‘Ինչ են քննարկել ԵԱՀԿ գործող նախագահն ու Բակո Սահակյանը’

969

Երևանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն են քննարկել տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Հանդիպման ավարտից հետո ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը լրագրողներին հաղորդել է, որ հանդիպման ընթացքում ղարաբաղյան կողմը վերստին ընդգծել է Ստեփանակերտի մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափը վերականգնելու անհրաժեշտությունը` որպես խնդրի կարգավորման ճանապարհին իրական առաջընթացի հասնելու գրավական:

«Մենք խոսել ենք այն մասին, որ Ղարաբաղը պատրստ է ամեն ինչ անել` շփման գծում լարվածությունը  վերացնելու համար` դա համարելով բանակցությունների առաջընթացի կարևորագույն պայման: Համենայն դեպս` կողմերի միջև փոխվստահություն ստեղծելու համար, ինչը կարևոր պայման է բանակցությունների առաջընթացի համար», — ասել է Ղարաբաղի ԱԳն ղեկավարը:

Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Աստանայում արած  հայտարարությանը, թե` Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի առանց Ղարաբաղի, ինչը մեծ հակազդեցություն է հարուցել հայ հասարակության շրջանում, Կարեն Միրզոյանը հայտարարել է. «Սահմանում մաքսակետ չի լինի»: Նա նաեւ հավելել է, որ 1991 թվականին Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը և մինչ օրս գործում է որպես անկախ պետություն: Եվ ղարաբաղյան հարցի կարգավորումը Ղարաբաղի միջազգային ճանաչման հասնելն է:

Նախորդ հոդվածը‘Հ.Աբրահամյանը Լարսի հարցով զանգել է ՌԴ տրանսպորտի նախարարին ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտինը պատրաստ է Նորմանդիայում շփվել Պոռոշենկոյի հետ ‘