‘Լեւոն Զուրաբյան. Ապացուցեք, որ ավազակապետություն չեք ‘

1651

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում իր ունեցած ելույթում անդրադարձել է ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությանը՝ նշելով, որ իշխանությունը կդադարի ավազակապետություն լինել, եթե ձեւավորված լինի ազատ եւ հավասար ընտրությունների արդյունքում: Ելույթը ներկայացնում ենք ստորեւ.

 

Հանրապետական խմբակցության իմ հարգարժան կոլեգա Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի կողմից պետական միջոցների յուրացման իմ երեկվա մեղադրանքներին, ասել է հետեւյալը. «Պետությանը չի կարելի ասել ավազակապետություն, պետությունը ժողովուրդն է: Այլ բան է, որ իշխանություններին վերագրեք»:

«Ավազակապետություն» եզրույթը մեր համաժողովրդական Շարժման կողմից օգտագործվում է արդեն հինգ տարի, եւ այդ ամբողջ ժամանակաշրջանում նույն քննադատությունը հնչում է Շարժման հասցեին: Այսօր վերջապես հարմար առիթ է պարզություն մտցնելու այս հարցում, որ, ինչպես ասվում է, ոչ դուք մեզանից նեղանանք, որ մենք ձեզանից: Բացի այդ, իմ ելույթի վերջում ես ցանկանում եմ մի առաջարկություն անել, որից դուք, պիտի որ չկարողանաք հրաժարվել:

Կարծում եմ «ավազակապետություն» եզրույթի օգտագործման հարցում մեզ քննադատողները փոքր մի բաց ունեն իրենց լեզվաբանական գիտելիքների մեջ, բաց, որը ես անկեղծորեն կուզեի լրացնել:

Եւ այսպես, կան բառեր, որ ծագում են հին հունարենից եւ պարունակում են «կրատիա» կամ «արխիա» արմատները, ինչը նշանակում է իշխանություն. «արիստոկրատիա», «կլեպտոկրատիա», «դեմոկրատիա», «մոնարխիա»: «Արիստո» նշանակում է ազնվականություն, «արիստոկրատիա» նշանակում է ազնվականության իշխանություն, կամ, «կլեպտո» նշանակում է գող, «կլեպտոկրատիա» նշանակում է գողերի իշխանություն, գողապետություն, «դեմոս» նշանակում է ժողովուրդ, դեմոկրատիա նշանակում է ժողովրդի իշխանություն: Եւ «կրատիա», եւ «արխիա» բառերը հայերենում փոխանցվում են «պետություն» բառով: Ընդհանրապես, երբ հայերենում «պետություն» բառը օգտագործվում է շաղկապված մեկ ուրիշ արմատի հետ, այն նշանակում է ոչ թե պետություն, այլ իշխանական համակարգի բնութագիր. Օրինակ՝ միապետություն, այսինք «մոնարխիա», «նվիրապետություն», այսինքն հիերարխիա, եւ այլն:

Ուստի, երբ մենք օգտագործում ենք «ավազակապետություն» բառը, նկատի ունենք (եւ ցանկացած լեզվաբան դա կհաստատի) ոչ թե պետությունը, այլ իշխանությունը, նրա որակը, կամ, եթե կուզեք, բնութագիրը: Այսպես որ, պարոն Սահակյան, մենք շատ հարգալից վերաբերմունք ունենք պետության եւ նրա ինստիտուտների նկատմամբ, եւ օգտագործելով ավազակապետություն բառը, նկատի ունենք ոչ թե պետությունը, այլ իշխանություններին, այսինքն լիովին տեղավորվում ենք ձեր տված խորհրդի շրջանակներում:

Իսկ եթե ցանկանում եք ապացուցել, որ ազակապետություն չեք, ցույց տվեք, որ պատրաստ եք անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ: Ընտրագողությունը ավազակապետության բնորոշ հատկանիշներից է: Հայ Ագային Կոնգրեսը պատրաստել եւ շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի ամբողջական փաթեթ, որի ընդունումը թույլ կտա կանխել ընտրագողության հիմնական ձեւերը. բազմակի քվեարկությունը, ընտրողների քվեարկության վերահսկումը ընտրակաշառակերների դեմ, զինվորների պարտադրված քվեարկությունը եւ այլն:

Եթե այդքան վստահ եք ձեր ուժերին եւ ձեզ իշխանագող չեք համարում, ապա ընդունեք այդ ընտրական փաթեթը եւ դրանով ցուցադրեք ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ձեր քաղաքական կամքը, որի մասին դուք խոսում եք միջազգային բոլոր ամբիոններից:

 

Նախորդ հոդվածը‘Արդյո՞ք ՀՀ քաղաքացիները վստահում են դատարաններին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը Ամանորը կանցկացնի Երեւանում’