‘Իշխող Ռեգիոնների կուսակցությունից «առնետավազք» է սկսվել’

1049

Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցության 10 Գերագույն ռադայի պատգամավորներ իրենց զորակցությունն են հայտնել Ուկրաինայի ժողովրդին: Պատգամավորները դիմել են ներքին զորքերի, ՆԳՆ և ԱԱԾ զինծառայողներին՝ խնդրանքով «կատարել Ուկրաինայի ժողովրդին տված երդումը», այլ ոչ թե՝ մարտական զենք կիրառելու ապօրինի հրամանները, թույլ չտալ իրավապահ մարմինների մասնակցությունը քրեական տարրերի մասնակցությամբ սադրանքներին, որոնք ուղղված են խաղաղ բնակչության և հանրահավաքների մասնակիցների դեմ: Այս մասին գրում է «Интерфакс-Украина»-ն:

Իրենց հերթին, մի շարք ուկրաինական լրատվամիջոցներ հայտնում են, որ վերոնշյալ պատգամավորները ընդհանրապես դուրս են եկել իշխող Ռեգիոնների կուսակցության շարքերից:

Ռեգիոնների կուսակցությունից դուրս է եկել նաև Կիևի քաղաքապետ Վլադիմիր Մակեենկոն, որը համապատասխան հայտարարություն է հրապարակել ուղղված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Անդրկարպատների իրավապահ մարմինների միանգամից մի քանի ղեկավարներ հայտարարել են «ժողովրդի կողմը անցնելու մասին»: Նման հայտարարություն են արել Ուկրաինայի ՆԳՆ Անդրկարպատների մարզային վարչության պետ Վասիլի Վարցաբը և տեղական «Բերկուտի» ղեկավար Վասիլի Շալենիկը:

«ՈւԴԱՐ» կուսակցությունը հայտարարել է, որ ժողովրդին աջակցելու մասին են հայտարարել նաև Ուկրաինայի հատուկ ծառայությունների Անդրկարպատների վարչության ղեկավարությունը: Իսկ մարզի դատախազ Վլադիմիր Կորբանը հայտարարել է, որ հրաժարականի մասին դիմում է ներկայացնելու:

Նախորդ հոդվածը‘Օպերայի հարակից կանաչ տարածքում նոր սրճարան են բացում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ»-ի կոչը գործատուներին. Մի՛ ծառայեք որպես գործիք կառավարության ձեռքին’