Խամենեին Իրանի հրամանատարությանը կոչ է արել ուղիղ բախում թույլ չտալ ԱՄՆ-ի հետ

206

Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զորահրամանատարներին հորդորել է ցանկացած գնով թույլ չտալ անմիջական բախում ԱՄՆ-ի հետ։

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների տեղեկություններով՝ Խամենեին կարծում է,  որ պայթյունները իրանական Քերման քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական կամպանիայի շարունակությունն են և նպատակ ունեն վրդովված միջազգային հանրության ուշադրությունը շեղել Գազայի հատվածից։

Որպես պատասխան քայլ ՝ այաթոլլան հրամայել է բավարարվել Իսրայելի դեմ գաղտնի  գործողություններով և գրոհներով ամերիկյան բազաների վրա Իրաքում և Սիրիայում, հաղորդել են թերթի զրուցակիցները։ Ըստ նրանց՝ Խամենեին իրանցի հրամանատարներին նախազգուշացրել է «ռազմավարական հանդարտություն» պահպանելու անհրաժեշտության մասին՝ ամեն կերպ խուսափելով իսլամական հանրապետության ներքաշումից ռազմական դիմակայության մեջ։

Իրանի ընտրյալ «Ալ Քուդս» ուժերի հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի մահվան չորրորդ տարելիցի օրը Քերման քաղաքի գերեզմանոցում երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել  և վիրավորվել են  հարյուրավոր մարդիկ։ Իրանի իշխանությունները տեղի ունեցածը համարում են «ահաբեկչական գործողություն»։

Նախորդ հոդվածըԻրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 103-ի
Հաջորդ հոդվածըԻսրայելը դաշնակիցներին հավաստիացրել է, որ կապ չունի Իրանում պայթյունների հետ