‘Լիզա Ճաղարյան. «Դավադիրների խումբ, որն առնվազն զինված հեղաշրջում է ծրագրում»’

3711

Դժվար է, իհարկե, երկրի գլխավոր ամբաստանյալի դատավարությունից հանրության ուշադրությունը շեղել, ինչը բնական է. շատ երկար ենք սպասել այս օրվան։ Այնուհանդերձ, ԶԼՄ-ներում լուրեր են հայտնվում, որոնք աչքաթող անելն էլ նշանակում է՝ կույր ձեւանալ ու չտեսնել, որ այս դատավարությանը զուգընթաց՝ դավադրություն է հասունանում նոր իշխանության դեմ։

Եվ այսպես, «Հրապարակ» կայքում («Վազգեն Մանուկյանի ակումբում գերկոնսպիրատիվ մթնոլորտ է», Անուշ Դաշտենց) կարդում ենք. «Երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմից երկրորդ անգամ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակված Վազգեն Մանուկյանի, այսպես կոչված, «մտահոգների» ակումբի հերթական նիստը»։

Լրագրողը նաեւ հիշեցնում է որոշ «մտահոգների» անուններ՝ Անդրանիկ Թեւանյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Դանիելյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Շահնազարյան, Սաթիկ Սեյրանյան, Վահե Հովհաննիսյան, Վարդան Բոստանջյան, Աղվան Վարդանյան… «Պատահաբար» սրանք կա՛մ Հանրապետական կուսակցության մատույցներից են հայտնվել այստեղ, կամ՝ Քոչարյան Ռոբերտի մերձավորագույն շրջապատից։

Բնականաբար, այս «պատահականությամբ» է պայմանավորված նաեւ «Հրապարակի» լրագրողի այս բացահայտումը. «Վազգեն Մանուկյանը եւ նրա ակումբի մասնակիցները որոշել են գերգաղտնի մթնոլորտում կազմակերպել իրենց քննարկումները․ քննարկումների թեմաների, մասնակիցների, նոր հրավիրյալների, առհասարակ՝ ակումբին վերաբերող յուրաքանչյուր հարցի շուրջ անսովոր կոնսպիրատիվ մթնոլորտ են պահպանում՝ հրաժարվելով պատասխանել տարրական հարցերի»։

Հիշեցնեմ ընթերցողներին, որ Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահ է երկար տարիներ՝ Սերժիկ Սարգսյանի «օրհնությամբ»։ Հիշենք նաեւ, որ տասը տարի շարունակ Հայաստանի քաղաքացիներն այդպես էլ չեն հասկացել, թե, բացի պատկառելի չափի աշխատավարձ ստանալուց, հանրության համար է՛լ ինչ է արել Վազգեն Մանուկյանն՝ իր ղեկավարած խորհրդով հանդերձ։ Հայաստանի քաղաքացիները չեն հասկացել, բայց «շատ բարի» Սերժիկ Սարգսյանը, իր իսկ բնորոշմամբ՝ «իՁիոտ» Վազգեն Մանուկյանի դերն ու նշանակությունը տեղը տեղին գնահատել էր, եւ հենց դրա համար էլ Սահմանադրությամբ ամրագրեց Հանրային խորհուրդ կոչեցյալ անհասկանալի կառույցի հետագա «գործունեությունը» եւ «նվիրեց» հաջորդ իշխանությանը։

Չէր կարող չգնահատել. Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ուժային կառույցների ղեկավար աշխատած Ս. Սարգսյանը բոլորիցս լավ գիտեր, որ եթե Վազգեն Մանուկյանը «նախագա» չաշխատի, մեկ էլ տեսար նորից հիշեց, որ ինքն «էն տղեն է», որը կարող է «քսան րոպեով» մտնել Ազգային ժողովի շենք ու սպասել այնտեղ այնքան՝ մինչեւ իր կողմնակիցները կոտրեն ԱԺ դարպասը, ներխուժեն խորհրդարանի շենք ու իր զինակից Սադոյան Արշակի հրահանգով արյունլվիկ անեն ԱԺ նախագահին ու փոխնախագահին, ջարդեն-փշրեն պատերազմի տարիներին մեծ դժվարությամբ ձեռք բերված համակարգիչներն ու իրենց ճանապարհին հանդիպած ամեն ինչ։ Իհարկե, Սերժիկ Սարգսյանը նաեւ լավ գիտեր, որ հայաստանյան քաղաքական դաշտում Վազգեն Մանուկյանը վաղուց ի վեր մարած քարտ է, բայց անմեղ մարդկանց արյան վրայով իշխանության հասած Սարգսյանին ավելորդ գլխացավանքներ պետք չէին, եւ ցանկացածին, ում հնարավոր էր գայթակղել զանազան վարձատրություններով եւ ծառայեցնել իր իշխանությանը, Սարգսյանը չէր զլանում՝ «մի կտոր հացի» տեր էր դարձնում։ Անաչառ լինենք. «նախագա» Վազգեն Մանուկյանը հիանալի ծառայեց Սերժիկ Սարգսյանին, «արդարության» համար ԱԺ դարպաս ու ազատագրական պայքարի տարիների իր ընկերների գլուխները ջարդող այս պարոնի համար Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչները մինչ օրս «ռոմանտիկներ» են, Մարտի 1-ի զոհերն ու բռնադատվածներն էլ՝ իրավաչափ գործողությունների հետեւանք։ Դե, զարհուրելի չափերի հասնող թալանի մասին էլ չասեմ. «նախագա» Մանուկյան Վազգենը «հանրային» խնդիրների մեջ էր խրված ու ոչ տեսել է, ոչ լսել։

Թվում էր, նոր իշխանությունը ձեւը կգտնի այս պարոնից ձերբազատվելու։ Չէ, հակառակը տեղի ունեցավ. Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հանրությունը տեղեկացավ, որ Վազգեն Մանուկյանը «իՁիոտ» չէ, նախկին հանցագործ իշխանության կամակատարը չէ, այլ ոչ ավել-ոչ պակաս՝ «զոհ» է։

Այսպիսի բաներ։ Եվ հիմա «զոհ» Վազգեն Մանուկյանը նման հուզիչ մեծարումից հետո ոչ թե փորձում է «կենդանի դիակ» Հանրային խորհրդին կենդանության նշաններ հաղորդել եւ այդ խորհրդով վերհանել հանրությանը հուզող խնդիրներն ու լուծման ուղիներ առաջարկել իրեն «զոհ» կարգած իշխանությանը, այլ ակումբ է ստեղծել բացահայտորեն նոր իշխանությանը պատերազմ հայտարարած ուժերի հետ ուս-ուսի ու փակ, շատ փակ հավաքներ է կազմակերպում։

Ես ասեմ՝ լավ է անում, տեղն է նոր իշխանությանը, եւ ավարտեմ խոսքս «Հրապարակի» լրագրողի տեքստի վերջաբանով. «Մենք հասկանում ենք, որ ակումբի քննարկումները կարող են փակ լինել, առանց լրագրողների, որ անկաշկանդ ու ազատ արտահայտվեն մասնակիցները։ Բայց եթե քննարկումներից հետո էլ ինֆորմացիա չեն տալիս եւ անգամ քննարկումների թեման չեն ասում, կնշանակի՝ սա ոչ թե քննարկումների ակումբ է, այլ դավադիրների խումբ, որն առնվազն զինված հեղաշրջում է ծրագրում եւ այդ մասին չի ուզում ոչ մի բառ ասել»։

Ավելացնելու բան չկա։ 

 

 

Նախորդ հոդվածը‘Հարութ Ուլոյան. Անբարոյական վերաբերմունք Մարտի 1-ի զոհերի հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար’