Լիզա Ճաղարյան. ԱԺ–ն սկսեց «էթալ–գալ»

19681

«Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Արևի առաջին ճառագայթների ներքո» սկսվեց…

Չէ, սա ուրիշ «կինոյից» է։

«Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին»…

Ոնց որ թե սա էլ է ուրիշ «կինոյից»։

…Չնայած` եթե բարեխղճորեն ու նվիրումով դեգերենք ԱԺ նիստերի դահլիճում, այստեղ էլ «մուկ» կգտնենք։ Վերստին։

Կարճ ասած, այսօր սկսվեց ՀՀ Ազգային ժողովի 8–րդ գումարման առաջին նիստը։

Անսպասելի բան չկատարվեց ԱԺ դահլիճում. Հայաստանի հպարտ քաղաքացիներիս համար այլեւս ոչ մի բան չի կարող անսպասելի լինել այդ տարածքում` 1999 թվականի հոկտեմբերի 27–ից ի վեր։

Անսպասելի բան կատարվեց ի՛նձ հետ. Աժ դահլիճում թագավորող երեսպաշտության ցուցքի ողջ ընթացքում ո՛չ զայրացա, ո՛չ նյարդայնացա, ոչ էլ նախշեցի «սույներին» ոսկեղենիկ էպիտետներով ու մակդիրներով։ Նույնիսկ «Հայաստան» դաշինքի եւ «Պատիվ ունեմի» ներկայացուցիչների բոցաշունչ ելույթները` ի պաշտպանություն արդարության, արդարադատության, խոսքի ազատության, մարդու իրավունքների ու եսիմէլինչ լավ–լավ բաների մասին` նյարդերիս «հովվերգական անդորրը» ի զորու չեղան խաթարել։

Անգամ լրագրողների հետ Ալեն Սիմոնյանի «էթըմ–գալիս»–ը, «որեւիցե ձեզնից մեկը» ու մնացյալ սուպերգրագետ ձեւակերպումները չվերադարձրին նման դեպքերում մշտարթուն եւ բոցավառվող իմ ավյունը։

Մի պահ մտքովս անցավ, որ օրվա ԱԺ, այսպես կոչված` ընդդիմության բախտը լա՜վ բերել է. ո՞նց էին տեղավորելու իրենց աննկուն «դոշերին» հարյուրավոր քաղբանտարկյալների (միայն քաղբանտարկյալների, զոհերին չհաշվենք) լուսանկարների դաջվածքները, եթե իրենց «բախտ վիճակվեր» լինել այդ նույն «Հայաստան» դաշինքի պարտված վարչապետացու Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ընդդիմախոսը։ Բայց դա էլ, ոնց որ ասացի` պահ էր, եկավ ու «էթաց»։

Ինչպեսեւ ողջ նախընտրական քարոզարշավի շրջանում էր, այսօր էլ կրկին համոզվեցինք, որ Ազգային ժողով մուտք գործած իշխանական եւ ընդդիմադիր ուժերն այնքա՜ն արժեն իրար, այնքա՜ն արժեն, որ ինչքան էլ ուզենաս` չես կարող մտքովդ չանցկացնել, որ մի հորից, մի մորից են ծնվել, եւ այդ «արյունակցական» կապը մի օր կստիպի, որ հասարակությանը թամաշաներ մատուցելու հաճույքից հրաժարվեն ու գիրկընդխառնվեն։

Մի լավ բան էլ պատահեց ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստի օրը. Յուքոմն անջատեց ինտերնետս էլ, հեռուստատեսությունն էլ, եւ ես չտեսա, թե ինչպես ԱԺ նախագահ ընտրվեց Սիմոնյան Ալենը եւ չիմացա` ընտրվելուց հետո «էթաց տներո՞վ», թե՞ որոշեց քնել ԱԺ նախագահի աշխատասենյակում` երջանկության բաժակը մինչեւ հատակն ըմբոշխնելու համար։

Եվ մինչ ՀՀ Ազգային ժողովում այսպիսի զարմանահրաշ իրադարձություններ էին կատարվում, լրատվամիջոցները հաղորդեցին, որ իր տան մեջ դանակի 11 հարված է  ստացել եւ դաժանորեն ծեծվել Երեւանի քաղաքապետարանի մեկ ավագանու անդամ, անհայտ հանգամանքներում հայտնաբերվել է մեկ հայ զինվորի անշունչ մարմին, իսկ փրկարարները շարունակում են զոհված զինվորների աճյուններ հավաքել գրավված տարածքներում։ Այսօր չորս աճյուն են գտել։ …Պատերազմի ավարտից ինն ամիս հետո։

Իրոք աննախադեպ ժամանակներ ենք ապրում. նյարդերն էլ են անզորությունից մեռնում։

Նախորդ հոդվածըՎարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն
Հաջորդ հոդվածըՈ՞ր պահից աշխարհը սկսեց «հայերին չսիրել»․ ՉԻ