‘Իրավապահները Մայդանից ցրել են եվրաինտեգրացիայի կողմնակիցներին (տեսանյութ)’

1266

Նոյեմբերի 29-ի երեկոյան Կիևի գլխավոր հրապարակում հավաքված՝ եվրաինտեգրման հազարավոր կողմնակիցներ պահանջել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը: Ինչպես հաղորդում է  Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Կիևի միլիցիային, եվրաինտեգրացիայի և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև «մի շարք միջադեպերից և ընդհարումներից հետո» որոշում է կայացվել ցրել ցույցը: France-Presse գործակալության տվյալներով՝ ցուցարաների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ: Ակտիվիստները տեղեկացրել են, որ ակցիայի մասնակիցներին ծեծել են մահակներով: Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Մայդանն ամբողջությամբ անցել է «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման վերահսկողության տակ: iInterfax-ը հայտնում է, որ Ուկրաինայի եվրաինտեգրացիայի առնվազն 50 կողմնակիցներ հավաքված են դեպի Անկախության Մայդան դուրս բերող գետնանցումում, մի քանի հոգի էլ Մայդանի դիմացի փողոցում են: Ցուցարարների խոսքով՝ միլիցիան ձերբակալել է առնվազն 35 ցուցարարի: Անկախության Մայդանի շրջակայքում հատուկ ջոկատայիններով լիքը ավտոբուսներ են կայանած:

«Վիլնյուսում ձախողվելուց հետո մենք այսօր արթնացանք բոլորովին այլ երկրում: Վիլնյուսից հետո Ուկրաինան ավելի շատ նմանվում է Բելառուսին»,- այսօր  Կիևում Интерфакс-Украина-ին տված հարցազրույցում հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը՝ հավելելով, սակայն, որ ընդդիմության պլանները չեն փոխվում, և հիմա գլխավոր խնդիրը «միլիցիայում գտնվող մարդկանց այնտեղից դուրս բերելն է»:  Յացենյուկն ընդգծել է, որ Եվրամայդանի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ուկրաինայում հաջորդ նախագահական ընտրությունները (հերթական նախագահական ընտրություններն Ուկրաինայում կայանալու են 2015 թ.) հենվելու են «Բերկուտի» և հատուկ ծառայությունների վրա, բայց նաև համոզմունք է հայտնել, որ միլիոնավոր ուկրաինացիներ կպաշտպանեն իրենց ընտրությունը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը զգուշացնում է, որ Պուտինի այցի օրը Երևանում երթևեկությունը կաթվածահար է լինելու’
Հաջորդ հոդվածը‘Մաքսանենգության դեպք՝ մաքսավորների մասնակցությամբ «Զվարթնոցում»’