‘Իրավապահները կոծկում են «Հիդրոապարատ»-ի ղեկավարության ապօրինությունները. բաժնետերեր’

1652

Ջրվեժի Բագրևան էլիտար թաղամասում գտնվող 15 հեկտար տարածքի վրա տեղակայված «Հիդրոապարատ» ընկերության բաժնետերերից մի քանիսը դիմել են  դատարան  և պահանջում են, որպեսզի իրենց հատուցեն այն եկամուտներն ու շահույթը,  որ իրենց կոլեկտիվի ոչ մի  անդամ  1995-1996 թվականից  սկսած  չի ստացել, ինչպես նաև պատժել գործարանի սեփականատեր  Մհեր Աշուղյանին, ով, բաժնետերերի խոսքով,  բազմաթիվ ապօրինություններ է կատարել:  Բաժնետերերի հայցն առաջին ատյանի դատարանը մերժել է և գործն այս պահին գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում:

iLur.am-ի խմբագրություն այցելած՝ գործարանի բաժնետերեր Նելլի Հակոբջանյանը և  Շուշան Գրիգորյանը մանրամասն պատմել են, թե ինչ ապօրինություններ է թույլ տվել գործարանի սեփականատերը:

 Սեփականատիրոջ և կոլեկտիվի անդամների խնդիրը բարձրաձայնվում է 2007 թվականից սկսած: Գործարանի մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում կոլեկտիվն ուներ 20 տոկոս բաժնեմաս,որը իրենց տրվել էր 1994-ին կառավարության կողմից, ընկերությունը ստեղծվել էր պետությանն ու կոլեկտիվին շահույթ բերելու նպատակով, բայց հետագայում ստացվել է այնպես, որ բաժնետերերը ոչ մի շահույթ չեն տեսել:

«Փոխարենը տնօրենը՝ սեփականատեր  Մհեր Աշուղյանը, էսօր ինքն իր հետ պայմանագիր է  կնքել, ինքը սեփականաշնորհել է ճաշարանը, 4000 քմ հողատարածք, փայտամշակման արտադրամաս, 70-ի մոտ հաստոցներ: Դանից հետո երկու հեկտար հողատարածք, շինություններով օբյեկտներով, բենզալցակայան ենք ունեցել, օտարել է ուրիշներին:  Ի՞նչ ճանապարհով, ո՞ւր են գնացել էդ եկամուտները, ոչ մի տեղ չի երևում», — ասում է բաժնետեր Նելլի Հակոբջանյանը:

Այսինքն, ըստ նրա, 1997 թվականի համեմատ, երբ ի սկզբանե ընկերությունն ունեցել է տասնհինգ հեկտար հողատարածք, այսօր կադաստրի վկայականի վրա 7,5  են ցույց տալիս, բայց դա էլ է բաժնետերերի համար կասկածելի:

«Նույնիսկ մենք կոլեկտիվով որոշեցինք 2007-ին առանձնանալ, ժողով անցկացրեցինք, մեծ  փայատերը, 65  տոկոսի փայատերն այդ ժամանակ «Հայգազարդն» էր, որը չմերժեց, կոլեկտիվի ժողով եղավ, մենք սկսեցինք կիսվելու  պրոցեսը՝  տնօրենը խոչնդոտեց՝ չբերելով փաստաթղթերը», — նշում է տիկին Հարությունյանը:

Ընկերության բաժնետերերին ընդունել է նաև  կառավարությունը և ԿԲ-ն, խոստումներ են տրվել, սակայն բաժնետերերի խոսքով, իրենք խաբվածի կարգավիճակում են:

Նրանք դիմել են նաև ոստիկանություն և դատախազություն, սակայն  «սեփականատիրոջ հանցագործությունը կոծկում են, ծածկում են ու ասում են, որ այդտեղ հանցակազմ չկա»:

Նելլի Հակոբջանյանի խոսքով,  կառավարությանը ներկայացրած սեփականաշնորհման փաթեթի մեջ զանգվածային կեղծիքներ են եղել տնօրենի կողմից:

«Որովհետև եթե նա չաղավաղեր հատակագիծը,  նա իր համար փայ չէր կարող հատկացնել: Ակումբ ունեինք շքեղ, խճանկարով ակումբն էլ ապօրինի օտարեցին: 2005 թվին մենք պատահական հայտնաբերեցինք ինտերնետով, որ ակումբը կառավարության որոշմամբ վաճառվել է: Ամեն ինչ  արել են առանց մեզ, առանց կոլեկտիվի հետ հաշվի նստելու»,- ասում է Շուշան Գրիգորյանը:

Վերջինիս աշխատանքից ազատել են  և նա այս պահին գործազուրկ է, իսկ Նելլի Հակոբջանյանին, ով այս պահին ընկերության կադրերի բաժնի վարիչն է: Նրան արդեն զգուշացրել են, որ աշխատանքից ազատվելու է:

«Երեսուն տարի եսայդտեղ աշխատել եմ, բայց հարյուր դրամի եկամուտ չունեմ: Իսկ մարդիկ կան, որ գործարանի հետ ընդհանրապես կապ չունեն, այսօր գործարանն իրենց սեփականությունն է  հանդիսանում»,- ասում է Նելլի Հակոբջանյանը:

Մեր զրուցակիցներն այս խնդրով դիմել են նաև ԱԺ «Հայ ազգային  կոնգրես» խմբակցությանը և խնդիրը խմբակցության ղեկավար  Լևոն  Զուրաբյանը բարձրացրել է ԱԺ-ում` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:

 Նշենք նաև, որ բաժնետերեը  բոլոր խմբակցություններին և ԱԺ-ին  նույն բովանդակությամբ նամակ են ուղարկել,   ԱԺ աշխատակազմից այն ուղարկվել է դատախազություն, դատախազությունից էլ՝ հարկային:

«Երբ որ պարոն Լևոն  Զուրաբյանը հնչեցրեց մեր պրոբլեմը՝ կառավարության հետ հարց ու պատասխանում, մենք արդեն «Ժառանգություն» [խմբացությունից] պատասխան ստացանք: Այնտեղ գրված է, որ «Ժառանգությունը» խնդիրը հասցեագրել է վարչապետին, իսկ վարչապետը ուղղել է արդարադատության նախարարին ևարդարադատության նախարարի աշխատակազմը իր պատասխանում օրենքն էր մեզ պարզաբանում», ասում է տիկին Հակոբջանյանը:

Ուշագրավ է, որ երբ Լևոն Զուրաբյանն այս հարցը բարձրացրել է,  արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրել է, որպեսզի իրեն փոխանցի  «Հիդրոապարատ» ընկերության մասին տեղեկատվությունը, որպեսզի վերը նշված փաստերն ուսումնասիրվեն, սակայն նախարարը հավանաբար մոռացել է, որ այդ խնդրի վերաբերյալ իրենք արդեն պատասխանել են «Ժառանգության» համապատասխան նամակին, որը, սակայն, չի բավարարում բաժնետերերին:

«Գերմանական հաստոցներ ենք ունեցել, հատուկ մեր գործարանի համար արտադրված, 1994 թվականի գներչով՝ երկու միլիոն դրամ արժողությամբ: Հօդս են ցնդել այդ հաստոցները: Իսկ  2007-ին մենք դիմեցինք Նոր Նորքի ոստիկանություն, այնտեղ աշխատողներից  շատերը ցուցմունք տվեցին: Աշխատողներից մեկն էլ  ասել էր, թե ուր է գնացել այդ գերմանական հաստոցները, ոնց է  առ ու ծախը եղել: Դե թող հիմա զբաղվի ոստիկանությունը, մեզ ասում են, թե իբր հանցանք չկա»,- պատմում են բաժնետերերը:

\"\"

\"\"

Բաժնետերերը դատախազությունից  նամակ են ստացել, որում տնօրենի գործողություններն  արդարացնում են այն ձևով, թե իբր  այդ տարիներին գործարանը փլուզվել է, և  հիսուն միլիոն պարտք է  ունեցել:

«Բա ի՞նչ աներ խեղճ տնօրենը, բա ո՞նց աներ: Դրա համար քանի որ ապրանքի սպառում տեղի չի ունեցել, արդեն պահանջարկ չի եղել, ծրագրեր չեն եղել, ստիպված վաճառել է, որպեսզի այդ պարտքերը մարի»,- ասել են ոստիկանությունում: 

Ի դեպ բաժնետերերի բողոքներից հետո տնօրենը սկսել է սպառնալ նրանց ՝ ասելով.  «Դուք ուզում եք ինձ նստացնե՞ք, սպասեք տեսեք հլը ձեզ ինչ եմ անելու»:

Այնուամենայնիվ, բաժնետերերը պատրաստակամ են իրենց իրավունքների վերականգնման պայքարել մինչև վերջ և պնդում են, թե որևէ մեկի սպառնալիքը իրենց չի կարող կանգնեցնել: 

 

Նախորդ հոդվածը‘Գալու են դժվար ժամանակներ, հայտնվելու են նոր դավաճաններ ու թշնամիներ, բայց դրանից չի տուժելու այս արդար պայքարը. Facebook-յան արձագանքներ ‘
Հաջորդ հոդվածը‘Սովորական ցինիզմ. Սիրիահայերին գումարի փոխարեն կտրամադրեն կտրոն` «Երեւան Սիթի»-ից գնումներ կատարելու համար (Տեսանյութ)’