‘Իրավապաշտպան. «Մասնագիտական հանձնաժողով» տերմինն օգտագործելը մասնագետներին ուղղված վիրավորանք է ‘

2756

iLur.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

Պարոն Հարությունյան, իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական փոփոխություններ անցկացնել Հայաստանում: Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը. արդյո՞ք կարիք կա փոխելու երկրի մայր օրենքը: Ձեր կարծիքով՝ ո՞րն է այս գործընթացի նպատակը:

-Պարզ է, որ սահմանադրությունը փոխելու կարիք չկա: Այս սահմանադրությունը բոլորովին էլ չի խանգարում մեր երկրին ու նրա քաղաքացիներին: Երկրում առկա խնդիրները սահմանադրության բացերի ու թերությունների հետ չեն կապված: Կարելի է գրել ամենակատարյալ սահմանադրության տեքստ, կարելի է ամենաժողովրդավարական երկրի ամենակատարյալ սահմանադրությունը բերել եւ անվանել Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, բայց դրանից մեր երկրում ոչինչ չի փոխվի: Քանի դեռ օրվա իշխանությունն իր առաջ դրված խնդիրը չի փոխել՝ ոչ մի սահմանադրություն ոչինչ փոխել չի կարող: Ամենակատարյալ սահմանադրության դեպքում էլ սրանց պետք է լինելու ընտրակեղծիքների օգնությամբ պահել իշխանությունը, պետք է լինելու իշխանությունը օգտագործել հարստություն կուտակելու նպատակով, պետք է լինելու մեկուսացնել քաղաքական հակառակորդներին, պետք է լինելու պատժել անհամաձայններին, պետք է լինելու հարկային տեռոր կիրառել ոչ յուրային տնտեսվարողների նկատմամբ: Ամենակատարյալ սահմանադրության դեպքում էլ այս մարդիկ, որ մեր երկրում իշխանավորներ ու իշխանություն են կոչվում, շարունակելու են երկիրը որպես սեփական կալվածք, իսկ իշխանության հնարավորինս երկար պահպանումը, որպես պատասխանատվությունից խուսափելու լավագույն հնարավորություն դիտարկել: Սա արդեն սահմանադրության խնդիր չէ: Սա դաստիարակության, աշխարհընկալման խնդիր է: Ինչ սահմանադրություն էլ որ տաք այս դաստիարակությունը, աշխարհի մասին այս պատկերացումը ունեցող մեկին, միեւնույն է՝ նա անելու է այն, ինչ արվում է այսօր մեր երկրում:

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները, այդ հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ շրջանառության մեջ են դրել մի թեզ, ըստ որի՝ ներկայիս սահմանադրությունը մարդակենտրոն չէ, եւ պետք է մայր օրենքը դարձնել այդպիսին: Սա՞ ինչպես կմեկնաբանեք:

-Այս դեպքում «մասնագիտական հանձնաժողով» տերմինն օգտագործելը եւ՛ տեղին չէ, ե՛ւ մասնագետներին ուղղված վիրավորանք է: Մարդակենտրոն պետք է լինի, նախ, սահմանադրություն գրողների կամ փոփոխողների մտածողությունը, ապա նոր արդեն՝ նրանց գրած սահմանադրությունը: Թե ինչքանով է մարդակենտրոն սահմանադրական փոփոխություններ նախաձեռնողների ու այդ փոփոխությունները իրականացնողների մտածողությունը՝ կարող է ցանկացած մեկը պարզել՝ թեթեւ հայացք նետելով այս մարդկանց անցած ուղուն: Հայաստանի Սահմանադրական դատարանը, որ ղեկավարում է Գագիկ Հարությունյանը, արդեն քանի տարի է՝ զբաղված է մայր օրենքը ծաղրելով, այն ոտքի փաթաթան դարձնելով: Սեփական իշխանահաճո վարքով, օրվա քաղաքական իշխանության հրահանգները հնազանդորեն կատարելու, բոլոր եղած ընտրակեղծիքները վավերացնելու իր պատրաստակամությամբ նա, կարծում եմ, զրկել է իրեն ճոռոմ տերմինաբանությամբ հրապարակային հայտարարություններ անելու եւ Հայաստանի քաղաքացիների կողմից ընկալված, հասկացված ու ընդունված լինելու պատվից: Լավ կանեն՝ առանց վերամբարձ հայտարարությունների, լուռ կատարեն վերեւից իջեցված հանձնարարականները եւ վայելեն հնազանդության համար իրենց տրված բաժինը:

Այս օրերին նաեւ շրջանառության մեջ է դրվել թեզ, թե երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումը կախված է Սահմանադրության որակից, եւ եթե սահմանադրական բարեփոխումներ անցկացվեն, ապա շատ խնդիրներ կլուծվեն: Այս մասին ի՞նչ կասեք:

-Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը մտացածին է: Այն ինչ-ինչ նկատառումներով պետք է գործող իշխանությանը: Ամենայն հավանականությամբ՝ այս փոփոխությունը պետք է լուծի այս կամ այն կերպ սեփական վերարտադրության խնդիրը: Երկրում առկա շատ խնդիրներ կլուծվեն ոչ թե հորինված, անտեղի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, այլ միայն այն դեպքում, երբ հնարավոր կլինի ընտրությունների արդյունքում իշխանափոխություն իրականացնել: Երբ երկիրը կղեկավարի իրոք ժողովրդի քվեն ստացած իշխանությունը: Սրան պետք է ուղղված լինի Հայաստանի յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու յուրաքանչյուր քայլ:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Անգլիա. Դատավորը ննջել է մանկահասակ երեխայի բռնաբարության գործով դատավարության ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Պերուի իշխանությունները աճուրդի կդնեն հետախուզության նախկին ղեկավարի թանկարժեք զարդերը’