Ինչ էր ասում Փաշինյանը ղարաբաղյան խնդրի մասին ընդդիմադիր եղած տարիներին, նախքան պատերազմն ու դրանից հետո, ինչ՝ այսօր. «Ազատություն»

396

Եթե նախորդ 25 տարիներին Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված լիներ, վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, հնարավոր կլիներ խուսափել 44-օրյա պատերազմից։ Իսկ ինչպե՞ս կարող էր հարցը լուծվել. քննիչ հանձնաժողով հրավիրված Փաշինյանն այսօր ասաց՝ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների ողջ ընթացքում միջազգային հանրության կողմից ճանաչվել է Ադրբեջանի մաս, մինչ Հայաստանի պաշտոնյաները հրապարակային խոսույթում պնդել են՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Որպես ասվածի ապացույց՝ Փաշինյանը մեջբերեց 1993-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որտեղ կարճ ձևակերպում էր՝ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի ռեգիոն էր ճանաչվում», արձանագրվում էր «Ադրբեջանի 7 շրջանների գրավումը հայկական ուժերի կողմից» ու այնտեղից զորքերի անհապաղ դուրսբերման պահանջ էր դրվում։

Դրանից 3 տարի անց՝ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում, ԵԱՀԿ գործող նախագահողի հայտարարությունն էլ, ըստ Փաշինյանի, այն մասին էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այս ամենը ներկայացնելիս Փաշինյանը հիշեց հրաժարականից առաջ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում է 6 հոգի՝ Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի նախկին արտգործխնախարարներ Ալեքսանդր Արզումանյանն ու Վարդան Օսկանյանը, առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն ու ինքը՝ Տեր-Պետրոսյանը։

«Իսկ ի՞նչ փորձագիտական տեղեկատվության էին տիրապետում վերը նշված գործիչները։ Մեծ հաշվով ոչ մի գաղտնիք չկար, որովհետև բոլոր գաղտնիքները ձևակերպված էին հրապարակային փաստաթղթերում, որոնք, սակայն, այդ ժամանակ ուղիղ հասանելի չէին հանրությանը, որովհետև ինտերնետ և սոցիալական ցանցեր այն ժամանակ չկային», — նշեց նա։
Ինտերնետը վաղուց լայնորեն տարածված էր Հայաստանում, երբ Փաշինյանն իր ստեղծած կուսակցությամբ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, առավել ևս 2018-ից հետո, երբ վարչապետ ընտրվեց, բայց թե նախկին ինշխանություններին իրականությունը թաքցնելու մեջ մեղադրող Փաշինյանն ինչ էր ակնկալում ու խոստանում, եթե կարճ՝ «ոչմիթիզականություն»։

2016-ին ընդդիմադիր Փաշինյանը Ղարաբաղի հարցը փոխզիջումներով լուծելու Հայաստանի իշխանությունների նպատակը «ստորացուցիչ» էր որակում. «Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին նշանակում է խոսել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կապիտուլյացիայի մասին: Բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան»։

2017-ի խորհրդարանական քարոզարշավն ավարտում էր այսպես. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ՝ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»։

Առաջին անգամ վարչապետ ընտրվելու օրը՝ 2018-ի մայիսի 8-ին, ասում էր՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմքում պետք է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը լինի. «Սա համազգային և համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է, և ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքն, ի վերջո, լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը։

Այսօր առավել քան երբևէ մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը»։

Այս հայտարարությունից մեկ տարի անց, երբ Հայաստանի ղեկավար Փաշինյանի սեղանին էին բանակցային բոլոր փաստաթղթերն ու մանրամասները, նա Ստեփանակերտում արեց իր հանրահայտ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը, որը շատերին ոգևորեց, ընդդիմախոսներին թվաց՝ սադրիչ։
«Հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վերջ», — ասում էր նա։

Մի քանի ամիս անց էլ կրկնում էր՝ բոլորն են հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, նման փորձերը աղետալի հետևանքներ կունենան առաջին հերթին Ադրբեջանի համար: Պնդում էր, թե հայկական բանակը առավել քան մարտունակ է, զինամթերքն էլ՝ թարմացված։

Չնայած Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը բանակցությունների ողջ ընթացքում միջազգային հանրության ընկալմամբ Ադրբեջանի մաս էր, ընտրողների քվեն ստանալիս այսօրվա իշխանությունը նախընտրական իր երկու նախորդ ծրագրերում՝ 2018-ին և 2021-ին, խոստացել է Արցախի հարցը լուծել ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա. «Մեր տղերքը զոհվեցին էն բանի համար, որ երբ որ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կկարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ»։

Աստղիկ Բեդեւյան

Ավելի մանրամասն` տեսանյութում

«Ազատություն»

Նախորդ հոդվածըՖրանսիան հանդես է գալիս հօգուտ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության
Հաջորդ հոդվածըՀասարակությունը պետք է առնվազն մտահոգվի. Հարութ Ուլոյան