‘Լիզա Ճաղարյան. «Անհաջող կատակ»՝ ճշմարտության դառը հատիկով’

5754

Իմքայլական ԱԺ պատգամավորներից մեկն օրերս ասել է, որ ներկա իշխանությունը «առնվազն 40 տարի» ղեկավարելու է երկիրը։

Այս հայտարարությունն ինձ «առնվազն» հիշեցրեց աննկուն ՀՀԿ-ական Էդիկ Շարմազանովի հոխորտանքները։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Շարմազանովը 50 տարի էր նախատեսել ՀՀԿ ավազակախմբի համար, իսկ ահա ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի այժմյան նախագահն ահագին համեստ է՝ 40 տարի է ծրագրել։ Ա՛յս պահին։ 40 տարի հետո հնարավոր է՝ եւս 40 տարի էլ երկարացնի ՔՊ-ի իշխանության «անմահության» ժամկետը։ Շատ ճկուն «առնվազն» հավելումն ապրած կենա։

Շարմազանովի ինքնագոհ կանխատեսումը բարեբախտաբար կանխատեսում էլ մնաց, չնայած ՀՀԿ-ականների կառուցած հանցագործ բուրգն այնքան «կուռ ու կատարյալ» էր, որ ինչքան էլ զայրացներ մեզ ավազակախմբի ամբարտավանությունը, այնուամենայնիվ շոշափելիորեն ցավոտ տագնապ էր թեւածում գաղջ մթնոլորտում, որ այդ կանխատեսումն այնքան էլ անիրական չէ։

Նիկոլ Փաշինյանի կառավարման այս չափազանց փխրուն շրջանում «առնվազն» տարօրինակ է օրենսդիր մարմնի ներկայացուցչի այս ինքնավստահությունը։ Կույր չենք, բոլորս ենք տեսնում իշխանություն կորցրած նախկինների կատաղի, հիստերիկ ցնցումներով եւ նախանձելի կազմակերպվածությամբ ու նպատակասլացությամբ հարձակումները։ Ավաղ, տեսնում ենք նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անկատարությունն ու հեղհեղուկությունը, որի հիմնական պատճառն, ըստ իս, այն է, որ այս քաղաքական ուժի ԱԺ պատգամավորության թեկնածուների ցուցակը կազմողները հեղափոխական ակտիվիստին ու քաղաքական գործչին դրել էին նույն նժարին, եւ հիմա հանրությունը թավշյա թախիծով տեսնում է, որ ակտիվիստի կարգավիճակից ԱԺ-ում փափուկ վայրէջք կատարած «օրենսդիր» ջահելներից շատերը մինչ օրս գլխի չեն ընկել, թե որն է իրենց առաքելությունը։ Եվ առայժմ լավատեսության հիմքեր չկան, թե երբեւէ գլխի կընկնեն։ Կամ՝ եթե նույնիսկ գլխի ընկնեն, ունե՞ն այն անհրաժեշտ ունակություններն ու գիտելիքները՝ պոպուլիստ ակտիվիստից լրջմիտ օրենսդիրի փոխակերպվելու համար։

Այս մտատանջություններով հանդերձ, խոստովանենք, որ համակրելի երիտասարդ իմքայլական պատգամավորի ինքնավստահությունն այնքան էլ անիրատեսական չի թվում։

Եթե։

Եթե ներկա իշխանությունը շարունակի այնպիսի քաղաքականություն վարել, որ Հայաստանի գլխին մշտապես կախված մնա նախկին ավազակախմբի վերադարձի վտանգը։

Հնարավո՞ր է, որ «առնվազն 40 տարի» իշխանավարելու պայծառ հեռանկարի հիմքում հենց այդ «բոբոն» է դրվել՝ հանրությանը գերլարված պահելու համար։ Ավելի պարզ եթե ասենք, կստացվի, որ ՔՊ-ական իշխանությունները չար երեխաներին սաստող ծնողների քաջածանոթ մեթոդն են կիրառում նախկիններին ողջ ուժով ատող ՀՀ քաղաքացիների նկատմամբ. «Ա՛յ, որ մեզանից դժգոհեք, էն ՀՀԿ-ական ու ռոբական «մեշոկ պապիները» հետ կգան ու ձեզ հում-հում կուտեն»։

Առայժմ համարենք, որ ԱԺ իմքայլական պատգամավորն անհաջող կատակ է արել, եւ իմ վերոգրյալ ենթադրությունն էլ դրանից բխող անհաջող կատակների շարքից է։

Եվ հուսանք, որ նոր իշխանության ինքնավստահությունն այլ՝ անհամեմատ ազնիվ ակունքից է սնվում։ Այսինքն, ՔՊ-ականներն «առնվազն» վստահ են, որ արմատից պոկելու են ու պատմության աղբանոցն են նետելու ե՛ւ նախկին ավազակախմբին, ե՛ւ նրանցից գարշահոտող վտանգը։ Եվ որ դրա համար ջանք չեն խնայելու՝ պատասխանատվության բեռն ամբողջովին առնելով իրենց ուսերին, ոչ թե շարունակելու են պատեհ-անպատեհ՝ հասարակության դժգոհությունների «քթի տակ» իրենց վարկանիշի տոկոսներն ու ռոբասերժական հավաքական «բոբոյի» վերադարձի վտանգը թափահարել։

Եթե ճշմարտության հատիկ կա իմ այս «անհաջող կատակի» մեջ, ապա իշխանությունների որդեգրած նման կեցվածքը ոչ միայն ազնիվ չէ, ոչ միայն մանկամտություն է, նաեւ հղի է լրջագույն կործանարար հետեւանքներով, պարոնայք եւ տիկնայք ինքնագոհ իշխանավորներ։

Ավելին՝ պարզունակ կարճատեսություն է։

Առնվազն։

 

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Օրինագիծ ԱՄՆ սենատում՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայման մասին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը՝ Ռուբեն Բանուչյանի մահվան կապակցությամբ’