‘Ինտերնետային լեզվով ասած, Աշոտյանը տիպիկ տրոլ ա, գիտական լեզվով՝ տրիկստեր ‘

6309

Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով վերջապես նայեցի Աշոտյանի հայտնի հարցազրույցը: Երկար վերլուծության իմաստ չկա, քանի որ ամեն օր նոր իրադարձություններ են տեղի ունենում, բայց մի քանի սևագիր կետով արժի անդրադառնալ՝ ապագայում էլ պետք կգա:

1. Ինտերնետային լեզվով ասած, Աշոտյանը տիպիկ տրոլ ա, գիտական լեզվով՝ տրիկստեր, իսկ քաղաքական՝ դեմագոգ: Երեքն էլ «քֆուր» չեն, այլ տվյալ դեպքում՝ երևույթը ճշգրիտ բնորոշող եզրեր: Երբ մարդը պաթոսով խոսում է «օլիգարխիայի», «տգիտության» և այլնի քաղաքականությունից բացառելու մասին, և ասում է՝ «իմ ընկեր Ռուբեն Հայրապետյանը», դա այլ բան չէ, քան տրոլինգ: Տրիկստերի մասին հիմա չեմ ուզում ծավալվել, իսկ դեմագոգիայի տարրերը հաջորդ կետերի մեջ կբացվեն:

2. Հարցազրույցի իրական քաղաքական բովանդակությունը՝ յուրահատուկ պետական հեղաշրջման ծրագիր է: Բառացի տեքստն այն է, որ վերացնում ենք քաղաքական դաշտից ոչ քաղաքական ֆիգուրներին, ու հետո մնում ենք քաղաքականներով տժժալու: Իրական իմաստն է՝ բուն իշխանության վտանգ ներկայացնող (այսինքն, իշխանություն վերցնելու ունակ) ռեսուրսային կենտրոնի ոչնչացում, որից հետո մարդկանց հետ, որոնք ընդդիմադիր լինեն, թե իշխանամետ, բայց իշխանություն վերցնելու ռեսուրս չունեն, խաղում ենք քաղաքականություն-քաղաքականություն, «բանավիճում ենք» և այլն: Այսինքն, Աշոտյանի առաջարկած քաղաքականությունը՝ իշխանական բացարձակ մենաշնորհն է, անվտանգ և դրանով իսկ վերահսկելի քաղաքական դերակատարներով: Այլ կերպ ասած՝ այն, ինչ այսօր տեսնում ենք բազմաթիվ հետսովետական երկրներում, ուր կա ֆորմալ իշխանություն ու ֆորմալ ընդդիմություն (ասենք Ժիրինովսկի): Այս քաղաքական պլանի էության մասին ավելի մանրամասն գրել եմ, դրա համար էստեղ կանգ չառնեմ:

3. Այն, որ բուն քաղաքական ասելիքը հեղափոխական է, այլ ոչ թե իրավիճակային քաղաքական հաստատվում է համապատասխան ճարտասանությամբ՝ նոր առավոտ, լրիվ նոր Հայաստանում ենք արթնանալու և այլն, դարձվածքներ, որոնք տիպիկ են ռոմանտիկ հեղափոխական խոսքին: Կարևոր չէ, թե դրանք դեմագոգի՞կ նպատակներով են օգտագործվում, թե՞ արտացոլում են իրական քաղաքական ծրագիր՝ հեղափոխություն վերևից ծրագրի շրջանակներում: Պարզ է մի բան, որ իշխանությունը հերթական անգամ փորձում է շահարկել հեղափոխական ճարտասանությունը արդեն ոչ միայն Լրագիր.ամ-ների, այլև պաշտոնական մակարդակում (չնայած Սերժի 2013-ի նախընտրական ճառերում էլ սողոսկել են նման հատվածներ, որոնց ժամանակին անդրադարձել եմ):

4. Տեխնոլոգիական իմաստով: Աշոտյանը պարզ կտեր է տալիս քաղաքական դաշտի ֆիգուրներին՝ ԲՀԿ-ի պատգամավորներից մինչև Նիկոլ: Կարծում եմ, բացի առանձնահատուկ «բարձր» ինտելեկտ ունեցողներից, մնացած «կտատերերին» պետք է որ պարզ լինի, որ տվյալ դեպքում գործում է «լսիր Աշոտյանին և արա հակառակը» տրամաբանությունը:

5. Քարոզչական: Քարոզչական սխեման կառուցված է պարզունակ ենթատեքստի շուրջ. սոցիալական, պոպուլիստական՝ ընդդեմ մեծահարուստների, «տզրուկ» բուրժուազիայի թեմայի շահարկումը: Հաշվարկն այն է, որ պարզ ժողովուրդը պետք է ոգևորվի նրանից, որ «արդար» Արքան պատժում է չար հարուստին: Թեմայից, անշուշտ բոլշևիկյան հոտ է գալիս: Հայաստանում դա վատ աշխատող սխեմա է: Բայց հազիվ թե դա հասու լինի իշխանական քարոզիստներին, որոնք սովոր են աշխատել կա՛մ արևմտյան, կա՛մ էլ ռուսական կաղապարներով՝ հայկական նյութը երբեք ոչ միայն ուսումնասիրած, այլև ուշադիր դիտարկած և վերլուծած չլինելով:

6. Ճարտասանություն: Մի քանի բան արդեն ասացի: Ստեղ ուզում եմ շեշտեմ, որ բավականին ակնհայտ էր նաև ֆաշիստական ճարտասանությանը բնորոշ տարրը՝ «դեզինֆեկցիա անել քաղաքական դաշտը», «ուռուցքը հեռացնել». էդքանը մենակ էս պահին եմ հիշում: Նման «առողջապահական», «սանիտարական» դարձվածքները շատ են բնորոշ եղել նացիստական ճարտասանությանը: Իհարկե, պարտադիր չէ ցանկացած նման փոխաբերություն մեկնաբանել որպես նացիստական ենթատեքստ, բայց երբ մեկ ելույթի մեջ դրանք զգալի քանակ և շեշտված դեր են ունենում, ապա նման մեկնաբանությունը թույլատրելի է:

7. Մշակութային: Աշոտյանի ելույթը (հարցազրույց դա կոչելը բարդ է, Սաթենիկի դերը շատ կրավորական էր, իրական սուր հարցերը շեշտված չէին, ավելի նման էր խոսացնելու) կառուցված էր «կրթվածներ»-«տգետներ» տիպիկ հետսովետական քաղքենիական հակադրության վրա: Սա ինքնին տարողունակ թեմա է, որը բացելու նպատակ չունեմ էս պահին: Բայց իմաստը հետևյալն է՝ Աշոտյանը տիպիկ ներկայացուցիչն է, կամ էլ փորձում է ակտիվորեն շահագործել ինքն իրեն գրագետ հայտարարած, ինքնահռչակ «ինտելեկտուալ» հայ քաղքենիական խավի կարծրատիպերը, որի ինտելեկտուալ լինելն արտահայտվում է հիմնականում զուտ ձևական հատկանիշներով՝ խոսելու, հագուկապի ձև և այլն, իսկ կրթական իրական հենքը շատ թույլ է, և սահմանափակվում է հիմնականում գեղարվեստական գրականությամբ, և հասարակագիտության մասին դպրոցական-դասագրքային պատկերացումներով: Դրա օրինակներն են՝ որպես Հայոց Պատմության իմացության աղբյուր՝ «Վարդանանքը» հիշելը (գեղարվետսական, այլ ոչ թե գիտական գիրք, կամ սկզբնաղբյուր), ֆեոդալիզմ բառի առատ օգտագործումը որպես քֆուր՝ առանց հեռավոր իսկ պատկերացում ունենալու այդ երևույթի էության, դրա շուրջ եղած տեսակետների և բանավեճերի մասին: Նույնը՝ օլիգարխ բառի օգտագործումը՝ տիպիկ լրագրողական, այլ ոչ թե բուն քաղաքական, կամ քաղաքագիտական իմաստով, և այլն: Սոլժենիցինը սրան կասեր՝ օբռազովանշինա:

Հ.Գ. Կրթության նախարարի հայերենը լավացել է, բայց ամեն դեպքում, նշենք, որ հունարենից փոխառած բառերը ցանկալի է արտասանել հայերեն, այլ ոչ թե ռուսերեն հնչյունադարձությամբ՝ պաԹոլոգիա, այլ ոչ թե՝ պատոլոգիա: Նաև՝ «այսինչը դա այնինչն է» կապակցությունը հայերենի տրամաբանությանը հակասող կոպիտ օտարաբանություն է, և դպրոցականները, որոնց մասին այդքան մտահոգ է պարոն նախարարը, չարժի, որ դա լսեն որպես օրինակելի խոսք: Բացի այդ՝ հարցը «գլոբալ» կարելի է դնել, միայն, եթե խոսքն իրոք գլոբալ՝ համաշխարհային մասշտաբի է վերաբերվում, իսկ կոնսոլիդացոին դերակատարում չարժէ «խաղալ», ավելի լավ է ունենալ, եթե, իհարկե, իրոք, ոչ թե խաղում ես, այլ՝ լուրջ ես գործում: 

Հրանտ Տեր-Աբրահամյան

www.facebook.com/ustahrant/posts/10206059231024065

Նախորդ հոդվածը‘Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլը’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ անդամների հետապնդումները ընտրովի արդարադատության բացահայտ դրսևորում է. ՔՀԻ’