‘«Իշխանությունն արագացնում է գործընթացները». Կոնգրեսի անդամներն այցելել են Ա. Խաչատրյանին (տեսանյութ)’

3042

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին այսօր վիրահատել են: 

Հիվանդանոցում այսօր ԱԺ պատգամավորների, հասարակական եւ քաղաքական գործիչների թվում Արտակ Խաչատրյանին են այցելել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:

Նրանք հիվանդանոցի գլխավոր բժշկից մանրամասն տեղեկություներ ստացան Խաչատրյանի առողջական վիճակի մասին եւ բուժող բժշկի թույլտվությամբ վերակենդանացման  բաժանմունքում կարճատեւ զրույց ունեցան Արտակ Խաչատրյանի հետ:
Հիվանդանոցում գտնվող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը iLur.am-ին փոխանցեց Արտակի պատմածը, մասնավորապես, որ նրան մի քանի ժամ շարունակ դաժանաբար ծեծել են՝ գլխին պարկ եւ ձեռքերին շղթաներ հագցրած: Այնուհետեւ ավտոմեքենայով տարել եւ քաղաքի ծայրամասերից մեկում  են թողել: Խաչատրյանը արյունաքամ լինելով՝ պատահական մեքենայով հասել է տուն:

«Կարծում եմ, որ սա ոչ թե դատապարտելի է, այլ սա վերջն է, որից այն կողմ Հայաստանը վերածվում է բանդիտիզմի երկրի: Դրա դեմը բոլորս պետք է առնենք», — ասաց պատգամավորը՝ վստահություն հայտնելով, որ Խաչատրյանի հետ կապված դեպքը կապված է նրա հասարակական եւ քաղաքական ակտիվության հետ:

Արտակ Խաչատրայնին այցելած ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը նույնպես վստահ է, որ նրա հետ կատարվածը նախորդ տարեվերջին իշխանությունների պատվերով սկսած բռնության շղթայի շարունակությունն է:  Նրա խոսքով, ծանր վիճակում հայտնված իշխանությունը դիմում է ջունգլիների վայրի մեթոդներին:

«Եվ նրանք չեն էլ խորշում, չեն էլ խուսափում. ամբողջ կուսակցությունով կարող են փաստաբան դառնալ, որպեսզի արդարացնեն այն, ինչ որ արվում է: Փորձում են՝ մեկին ծեծելով, վախեցնելով ցույց տալ մյուսներին, որ իրենց հետ էլ է նույնը լինելու», — ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, երբ իշխանության տրամաբանությունը չի աշխատում, երբ քայլերը չեն բավարարում հասարակության մեջ հանգստություն պահպանելու, սկսում են գործել բռունցքները,  իսկ մի ամբողջ թիմ էլ սկսում է արդարացնել այդ վարքագիծը, այնպես, ինչպես Բերձորի դեպքերից հետո է արվում:

Բայց, ըստ Արամ Մանուկյանի, քաղաքագիտության հայտնի սկբունքի համաձայն, երբ ճնշումն ավելանում է, հակաճնշումն էլ է ավելանում:

«Բոլորի հետ խոսել եմ՝ ե՛ւ բռնութան ենթարկված ազատամարտիկների, ե՛ւ ակտիվիստների հետ. այն ինչ տեղի է ունենում, իրենց մոտ ոչ թե վախ է առաջացնում, այլ ընդհակառակը՝ զայրույթ, ավելի գրագետ, ավելի ակտիվ աշխատելու մղում: Ամբողջ հասարակությունն այսօր զզվանքով եւ ատելությամբ է լցված իշխանության նկատմամբ: Իշխանություններն այս վարքագծով արագացնում են այն գործընթացները, որին մենք պատրաստվում ենք: Եթե իրենք են արագացնում, մենք էլ դեմք չենք դրան՝ մենք էլ կարագացնենք եւ շատ շուտ հանգուցալուծման կհասնենք», — եզրափակեց պատգամավորը:  

Մանրամասները՝ տեսանյութում 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը Արտակ Խաչատրյանի դեմ բռնության վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Վաղը՝ բողոքի եւ աջակցության գործողություն «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք»’