‘Նիդեռլանդներ. Էֆթանազիա՝ ոչ միայն մահացու հիվանդների համար’

3712

Հոլանդիայի կառավարությունն օրինագիծ է նախապատրաստում, որը նախատեսում է օրինականացնել կյանքից կամավոր հեռանալ ցանկացողների աջակցությունը, որոնք այն կարծիքի են, որ «իրենց կյանքն ավարտվել է», սակայն մահացու հիվանդ չեն:

2002 թ. Հոլանդիան դարձավ առաջին երկիրը, որն օրինականացրեց էֆթանազիան, սակայն միայն այն հիվանդների համար, որոնք անտանելի ցավերի են մատնված և բուժվելու հույս չունեն:

Ըստ Reuters-ի հաղորդման՝ խորհրդարանին ուղղված համատեղ նամակում արդարադատության և առողջապահության նախարարները նշում են, որ թեպետ նոր օրենքը դեռ մշակման կարիք ունի, այն մարդիկ, ովքեր «կշռադատված կերպով հանգել են այն եզրակացության, որ իրենց կյանքն ավարտված է, պետք է հնարավորություն ունենան, խիստ և մանրակրկիտ չափանիշների պահպանմամբ, կյանքին վերջ տալ արժանապատվորեն»:

Էֆթանազիայի նկատմամբ քաղաքականությունը մեծ աջակցություն  ունի հոլանդական հասարակության շրջանում, և բժիշկների օգնությամբ կյանքին հրաժեշտ տվող հիվանդների թիվն անշեղորեն աճում է տարեցտարի: Նաև մեծանում է այն բժիշկների թիվը, որոնք պատրաստ են օգնել այդ հարցում: 2015 թ. Նիդեռլանդներում գրանցվել է էֆթանազիայի 5516 դեպք, ինչը կազմում է այդ երկրում մահացությունների 3,9 %-ը: Էֆթանազիան կարող է կիրառվել նաև երեխաների նկատմամբ՝ սկսած 12 տարեկանից, ինչպես նաև, որոշակի պայմանների առկայության դեպքում՝ մինչև երկու տարեկան նորածինների նկատմամբ:

Առողջապահության նախարար Էդիթ Սհիփերսը նշել է, որ սեփական ընտրությամբ կյանքից հեռանալն ավելի բնորոշ է տարեց մարդկանց, ուստի նոր համակարգը կսահմանափակվի այդ տարիքային խմբով: Այնուհանդերձ՝ նա տարիքային շեմ չի նշել, որից սկսած՝ կգործի նախապատրաստվող օրենքը, որը վերջնականապես պատրաստ կլինի 2017 թ. կեսերին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել ԱՄՆ-ի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը և ԱՄՆ-ը կվերսկսեն բանակցությունները Սիրիայի վերաբերյալ’