‘Լավրով. Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել ԱՄՆ-ի դեմ’

10146

Մոսկվան մտադիր չէ պատերազմել ԱՄՆ-ի դեմ կամ սիրիական Հալեպը գրավել՝ ի շահ Բաշար Ասադի բանակի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամերիկյան CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Լավրովը մեկնաբանել է նաև իր բրիտանացի գործընկերոջ՝ Բորիս Ջոնսոնի այն հայտարարությունը, թե Սիրիայի ռմբակոծությունը Ռուսաստանին կարող է դարձնել վտարյալ (իզգոյ) երկիր: «Ինչ վերաբերում է պատմության ճիշտ կամ սխալ կողմում հայտնվելուն, այն հայտարարություններին, թե արդյո՞ք Ռուսաստանը հզոր տերություն է, թե՞ իզգոյ երկիր, ամենայն հարգանքով հանդերձ՝ մեր անգլոսաքսոն բարեկամները բազմադարյա ավանդույթ ունեն որոշելու՝ ո՞վ է այլախոհ երկիր, ո՞վ՝ հզոր, և ո՞վ՝ իզգոյ երկիր»:

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը մտադիր չէ Միացյալ Նահանգների հետ ավելի սրել իր ներկայիս «սառը» հակամարտությունը:

«Մենք բացարձակապես նման մտադրություն չունենք: Բնականաբար՝ մենք լսել ենք ամերիկյան զինվորականների հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելի է: Ես դա թողնում եմ նրանց խղճին»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:

Վերջերս ամերիկյան լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել, որոնցում ԱՄՆ բանակի գեներալ Ուիլյամ Հիքսը հավանական սպառնալիքներին նվիրված համաժողովում հայտարարել է, թե Չինաստանի և Ռուսաստանի դեմ պատերազմը, եթե դա տեղի ունենա, կլինի «շատ արագընթաց ու մահաբեր»: Մեկ այլ գեներալ՝ Մարկ Միլլին, նույն նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակամարտությունը Ռուսաստանի կամ Չինաստանի հետ «գործնականում  անխուսափելի է»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռայան Գիգզ. Մի քիչ խղճում եմ Ռունիին’
Հաջորդ հոդվածը‘Նիդեռլանդներ. Էֆթանազիա՝ ոչ միայն մահացու հիվանդների համար’