‘Լատվիայի նախագահն անիմաստ է համարել եվրոյի գովազդը’

745

Եվրոյին անցնելու՝ Լատվիայում անցկացված տեղեկատվական արշավն իր նպատակին չի հասել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է DELFI-ն, հայտարարել է Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը:

Լատվիայի նախագահը վկայակոչել է վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքները. SKDS կենտրոնի հարցման համաձայն, որն անցկացվել է հոկտեմբերին, լատվիացիների ընդամենը 20 %-ն է կողմ երկրում եվրո մտցնելուն, իսկ բնակչության 58 %-ն այդ գաղափարին դեմ է արտահայտվել: «Ըստ երևույթին՝ եվրոյի կամպանիան նպատակին չհասավ, չհամոզեց մարդկանց, որ եվրոյի ներմուծմամբ՝ իրենք չեն տուժի, որ շատ կարճ մի ժամանակ կլինեն ոչ մեծ դժվարություններ»,- ընդգծել է երկրի նախագահը:

Ավելի վաղ Բերզինշն արդեն քննադատել էր այդ տեղեկատվական արշավը: «Եթե նկատի ունենանք, որ եվրոյին անցնելու որոշումն արդեն իսկ կայացված է, ապա ես հիմքեր չեմ տեսնում հարյուր հազարավոր լատ ծախսել դրա գովազդի համար,- նշել էր նախագահը:- Մեր քաղաքական գործիչները պետք է շատ ավելի լուրջ վերաբերվեն պետական միջոցները ծախսելուն»:

Սպասվում է, որ Լատվիան եվրոյի գոտի կմտնի 2014 թ. հունվարի 1-ից և կդառնա արժույթային միության 18-րդ անդամը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան որոշեց. ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրելու ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի փաստաբանն օմբուդսմենին է դիմել ‘