‘Ինքնախոստովանություն. «Ես, Տարոն Մարգարյանս, ձեզնից գողացել եմ միլիոնավոր դոլարներ…»’

9000

Սիրելի երեւանցի,

Համառոտ նախաբանով ներկայացնում ենք շատ հետաքրքիր փաստագրական մի տեղեկանք, որը կօգնի կողմնորոշվել մայիսի 5-ի քաղաքապետական ընտրություններում։

1. Երեւանը վճռորոշ քաղաքական գործոն է

Երեւանն իր բնակչությամբ կազմում է Հայաստանի 1/3-ը։ Տնտեսական եւ այլ պոտենցիալի իմաստով՝ Երեւանը կազմում է Հայաստանի 2/3-ը։  Քաղաքական նշանակությամբ, որպես մայրաքաղաք՝ իր տարատեսակ ազդեցությամբ՝ Երեւանը հանրապետության 3/4-ից ավելին է։ Այսինքն՝ Երեւանի ընտրությունները, երկրում իշխանափոխության հասնելու համար, նույնքան կարեւոր են, որքան Ազգային ժողովի ընտրությունները։ Երեւանի ընտրությունները, որպես իշխանափոխության ճանապարհ, գուցե, նույնիսկ ավելի հարմար են, քան Ազգային ժողովի ընտրությունները։

Ինչո՞ւ։

Նախ՝ որովհետեւ դրանք ամբողջությամբ համամասնական են, եւ ՀՀԿ-ն երաշխավորված տեղեր չունի, ինչպես ԱԺ ընտրությունների մեծամասնական ընտրատարածքներում։ Եթե ընդդիմությունը հաղթում է Երեւանի ընտրություններում, դրանով միանգամից լուծվում է նաեւ քաղաքապետի հարցը։ Ընդդիմադիր ավագանիով եւ քաղաքապետով Երեւանի քաղաքային իշխանություններ եթե թույլ չեն տալիս քաղաքում կոռուպցիոն սխեմաների իրականացում, ավազակապետական կոռուպցոն բուրգը արագ կազմաքանդվում է։

Ավազակապետական վարչախումբն առաջնորդվում է հանցագործի հոգեբանությամբ. իշխանությունը կորցնելու վախից է, որ նա պայքարում է անգամ յուրաքանչյուր գյուղապետի պաշտոնի համար։ Հասկանալի է, թե ինչ տեղի կունենա, եթե նա պարտվի Երեւանում։ Դրանով Հայաստանում կսկսվի այն քաղաքական գործընթացը, որը եթե ոչ շաբաթների, ապա մի քանի ամսվա ընթացքում կավարտվի ռեժիմի տապալմամբ։ Եւ այդ սարսափից է, որ իշխանական քարոզչությունն օր ու գիշեր տարածում է այն անհեթեթ միտքը, թե մայրաքաղաքի ընտրությունները քաղաքական չեն։ Իրականում Երեւանի քաղաքապետական ընտրությունները երկրի թիվ մեկ քաղաքական հարցի՝ ավազակապետության հեռացման եւ սահմանադրական կարգի վերականգնման լավագույն շանսն են։

2. Տարոնը Սերժի լավագույն կադրն է

Նկատի ունենալով մայրաքաղաքի մեծ քաղաքական կշիռը՝ թվում է՝ իշխող ուժն այստեղ պետք է գործուղեր իր առավել ծանրակշիռ գործիչներից մեկին։ Այդպես կարող էր վարվել օրինակարգ իշխանությունը։ Այդպես չի կարող վարվել ոչ օրինակարգ, ավազակապետական իշխանությունը։ Ռեժիմի համար՝

Երեւանը գերկարեւոր է՝ որպես քաղաքական գործոն,

Երեւանը հանրապետությունում ամենամեծ «փողի տոպրակն» է,

Երեւանը ամենաընդարձակ պոլիգոնն է՝ Ս. Սարգսյանի խոստովանած «ատկատներն» ապահովելու համար,

Երեւանը փողեր լվանալու ամենամեծ «լվացքատունն» է։

Եթե կոռուպցիոն բուրգը տարեկան թալանում է Հայաստանի բյուջեից կրկնակի ավելի գումար, ապա դրա կեսից ավելին՝ մոտ երկու միլիարդը, թալանվում է Երեւանից ու երեւանցիներից։

Բերենք չարաշահումների հարյուրավոր տարատեսակներից մի քանի՝ բնույթով խոսուն, հրապարակված  օրինակներ.

