‘«Իսլամական պետությունը» գրոհում է Իրաքը’

1527

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ընդարձակ տարածքներ են գրավել Սիրիայում և Իրաքում՝ իսլամական խալիֆայություն ստեղծելու նպատակով:

Ականատեսների վկայությամբ՝ իսլամիստ գրոհայինները եկեղեցիների վրայից պոկում են խաչերը և այրում եկեղեցական ձեռագրերը:

Ֆրանսիական իրավապաշտպան Fraternite en Irak կազմակերպության տվյալներով՝ Նայվանա նահանգի բնակչության մեծ մասը Բահդիդայի գրավումից հետո փախել է հարևան քաղաքները: Մոտավորապես 100 հազար մարդ, ամենայն հավանականությամբ, անցել է Քուրդիստանի տարածք:

Մինչդեռ քրդական ինքնապաշտպանության ուժերը, որոնք մինչև հիմա վերահսկում էին երկրի հյուսիսային շրջանները, ջիհադականների գերազանցող ուժերի ճնշման տակ մեկը մյուսի ետևից թողնում են քաղաքները:

Ֆրանսիան, որի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է հրավիրվել, առաջարկում է քրդերին ռազմական օգնություն ցուցաբերել:

Անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն կոչ է արել ստեղծել քրդական անկախ պետություն՝ իրաքում սուննի գրոհայիններին դիմակայելու համար: Ելույթ ունենալով Թել-Ավիվում՝ Նեթանյահուն հայտարարել է , որ քրդերը «ռազմիկների ազգ են, որոնք հավատարիմ են իրենց քաղաքական սկզբունքներին և արժանի են անկախության»:

Քրդերը, որոնց համայնքներն ապրում են միանգամից չորս երկրներում՝ Սիրիայում, Թուրքիայում, Իրանում և Իրաքում, վաղուց են երազում սեփական անկախ պետությունն ունենալու մասին: Սակայն միջազգային հանրությունը, այդ թվում՝ Թուրքիան և ԱՄՆ-ը,  բացասաբար են վերաբերվում Իրաքի մասնատման գաղափարին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման թույլատրել է կետային ավիահարվածներ հասցնել Իրաքին’
Հաջորդ հոդվածը‘Խերարդո Մարտինոն կգլխավորի Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը’