‘ՔԿՀ-ներում կալանավորված անձանց թիվն ավելի մեծ է, քան քնելատեղերը ‘

1120

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում պատմել է տարբեր ՔԿՀ-ներ իր այցելության մասին.

«Այսօր այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված 13 անձանց, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի հետ:

Այս գործով կալանավորված անձանցից չհաջողվեց հանդիպել-զրուցել միայն Անուշավան Գրիգորյանի հետ, ով «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարության պարզաբանումների համաձայն, տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց՝ դատահոգեբուժական փորձաքննության:

Շանթ Հարությունյանը հյուծված էր երկարատև հացադուլից հետո և գտնվում է կազդուրման փուլում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվողների ճնշող մեծամասնությունը պահվում է գերբեռնված խցերում, որտեղ կալանավորված անձանց թիվն ավելի մեծ է, քան քնելատեղերը:

Լիպարիտ Պետրոսյանն ու Ալբերտ Մարգարյանն ունեն բժշկական հետազոտության կարիք:

Քննչական մարմինը ձերբակալության օրն առգրավվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդան Վարդանյանի ակնոցները, և ի հեճուկս խնդրանքների՝ մինչև օրս չի վերադարձրել: Ի հեճուկս իր դիմումի՝ մինչև օրս Վարդան Վարդանյանին պաշտպան չի տրամադրվել:

Նշենք նաև, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ նոյեմբերի 14-ի հայտարարել էր. «…վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ Քրեակատարողական հիմնարկում գերծանրաբեռնվածություն չկա: 4 հազար 300 մահճակալ կա, էս պահին 4 հազար դատապարտյալ և կալանավորված կա…»:

Նախորդ հոդվածը‘Թևան Պողոսյանը հերքում է պաշտոն ստանալու մասին լուրը’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես էր թմրաբիզնեսի եւ սպանության մեջ ներգրավված ամերիկահայը բարձրացնում Սերժ Սարգսյանի վարկանիշը. CivilNet’