‘Լեւոն Բարսեղյան. Ձեռը քարի տակ է, երեւի’

4035

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Այսօր Գյումրիի ավագանու նիստի Օրակարգում է «Վերածնունդ» միջազգային մրցույթփառատոնին դրամական նվիրատվություն կատարելու հարցը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է այս հարցով դիմել Գյումրու ավագանուն՝ քննարկման դնելու այդ կազմակերպությանը 5 մլն դրամ հատկացնելու հարցը: Պարզ լինելու համար նշենք, որ «Վերածնունդ» փառատոնի համանախագահն է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, ով նաև «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Այս թեմայի շուրջ լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է.

Գյումրի համայնքի ղեկավարին է դիմել «Վերածնունդ» փառատոնի համանախագահ Լեւոն Սարգսյանը «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությանը դրամական նվիրատվություն կատարելու խնդրանքով: Որոշման ընդունումը պայմանավորված է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը պատշաճ կազմակերպվածությամբ եւ բարձր մակարդակով անցկացնելու նպատակով, որի համար անհրաժեշտ է 5.000.000 (հինգ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ: Այս դիմումից ձեւավորվել է Գյումրու Ավագանու 2014 թվի փետրվարի 11-ի նիստի հինգերորդ հարցը եւ որոշման նախագիծը, որով նախատեսվում է հատկացնել այդ գումարը հիշյալ ՀԿ-ին:

Տարբեր տարիներին այս փառատոնի կազմակերպմանն ու անցկացմանը օժանդակել են այնպիսի գործածարար հսկաներ, ինչպիսիք Հարավկովկասյան երկաթուղին եւ Վիվասել-ՄՏՍ-ն են, իհարկե շնորհակալություն իրենց, հնարավորություն ունեցել են` աջակցել են: Ունի՞ արդյոք Գյումրու 2014 թվի բյուջեն այդպիսի հնարավորություն եւ իրականում ինչպե՞ս կարող է աջակցել քաղաքը «Վերածնունդ» փառատոնի անցկացմանը:

Անցած տարիներին Գյումրու բյուջեից հասարակական կազմակերպություններին տարեկան ֆինանական օժանդակությունների ընդհանուր ծավալը չի անցնում 1-3 մլն դրամը: Այդ տարիներին Գյումրու բյուջեն, եթե չասենք նվազել է, ապա մնացել է 2,9-3,1 մլրդ դրամի սահմաններում, շնչին ընկնող բյուջեն մոտավորապես 26.000 դրամ է: Քաղաքի 2014-ի բյուջեի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով տարվա ծախսը ընդամենը 9 մլն դրամ է նախատեսված, որից 5 մլն-ը առաջարկվում է հատկացնել այս հասարակական կազմակերպությանը: Այսպիսով Գյումրիում գործող ավելի քան 50 հասարակական կազմակերպություններին եւ այլ շահույթ չհետապնդող ոչ իշխանական կառույցներին մնում է առավելագույնը 4 մլն դրամ` ամբողջ մնացած տարվա համար, իսկ տարին նոր է սկսվում եւ արդեն մեկ տասնակից ավելի կազմակերպություններ ուշագրավ գաղափարներ ունեն քաղաքապետարանին ներկայացնելու: Եթե սրան էլ գումարենք ծայրը ծայրին հասցնելու քաղաքապետարանի շարունակական չարչարանքը, 5 մլնի նվիրատվութունը հաստատելու դեպքում, հետաքրքիր իրադրություն է առաջանալու տարվա ընթացքում մյուս համանման դիմումատուների հետ կապված, ասենք` 10 ՀԿ դիմում է մեկական միլիոնանոց բավականաչափ ուշագրավ գաղափարների իրականացման համար, մերժումնե՞ր են ստանալու, պատասխանելու են փող չկա՞, եթե ոչ` որտեղից են հատկացնելու, չի ստացվելու՞, որ համայնքի հասարակական կազմակերպություններին թողած, դրսի կազմակերպություններին է ֆինանսավորում Գյումրու բյուջեն: Իսկ պատահե՞լ է, որ Երեւանի բյուջեից Գավառի կամ Վանաձորի ՀԿ գործունեություն ֆինանսավորվի: Չի պատահել, իհարկե:

Խնդրարկուի մասին. Լեւոն Սարգսյան` Սերժ եւ Սաշիկ Սարգսյանների եղբայրը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահը: Հատկանշական է, որ այդ հիմնադրամը 2011 թվին ունեցել  742,5 մլն դրամի նվիրատվություն, (առավելագույն նվիրատվությունները` 109,9 մլն դրամ` Kaiqi Group Co LTD-ից, 98,8 մլն դրամ` Ningbo Kelsun Inil Co-ից, 71,5 մլն դրամ` Nanjing Wande play facilities-ից, 58,6 մլ դրամ` Mebs global reach Lc-ից եւ այլն), ընդամենը 38 նվիրատու, նվիրատվության միջին գումարը` մոտ 19,5 մլն դրամ: Նվիրատուների ցանկում տեղական ե՛ւ արտասահմանյան ընկերություններ, բանկեր, ե՛ւ անհատ մեծահարուստներ: Այս ցանկում միակ նվիրատու համայնքը Գյումրին է` 1,15 մլն դրամ: 2012 թվականին` «Փյունիկ» հիմնադրամը ունեցել է Գյումրու բյուջեին ամբողջությամբ համադրելի եկամուտ տարբեր նվիրատուներից. 2,893 մլրդ դրամ, որի խոշոր նվիրատուներն են եղել Kaiqi Group Co LTD-ը` 851,9 մլն դրամ, Երեւան Հիմնադրամը` 541,9 մլն դրամ, Ղանբերջի Կաբրելը` 389,4 մլն դրամ, First telecom trading-ը` 121,9 մլն դրամ, Good prom.enterprise Lt-ը` 83,6 մլն դրամ եւ այլն: Նվիրատուների ընդհանուր թիվը, 48 է (չհաշված նվիրատուների մի խմբի, որոնց անունները մեզ անհայտ են, որոնք նվիրել են ընդհանուր առմամբ 389,4 մլն դրամ): Նվիրաբերված միջին գումարը կազմում է 52,1 մլ դրամ:

«Փյունիկ» հիմնադրամի 2011թ., ծախսերում բարեգործություն եւ օգնություն կա` 58,9 մլն դրամ, նյութական աջակցություն ապրանքային տեսքով` 722,2 մլն դրամ, փառատոնների կազմակերպում եւ տրանսպորտային ծախս` 6,8 մլն դրամ, իսկ 2012-ին` ֆինանսական աջակցություն` 602,9 մլն դրամ, փառատոնների կազմակերպում եւ տրանսպորտային ծախս` 41,5 մլն դրամ, բարեգործություն եւ օգնություն` 456,2 մլն դրամ, նվիրատվություններ` 28 մլն դրամ եւ այլն:

Հետաքրքիր բան է ստացվում, մարդը, որ այսպիսի հիմնադրամի նախագահն է, նամակով դիմում է Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից մեկին, խնդրելով 5 մլն դրամ հատկացնել մի հասարակական կազմակերպության: Այս թվերն ուսումնասիրելուց հետո զարմանալի չէ՞, որ իր հիմնադրամից «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությանը օժանդակելու փոխարեն Լեւոն Սարգսյանը դիմում է Գյումրի քաղաքին: Էլ չենք խոսում իր մեծահարուստ եղբայրներին նույն խնդրով դիմելու հնարավորության մասին:

«Վերածնունդ» փառատոնը, որքան հայտնի է ոլորտից տեղյակ մարդկանց, հսկայական գումարներ է ստանում որպես նվիրատվություն տարբեր կազմակերպություններից, փառատոնին աջակցում է Սերժ Սարգսյանի տիկինը, իր ֆինանսական ներդրումն է կատարում նաեւ մշակույթի նախարարությունը, ուրեմն ինչն է պատճառը, որ Լեւոն Սարգսյանը դիմում է քաղաքին 5 մլն դրամի օժանդակությանխնդրանքով: Երբ ուսումնասիրում ես 2014 թվի ապրիլի 10-19-ը կայանալիք հերթական փառատոնի հայտարարությունը, նկատում ես, որ Հայաստան-ԼՂՀ մասնակիցները պարտավոր են մասնակցային վճար կատարել 3000-6000 դրամի չափով, երգչախումբը` 20.000 դրամի չափով, իսկ օտարերկրյա մասնակիցները` 80-100 եվրոյի չափով` յուրաքանչյուրը: Հյուրերի ճնշող մեծամասնությունը Գյումրիում մնալու եւ սնվելու ծախսերը ինքնուրույն են հոգալու:

Այս ամենի ֆոնին հազարավոր գյումրեցիների գլխում արդարացի հարց է ծագում. ինչո՞ւ պիտի 4.000 անօթեւան ընտանիք ունեցող քաղաքը, որի փողոցների 80 տոկոսը քարուքանդ են ու 25 տարի որեւէ նորոգման չեն ենթարկվել, վերցնի ու իր բյուջեից 5 մլն դրամ հատկացնի, ինչու պիտի մի քաղաք, որի բնակիչներից յուրաքանչյուր երկրորդը աղքատ է եւ սոված, վերցնի 5մլն դրամ նվիրաբերի ինչ-որ մի հասարակական կազմակերպության, որ ֆինանսավորման անհամեմատ մեծ հնարավորություն ունի, քան այս քաղաքը: Գուցե Լեւոն Սարգսյանը, տեղյակ չէ, թե ինչ իրավիճակ է քաղաքում, եթե կկամենա, մի զբոսանք կկազմակերպենք այստեղ: Հետաքրքիր է նաեւ, թե ինչու Գյումրու քաղաքապետին խնդրանքով չի դիմել հասարակական կազմակերպության ղեկավարը եւ դրա համար անհանգստացրել է Լ.Սարգսյանին: Յուրաքանչյուրին այստեղ հասկանալի է, որ 5 մլն դրամը մեկ եւ նույնիսկ երկու սենյականոց մի բնակարան է որեւէ անօթեւան ընտանիքի համար, որից պետությունը ձեռ է քաշել, ասելով, թե պարտավորություն չունի, 5 մլն դրամը 3-4 հազար պարկ վառելափայտ է նույն անօթեւանների համար, 5 մլն դրամը 700 երեխայի մեկ ամսվա մանկապարտեզի ուսման վարձ կարող է դառնալ, նրանց համար, ովքեր երեխային մանկապարտեզ չեն ուղարկում հենց այդ փողի բացակայության պատճառով եւ այլն:

Պարտադիր է՞, որ քաղաքն օգնի հենց այնքան գումարով, որքան խնդրում է որեւէ խնդրարկուն: Բոլորովին  պարտադիր չէ, վերջ ի վերջո, Ավագանին է իր հավաքականությամբ որոշում հատկացնե՞լ այս գումարը, թե՞ոչ: Կամ հատկացնելիս` ինչքա՞ն հատկացնել, մարդը 5 մլն է խնդրել, լավ է արել, Ավագանին կարող է հատկացնել 100 հազար եւ ներդրում ունենալ այդ գործում: Կամ ոչ մի բան էլ չհատկացնի, եւ ստանձնի փառատոնի օրերին Գյումրիում Թատրոնի կամ մեկ այլ դահլիճի վարձակալման ծախսը` իր բյուջեից: Այդպես, կարծում եմ, ավելի արդարացի կլինի, քաղաքի փողերը կծախսվեն քաղաքում, եւ ինչ-որ չափով հնարավոր կդառնա այդ ֆինանսական հատկացումը մեկնաբանել 25 տարի է դժոխային պայմաններում ապրող տասնյակ հազարավոր քաղաքացիներին: Եւ վերջապես, այդ 5 մլնի վրա կարող ենք 2-3 մլն էլ դնել ու առանց արջի ծառայության, ոչ պակաս մի փառատոն կազմակերպել:

Լեւոն Բարսեղյան

 

Նախորդ հոդվածը‘Նախագահականը 721 հատ դանակ է գնելու՝ 1 մլն 190 հազար դրամի ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի չորս խաղացողներ տղամարդ են’