Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 103-ի

465

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, վիրավորների թիվը՝ շուրջ 188-ի, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRIB լրատվամիջոցի հրապարակումը։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։

Ըստ աղբյուրի՝ երկրի կառավարությունը հունվարի 4-ին ամբողջ երկրում սուգ է հայտարարել, Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի հիշատակին:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ Հաշդ ալ Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականները սպանվել են 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես-ը։

Նախորդ հոդվածըԵղանակը Հայաստանում
Հաջորդ հոդվածըԽամենեին Իրանի հրամանատարությանը կոչ է արել ուղիղ բախում թույլ չտալ ԱՄՆ-ի հետ