‘Լիզա Ճաղարյան. Ափսոս, որ տղամարդու նման հայհոյել չգիտեմ’

3711

Նույնիսկ Հայաստանի ներկա իշխանությունների պարագայում երեւի չհավատաք, որ հնարավոր է նման խայտառակություն: Բայց հավատաք-չհավատաք` փաստն ավելի խոսուն է:

2014 թվականին աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը կդառնար 90 տարեկան: Չդարձավ: Վախճանվեց 1990-ին: Ինչո՞ւ, ինչպե՞ս, եթե՝ ապա… Այս հարցերին չանդրադառնանք. Փարաջանովի դառը փորձություններով լի կյանքի ողջ մեղքը կարելի է շատ հանգիստ բարդել Չարիքի կայսրության ուսերին եւ ձեռքերը լվանալ՝ մեղքերի մեջ թաղված մարդկությանն ամենահոգեհարազատ Պիղատոսի նման:

Չեմ էլ ուզում հիշեցնել, թե ինչ գլուխգործոցներ է ստեղծել Սերգեյ Փարաջանովը: Որովհետեւ այն հայ ընթերցողը, որը մինչ օրս տեղյակ չէ, թե կինոարվեստի աշխարհում ինչ մեծություն է Փարաջանովը, սրանից հետո էլ կդիմանա` առանց տեղեկանալու: Թող շարունակի եսայաննունե ու արմենչիկ լսել եւ հայկական սերիալներ դիտել:

Բայց Հայաստանի մշակույթի նախարարություն հորջորջվող «կանտորան», կարծես, կոչված է գոնե տեղյակ լինել, թե ով է Սերգեյ Փարաջանովը: Չասեմ` գիտակցել ու գնահատել: Գիտակցելու ու գնահատելու համար, նախ, հարկավոր է արվեստի մասին նունեեսայանական չափանիշներից վեր կանգնել, ինչն այս կանտորայի ուժերից վեր է ե՛ւ բնության տված կարողությունների առումով, ե՛ւ չալաղաջահոտ իշխանության խաշահամ ճաշակի:

Եվ ուրեմն` ի՞նչ է պատահել:

«Ռոսլին» հրատարակչական տունը դիմել է Հայաստանի մշակույթի նախարարությանը` միջազգային մակարդակով Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված նախաձեռնությանը մասնակցելու առաջարկով, որի իրագործմանը, նախնական ծրագրով, պետք է մասնակցեին Կիեւը, Թբիլիսին, Մոսկվան եւ Երեւանը:

Եվ ի՞նչ պատասխան է ստացել «Ռոսլին»-ի տնօրենը: Վայելեք. «Նախարարությունը ողջունում է Ս. Փարաջանովի անվան միջազգային փառատոնի անցկացման ձեր նախաձեռնությունը: Ձեր նամակին ի պատասխան հայտնում ենք, որ 2014  թվականի բյուջեն բաշխված է, եւ ցավոք`մենք չենք կարող աջակցել ձեր խնդրանքին»: Ավելին, այս համառոտ բարբաջանքի ներքո դրված է ընդհանուր բաժնի ոմն Սամուելյանի ազգանունը: Դե, անհարմար չէ՞, որ մեծամեծ տիկին նախարար Հասմիկ Պողոսյանն անձամբ պատասխաներ «ինչ-որ» Սերգեյ Փարաջանովի նվիրված փառատոնի կազմակերպիչներին:

Անկեղծ ասած՝ ոչ մի որակում չեմ ուզում տալ այս հրեշավոր անամոթությանը, չնայած՝ հայոց լեզուն անսահման հարուստ է սրանց նմաններին արժանի բնորոշումներով: Ընդամենն ասեմ` ինչպես միջատի նման գոյություն եք քարշ տալիս, այդպես էլ` միջատների նման անհետ կորչելու եք, եւ Հայաստանի գոյության մասին աշխարհին միշտ հիշեցնելու են Սերգեյ Փարաջանովը եւ Փարաջանովի նման մեծերը:

Բայց միեւնույն է` ամոթից ու վիրավորանքից կոկորդս սեղմվում է…

Հ.Գ. Ի դեպ, հայի զավակ Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված միջազգային փառատոնի կազմակերպումը ֆինանսավորելու է Հրեական համայնքը: 

Նախորդ հոդվածը‘Խաչքարերը կպատճենահանեն չինական-ճապոնական տեխնիկայի միջոցով’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը մերժեց կրկնակի փորձաքննության մասին միջնորդությունը’