Ա) Թափառող շներին ոչնչացնելու համար քաղաքապետարանը հատկացրել է այնքան գումար, որ մեկ շուն սպանելը բյուջեի վրա, իբր, նստել է 1000 դոլար։

Բ) Փողոցներում գեղեցիկ նստարաններ են տեղադրվել՝ ո՛չ մեր սիրուն աչքերի համար. դրանցից յուրաքանչյուրի համար վճարվել է 405 դոլար, այն դեպքում, երբ դրանց նմանակն արժե 175 դոլար.

Գ) «Դալանները» նկարազարդվել են ո՛չ մեր աչքերը շոյելու համար. դրանցից յուրաքանչյուրի համար դուրս է գրվել 3000 դոլար, երբ այդ աշխատանքի շուկայական արժեքը 500-600 դոլարից ավելի չէ։

Մարդկանց կյանքի համար վաղուց վտանգավոր, 40-50 տարվա հնության քանի՞ վերելակ է փոխվել, հազարավոր վթարային շենքերից քանի՞սն է ամրացվել։ Երեւի ոչ մեկը, կամ այնքան քիչ, որ ամաչում են ասել։ Դա ձեռնտու չէ, քանի որ, նախ՝ նման աշխատանքներում այսպիսի չաղ «ատկատ» չկա, եւ երկրորդ՝ դրանք դրսից, որպես գովազդ, չեն երեւում։

Ավազակապետության պայմաններում այսպիսի «փողի տոպրակը» անգամ հարազատ եղբորդ չես վստահի։ Չես վստահի նաեւ սեփական թիմից շատ թե քիչ ինքնություն ունեցող մեկին, որն ինչ-որ պահի կարող է «քաղաքական խաղեր տալ»։ Այս ամենը կարելի է վստահել միայն այնպիսի մեկին, որը կա՛մ հանցագործ է՝ պոչը կրնկիդ տակ, կա՛մ սեփական «ես»-ը չունեցող, կամազուրկ, ինքնուրույն որոշում կայացնելու անընդունակ մի խամաճիկ է։ Տարոն Մարգարյանն օժտված է այս բոլոր հատկանիշներով եւ որպես քաղաքապետ՝ լավագույն կադրն է Սերժ Սարգսյանի համար։ Տարոն Մարգարյանը, որպես սպասավոր եւ կատարածու, խիստ ձեռնտու է նաեւ Ս. Սարգսյանի մերձավոր շրջապատին՝ Նեմեց Ռուբոյին, Լֆիկ Սամոյին, Թոխմախի Մհերին, Սաշիկ Եղբորը եւ Միշիկ Փեսային։

Շատ հետաքրքիր մի հանգամանք.

Նախընտրական այս շրջանում իշխանությունը եւ ՀՀԿ-ն հպարտորեն պետք է ասեին՝ ահա՛ Տարոն Մարգարյանը մեր քաղաքապետն է, մեր քաղաքական թիմի՝ ՀՀԿ-ի անդամը, մենք հպարտանում ենք նրանով ու պատասխանատու ենք նրա յուրաքանչյուր քայլի համար։ Բայց իշխանական քարոզչամեքենան ճիշտ հակառակն է անում՝ Տարոնին հնարավորինս տարանջատում է վարչախմբից եւ ՀՀԿ-ից։ Ի՞նչ է պատահել. ամաչո՞ւմ են Տարոնի որակների համար, թե՞ շատ լավ իմանալով իրենց նկատմամբ ժողովրդի տածած ատելությունն ու արգահատանքը՝ ավելի լավ են համարում Տարոնին քաղաքականապես որբ ներկայացնել, ոչ թե իշխանության եւ ՀՀԿ-ի անբաժան մաս, ինչպես որ կա։ Երեւի՝ երկուսը միասին։

 3. Տարոն Մարգարյանը «լավ տղա է»

Աշխարում ամենահամոզիչ բանը փաստաթուղթն է։ Դրա դեմ խաղ չկա։ Եւ ահա, Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել մի փաստաթուղթ, որի մասին, քիչ է ասել, թե սենսացիա է։ Նման փաստաթուղթ կարող էին շրջանառության մեջ դնել Տարոնի հակառակորդները՝ նրա թեկնածությունը չեղյալ համարելու եւ նրա նկատմամբ ծանր մեղադրանքով քրեական գործ հարուցելու համար։ Խոսքը Տարոն Մարգարյանի՝ ունեցվածքի եւ եկամուտների՝ սեփական ձեռքով գրած եւ ստորագրած հայտարարագրի մասին է։ Որեւէ շատ թե քիչ նորմալ երկրում նման փաստաթուղթ ներկայացնողին որեւէ պետական պաշտոն չէին կարող տալ. մարդը հայտարարագրել է միլիոնների ունեցվածք, որի ծագումն անհայտ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր այդ փաստաթղթի հիման վրա չգրանցել նրա թեկնածությունը եւ այն անմիջապես ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության առանձնապես ծանր հանցագործությունների վարչություն։

Տարոնը դրանով հայտարարում է, որ որպես անձնական սեփականություն՝ իր անունով ունի.

  1. 115 մլն դրամ,
  2. 50 հազար ԱՄՆ դոլար,
  3. 50 հազար եվրո,
  4. 50% մասնաբաժին «Զեթ ընդ զեթ» ՍՊԸ-ում,
  5. Բնակարան  Երեւանում. Ավան, Սայաթ Նովա  8շ. բն՝ 7, մակերեսը՝ 137.9 ք/մ.
  6. Բնակարան Երեւանում, Թումանյան փողոց  63,  64,  65.  28/70 բ, մակերեսը՝ 190.2 ք/մ.
  7. Տարածք  Երեւանում. Ավան, Բաբաջանյան 77/7 մակերեսը՝ 1578.3 ք/մ.
  8. Տարածք Երեւանում. Ավան, Առեւտրի կենտրոն 2/3, մակերեսը՝ 761.24 ք/մ.
  9. Տարածք Երեւանում. Ավան, Աճառյան  42, մակերեսը՝ 3729.8 ք/մ
  10. Շենք եւ շինություն, Երեւան, Ավան, Չարենցի թաղամաս, մակերեսը՝ 44 ք/մ.
  11. Թիվ 2 ամառանոցը Ջերմուկում, մակերեսը՝ 258.5 ք/մ.
  12. Հողամաս Դիլիջանում. Մաքսիմ Գորկի 3/1, 6365 ք/մ.
  13. Ավտոտնակ. Ավան 8շ. բակում.
  14. Եւս մի ավտոտնակ. Երեւան, Ավան 8շ. բակում.
  15. Եւս մի ավտոտնակ. Ավան 18շ. բակում .
  16. Ավտոմեքենա՝ Մերսեդես S450՝ 2007 թվականի արտադրության
  17. Ավտոմեքենա՝ Ռենջ-Ռովեր Սուպեր չարչ, 2006 թվականի արտադրության
  18. Ավտոմեքենա՝ Մերսեդես Բենց G 500, 2002  թվականի արտադրության:

Տարոն Մարգարյանի հայտարարագրի մեջ մի անկյունում, ամենախղճուկ թվով ներկայանում է նրա աշխատավարձը՝ 4 մլն 730 հազար դրամ, ամսական 394 հազար:

Հիշեցնենք՝ այս ամենը գրանցված է միայն անձամբ իր՝ Տարոն Մարգարյանի անունով։ 

Ամենահամեստ գնահատմամբ՝ այս ամենի շուկայական արժեքը գերազանցում է 10 միլիոն դոլարը։

Բնականաբար, սա ամբողջը չէ. ինչպես մի անգամ խոստովանել է անգամ գործող գլխավոր դատախազը, մեր պաշտոնյաներն ունեցվածքի չնչին մասն են ձեւակերպում իրենց անունով, իսկ մեծ մասը՝ ընտանիքի այլ անդամների, քեռիների, մորքուրների, հորքուրների, զոքանչների, բաջանաղների, աներների, աներձագերի անունով։ Ըստ այդմ՝ սույն հայտարարագրում արտահայտվածը Տարոն Մարգարյանի իրական ունեցվածքի, ասենք, 15-20%-ն է միայն։

Եւ իրոք, մամուլում հրապարակվել Տարոնի ունեցվածքի մի այլ տպավորիչ ցանկ՝ գրանցված ոչ իր անունով.

