էր, ԱՄՆ-ի կառավարությունը մտահոգություն հայտնեց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նրա վերաբերմունքի կապակցությամբ: Ընտրությունները մռայլվել էին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներով, որի հետևանքով զոհվել էր տասը մարդ, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների հետագա հետապնդումներով` ցույցեր կազմակերպելու համար: 2009-ին ԱՄՆ կառավարությունը, ելնելով իր մտահոգություններից, դադարեցրեց Հայաստանում գյուղական ճանապարհների համար իր օգնությունը:

Ինչ վերաբերում է նախագահի օլիգարխ ընկերոջը` Գրիգորյանցին, ապա նա ձգտում էր շատ չերևալ Հայաստանում և Ռուսաստանում: Նա որոշակի մեդիա ուշադրության էր արժանացել Մոսկվայի հայկական նոր եկեղեցու ֆինանսավորման համար, սակայն մնացած հարցերում նրա անունը հազվադեպ է հիշատակվում: Նրա ամենամեծ տարաձայնությունը կապված է «Ուկրպրոմբանկի» (որի սեփականատերն էր ինքը) սնանկացման հետ: Ուկրաինան խիստ տուժել էր գլոբալ ճգնաժամից, իսկ «Ուկրպրոմբանկն» ուներ վարկերի վատ կառավարման խնդիր»:

Ողջ հոդվածը

Նախորդ հոդվածը‘ՔԿՀ-ներում կալանավորված անձանց թիվն ավելի մեծ է, քան քնելատեղերը ‘
Հաջորդ հոդվածը‘Քննիչին ու դատախազը չեն ներկայացել Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին ‘