Հասարակությունը պետք է առնվազն մտահոգվի. Հարութ Ուլոյան

1218

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ամենացնորամիտ մեղադրանքն, իհարկե, այն է, թե Տեր-Պետրոսյանը 1996 թվականին ընտրություններին մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, իսկ դրանից մեկ տարի անց՝ 1997 թվականին հանդես է եկել «Խաղաղության» կարգախոսով:

Նախ, փոխհամաձայնեցված փաստաթղթով ձեռք բերվող խաղաղությունից ավելի մեծ հաղթանակ դժվար է պատկերացնել: Սա չի հասկացվո՞ւմ: Բացի այս: Տեր-Պետրոսյանին նման «մեղադրանք» ներկայացնելուց առաջ, նախ պետք է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը 1996 թվականին Ղարաբաղի հարցի վերաբերյալ այլ տեսլականով է հանդես եկել, իսկ 1997-ին՝ այլ: Նման փաստ ոչ միայն գոյություն չունի, այլև՝ եղած փաստերը լրիվ հակառակն են ապացուցում:

1. Տեր-Պետրոսյանը մշտապես խոսել է փոխզիջումային լուծման անհրաժեշտության մասին:

2. Տեր-Պետրոսյանը մշտապես կողմ է արտահայտվել հարցի «քայլ առ քայլ», «միջանկյալ» կամ «փուլային» լուծմանը: Ավելին, ճկուն քաղաքականություն իրականացնելով, Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն մշտապես խուսափել է կանխորոշել Ղարաբաղի կարգավիճակը: Օրինակ՝ https://www.youtube.com/watch?v=cF_U8Y3Qx5k:

3. Տեր-Պետրոսյանը մշտապես շեշտել է Ղարաբաղի հարցի կարգավորման անհնրաժեշտությունը, այն համարելով Հայաստանի ամենաառաջնային խնդիրը: Մշտապես պնդել է, որ քանի դեռ հարցը կարգավորված չէ, թե՜ Հայաստանի քաղաքական անկախությունը, թե՜ տնտեսական զարգացումը մշտապես հարցականի տակ են լինելու: Օրինակ՝ https://www.youtube.com/watch?v=CP1zlTlI574:

Ի դեպ, տվյալ ելույթը ՀՀՇ-ի 1996 թվականի համագումարում է հնչեցվել, որտեղև ՀՀՇ-ի կողմից Տեր-Պետրոսյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Քարոզարշավի ժամանակ էլ հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել «միջանկյալ» լուծումների, որ իրավական կարգավորումը դեռ երկար տարիներ կարող է պահանջել, որ հրաշքների պետք չէ սպասել:

4. Տեր-Պետրոսյանը մշտապես պաշտպանել ու առաջ է մղել Ղարաբաղի սուբյեկտայնությունը: Առաջնային սկզբունքը, որով առաջնորդվել է Տեր-Պետրոսյանը, եղել է հետևյալը՝ «Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած որոշում պետք ընդունելի է լինի Ղարաբաղի համար» կամ «Հայաստանը կպաշտպանի ցանկացած որոշում, ինչին համաձայն է Ղարաբաղը»:

***

Երբ Տեր-Պետրոսյանին նման մեղադրանք էին ներկայացնում ինչ-որ պատեհապաշտներ կամ թեմայից բացարձակապես անտեղյակ ինչ-որ երևույթներ, դա այլ մակարդակ էր, բայց երբ նման մտքեր է արտահայտում ու կրկնում, իբրև, թեման խորապես ուսումնասիրած ու բոլոր նրբությունները հաշվի առած պետության ղեկավարը, հասարակությունը, իրապես, պետք է առնվազն մտահոգվի: Եթե ոչ իրենց ղեկավարի մտավոր ունակությամբ, ապա՝ բարոյականությամբ»:

Նախորդ հոդվածըԻնչ էր ասում Փաշինյանը ղարաբաղյան խնդրի մասին ընդդիմադիր եղած տարիներին, նախքան պատերազմն ու դրանից հետո, ինչ՝ այսօր. «Ազատություն»
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ Իրանի նոր գրոհներ Սիրիայում