‘Իսլամաբադում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն աստիճան է հայտարարվել’

840

Կիրակի երեկոյան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն աստիճան, հաղորդում է CNN հեռուստակայանը՝ հղում անելով այդ երկրի կառավարության բարձրաստիճան աղբյուրներին: CNN-ի զրուցակիցների խոսքերով՝ Պակիստանի հատուկ ծառայությունները տեղեկություններ են ստացել ահաբեկիչների կողմից նախապատրաստվող գրոհի մասին: Իսլամաբադում տագնապի ազդանշանով ոտքի են հանվել բանակն ու ոստիկանությունը, քաղաքի երկնքում հերթապահում են ուղղաթիռները, իսկ զինվորներն ու ծովային հետևակայինները «սանրում են» Իսլամաբադը շրջապատող լեռնազանգվածները: Հատուկ պահպանության տակ են առնվել նախարարությունները, պետական հաստատությունները, ինչպես նաև մայրաքաղաքում տեղակայված ռազմական օբյեկտները:

Օգոստոսի սկզբին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 20 երկրներում իր դիվանագիտական առաքելությունների գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու մասին:Ամերիկյան 19 դեսպանատներ չեն աշխատի մինչև օգոստոսի 10-ը: Աշխատանքները դադարեցնելու պատճառը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝  մտահոգությունն էր իրենց աշխատակիցների անվտանգության վերաբերյալ: ԱՄՆ-ի օրինակին հետևեցին նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան:

CNN-ի տվյալներով՝ աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկ ծառայություններին հաջողվել է որսալ «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդումները: ԱՄՆ իշխանությունների խնդրանքով՝ հեռուստակայանը չի հրապարակել այդ հաղորդագրությունների բովանդակությունը:

Բացի այդ՝ օգոստոսի 3-ին Ինտերպոլը տագնապ էր հայտարարել Իրաքի, Լիբիայի և Պակիստանի բանտերից կատարված փախուստների կապակցությամբ, որոնց կազմակերպման մեջ կասկածում են «Ալ-Քաիդա» շարժմանը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոհանի. Բանակցություններ՝ հավասարը հավասարի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կալանքի երկամյակի առիթով Տիմոշենկոն հանդիպում կունենա իր զինակիցների հետ’