1. Արմավիրում՝ 60 հա այգի,

2. Մասիսում՝ 12 հա այգի և պահածոների գործարան,

3. Երևանի Կրկեսի շենքը,

4. Փամփուշտների գործարան՝ 50 տոկոս մասնաբաժին,

5. «Հանրապետական» մարզադաշտի մուտքի մոտ երկհարկանի շինանյութերի հսկայական խանութ,

6. «Միլենա» տաքսի ծառայությունը,

7. Ավան-Առինջում երկհարկանի սուպերմարկետի տարածք, որն այժմ տրված է SAS-ին,

8. Ավանի տարածքում 60 հատ խանութ-կրպակ,

9. «Բունար» գովազդային գործակալությունը, որը Երևանում ունի առնվազն 50 վահանակ ու պետական բյուջե որևէ հարկ չի մուծում,

10. Մետրոյի կայարանների անցումներում՝ կրպակներ։

Սա էլ ամբողջը չէ։ 

Բայց մի կողմ թողնենք այս վերջին ցանկը եւ բավարարվենք միայն նրանով, որ կադաստրում անձամբ Տարոնի անունով է։

Որտեղի՞ց է հսկայական այս կարողությունը հայտնվել նրա ձեռքում։

Ժառանգությո՞ւն է ստացել։ Հայտնի է, որ նրա տոհմում որեւէ մեկը գործարարությամբ չի զբաղվել։ Նրա հայրը 90-ականների վերջին դեռ ապրում էր համեստագույն կյանքով։ Հայտնի է, որ Տարոն Մարգարյանն ինքը նույնպես երբեք գործարարությամբ չի զբաղվել։ Եւ այսպես՝ Տարոն Մարգարյանը պետք է բացատրություն տա. ի՞նչ ճանապարհով է այս ամենը ձեռք բերել։ Հակառակ դեպքում այլ բան չի մնում, քան ապացուցված համարել, որ դա պաշտոնական դիրքի չարաշահման, կոռուպցիայի, կաշառակերության արդյունք է։

Իսկ այդ դեպքում Երեւանի ընտրողները ոչ թե պետք է Տարոն Մարգարյանին ձայն տան ու նստեցնեն քաղաքապետի բազկաթոռին, այլ, որպես նրանից տուժողներ, միահամուռ պետք է պահանջեն, որ նա անմիջապես հայտնվի ամբաստանյալի աթոռին եւ հատուցի իրենցից թալանածը։

Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագիրը լավագույն արձանագրումն է այն փաստի, ինչի մասին արդեն 5 տարի խոսում է Հայ Ազգային Կոնգրեսը, այն է՝ Հայաստանում իշխանությունը կոռուպցիոն մի բուրգ է, որի գագաթը Սերժ Սարգսյանն է։ Այդ համակարգը ժողովրդից կողոպտում է տարեկան պետական բյուջեից երկու անգամ ավելի մեծ գումար, որ մտնում է իշխանավորների գրպանները։ Համեստագույն կերպարանք եւ ունակություններ ունեցող Տարոն Մարգարյանը կոռուպցիոն բուրգի մաս է, դրա սպասավորն ու գործիքը, ինչի դիմաց իր բաժինն է ստանում. ահա եւ նրա մի քանի տասնյակ միլիոն դոլար ունեցվածքի աղբյուրը։ Այսինքն՝ Տարոն Մարգարյանը ոչ թե «լավ տղա» է, այլ հանցագործ, որը հիշյալ հայտարարագրով փաստորեն խոստովանում է. «Ես Տարոն Մարգարյանս, ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմքով, ձեզնից գողացել եմ միլիոնավոր դոլարներ»։

Ուրեմն՝  ձայն տալ Տարոն Մարգարյանին՝

— նշանակում է ձայն տալ Սերժ Սարգսյանի գլխավորած ավազակապետությանը,

— նշանակում է ձայն տալ Նեմեց Ռուբոյին, Լֆիկ Սամոյին, Թոխմախի Մհերին, Եղբայր Սաշիկին, Փեսա Միշիկին,

— նշանակում է ձայն տալ մեզ կեղեքողներին, ստորացնողներին,

— նշանակում է ձայն տալ հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի հանցագործներին,

— նշանակում է ձայն տալ Հայաստանի ժողովրդին իր հայրենիքից փաստական բռնագաղթի ենթարկողներին,

— նշանակում է ձայն տալ այն ռեժիմին, որն իրականացնում է «Հայաստանն առանց հայերի» ոճրագործ ծրագիրը, որը 100 տարի առաջ չհասցրին ի կատար ածել մեր թշնամիները։

4.    Անտակտությո՞ւն, ցինի՞զմ, թե՞ …

Տարոն Մարգարյանն ունի մեդալների եւ շքանշանների հարուստ հավաքածու։ Չէ, սխալ չհասկանաք. դրանք նա վերնիսաժից չի ձեռք բերել, ինքն է «վաստակել.

  1. «Գարեգին Նժդեհ» մեդալ՝ շնորհված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից,
  2. «Անդրանիկ Օզանյան» մեդալ՝ շնորհված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից,
  3. ԵԿՄ «Սպարապետ Վազգեն  Սարգսյան» շքանշան,
  4. Անանիա Շիրակացու մեդալ՝ Հայաստանի Հանրապետության պետական պարգև,
  5. ՀՀ ԱԺ պատվո մեդալ
  6. Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալ
  7. Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ
  8. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ
  9. «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ:

Ըստ պաշտոնական կենսագրության՝ Տարոն Մարգարյանը բանակում չի ծառայել։

Ինչո՞ւ չի ծառայել։ Հազիվ թե այդպես է կամեցել նրա՝ խորհրդայն շրջանի այլախոհ, նժդեհական, 1990 թվականից հայկական բանակի ստաղծման համար կռիվ տվող հայրիկը։ Ուրեմն Տարոնն ի՞նքը սարսափելի չի ուզել ծառայել, եւ հայրիկը ստիպված է եղել կատարե՞լ նրա ցանկությունը։ Իսկ գուցե Տարոնը հարգելի (ինչ-որ հիվանդության) պատճառո՞վ  չի ծառայել բանակում։ Հնարավոր է։

Բայց Երեւանի ընտրողները, կողմնորոշվելու համար, պետք է իմանան.

Ա) Ի՞նչ հիվանդության պատճառով է, որ նա չի ծառայել բանակում. գուցե նույն պատճառով նա չի կարող նաեւ պետական պաշտո՞ն զբաղեցնել.

Բ) Ինչպե՞ս է բանակի եւ զինվորության հետ կապ չունեցող մարդը զինվորական այնպիսի  պարգեւների արժանացել, որին կարող է նախանձել բանակաշինության հիմքերում կանգնած, Արցախյան պատերազմը ծայրից-ծայր անցած յուրաքանչյուր զինվորական.

Գ) «Անանիա Շիրակացի» մեդալը շնորհվում է գիտական խոշոր նվաճումների, գյուտերի հեղինակներին. գիտական ի՞նչ նվաճումների ու հանճարեղ գյուտերի համար է Տարոնը արժանացել մի պարգեւի, որն ակադեմիկոսները կնախանձեին։

Մյուս մեդալներն իրեն նվեր։

Ընտրողը պետք է իմանա՝ այս ամենը Տարոն Մարգարյանի չտեսությա՞ն, ցինիզմի՞, անտակտությա՞ն արդյունք է, թե՞ մանկական տարիներից մնացած թուլության։ Ընտրողը պետք է այս ամենն իմանա, որպեսզի կարողանա կողմնորոշվել իր ընտրությունում։

Հ.Գ. Հետաքրքիր այլ մանրամասներ՝ Կոնգրեսի ապրիլի 30-ի հանրահավաքում։

Հայ ազգային կոնգրեսի թռուցիկ

 

Նախորդ հոդվածը‘Խոչընդոտել են Կոնգրեսի ակտիվիստների քարոզարշավը ‘
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ինչո՞ւ կուսակցական. հանրային հաշվետվություն 2’