‘Լատվիայում ուզում են արգելել գեորգիևյան ժապավենները’

929

Լատվիայի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել են արգելել գեորգիևյան ժապավենների կիրառությունը հասարակական միջոցառումների ընթացքում:

Գեորգիևյան ժապավենը ռուսաստանյան նեոիմպերիալիզմի խորհրդանիշն է, այն նաև նույնացվում է Ղրիմի օկուպացիայի և Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների հետ, պնդում են օրինագծի հեղինակները:

Պատգամավորների խոսքով՝ ետխորհրդային երկրների հասարակություններն անհանգստացած են  ռուսաստանյան քարոզչության ազդեցության աճից, ինչի կապակցությամբ մի քանի պետություններում գեորգիևյան ժապավենների օգտագործումը սահմանափակված է, իսկ մի քանիսում՝ արգելված:

Ժողովրդական պատգամավորներն առաջարկում են Լատվիայի տարածքում լիովին արգելել գեորգիևյան ժապավենների կիրառությունը հանրային զվարճալի ու տոնական միջոցառումների ժամանակ: Օրինագծի հեղինակներից մեկը՝ Վեյկո Սպոլիտիսը, հղում անելով Անդրեյ Մակարևիչին և Յուլյա Լատինինային՝ նշում է, որ գեորգիևյան ժապավենի դերը լիովին փոխվել է՝ եթե այն հայտնվել է որպես  արիության խորհրդանիշ, ապա Ղրիմի օկուպացիայի պահից վերածվել է ագրեսիայի խորհրդանիշի: «Երբ Կրեմլը տեղեկատվական պատերազմ է մղում հարևան պետությունների դեմ, գեորգիևյան ժապավենը դառնում է Պուտինի վարչակազմի խորհրդանիշը: Այն նույնպիսի խորհրդանիշ է դարձել, ինչպես սվաստիկան կամ մուրճ-մանգաղը:…Օրինագիծը ոչ թե շքանշանների դեմ է, այլ ատելության և ագրեսիայի խորհրդանշանի դեմ»,- BBC-ի ռուսական ծառայությանը պարզաբանել է պատգամավոր Սպոլիտիսը:

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպաններ. ԻՊ գրոհայինները կարող են ավերել Պալմիրան’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԱ.Սերգեյ Բոբրովսկի. «Շվեդներն ուժեղ հակառակորդ են, այնպես որ, ճակատամարտ է սպասվում»(տեսանյութ)’