‘Հարութ Ուլոյան. Անբարոյական վերաբերմունք Մարտի 1-ի զոհերի հանդեպ’

2699

Ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանը գրում է.

«Մարտի 1-ի գործում, առավել ևս վերջին մի տարվա ընթացքում, նախկին ռեժիմի ու հատկապես քոչարյանականների ամենախայտառակագույն դրսևորումը ոչ թե զուտ 0038 գաղտնի հրամանի, բանակի ներգրավման, մարտի 1-ի առավոտյան ցուցարարներին Ազատության հրապարակից անխնա ծեծելով վտարելու, իսկ երեկոյան, արդեն, վերջիններիս դեմ զենք կիրառելու վերաբերյալ նրանց հակասական ստերն են, այլ կատարյալ անբարոյական վերաբերմունքն է Մարտի 1-ի զոհերի հանդեպ:

Հենց Մարտի 1-ի իրադարձությունների ծավալման ժամանակ, դրան նախորդող օրերին իշխանությունները, անձամբ Քոչարյանը ցուցարարներին արդեն իսկ ներկայացնում էին որպես հանցագործների, թմրամոլների, թալանչիների և հարբեցողների: Հայտարարում էին (հիմա էլ են երբեմն հայտարարում` ըստ նպատակահարմարության), թե, իբր, ողջ Մաշտոց-Պռոշյան փողոցների հատման մասում ավազակախմբեր էին գործողություններ ծավալում, «զանգվածային անկարգություններ» էին հրահրում, պետական շինություններ էին ցանկանում գրավել, թե, իբր, ցուցարարներն էին զինված կրակում ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանները զինված չէին… Ո՞ւմ մոտ է սկլերոզ. 50, 100 կամ 200 հոգու մո՞տ:

Հետո, երբ բազմաթիվ տեսանյութերով ապացուցվեց, որ ոստիկանները ոչ միայն զինված են եղել, այլև կրակել են ցուցարարների ուղղությամբ, իսկ քննությամբ էլ պարզվեց, որ «ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չի ստացել», սկսեցին շրջանառել «բոլորս ենք մեղավոր» թեզը: Մինչ այդ միակ մեղավորը «հանցագործ ընդդիմադիրներն» էին, իսկ ինչ վերաբերում էր իրենց, ապա իրենք պիտի «մեղք գործած լինեին, որ մի հատ է ընդունեին այն»: Այս դիրքորոշումը հանկարծակի վերածվեց «բոլորս ենք մեղավոր»-ի: Ում ինչ հարց տալիս էին Մարտի 1-ի վերաբերյալ, միանգամից` «բոլորս ենք մեղավոր»: Ամեն տարելիցի ժամանակ ոստիկանների ձեռքը ծաղիկներ սկսեցին տալ, որ հնարավորինս ավելի արժեզրկեն Մարտի 1-ի խորհուրդը:

Հիմա էլ նույն քոչարյանականները, «պադոշի դեմքերով», հայտարարում են, թե իրենք սգում են զոհերի համար կամ ցավ են ապրում: Շատ կներեք, բայց եթե ցուցարարները «զանգվածային անկարգության» մասնակիցներ էին, ավազակախմբերի ներկայացուցիչներ էին, պետական հանցագործներ էին, թալանչիներ էին, ենիչերիներ էին, իսկ արտակարգ դրությունը, ոստիկանական գործողություններն ու բանակի ներգրավումն էլ, իբր, օրինական էին, բա որպես ի՞նչ եք սգում կամ ցավ ապրում: Հումանիզմ է արթնացե՞լ: Զոհերը ձեր նկարագրած ցուցարարներից էին, չէ՞… Թե բա` «10-ից առնվազն 7 հոգու սպանության հետ ուժայինները կապ չունեն. այդ սպանություններն իրականացրել են այլ անձինք»: Իրո՞ք:

Դեռ մեկ տարի առաջ փաստաբան Վահե Գրիգորյանը հրապարակել էր ՄԻԵԴ-ի հարցմանը պատասխանած ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտոնական նամակը, որտեղ, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կյանքից զրկելը եղել է բացարձակ անհրաժեշտ, Կոստանյանը գրել է հետևյալը. «Ոստիկանական օպերացիան և կիրառված/գործադրված ուժը սույն գործով եղել են համաչափ և «բացարձակապես անհրաժեշտ»: Ողջ ոստիկանական գործողությունները իրականացվել են պատշաճ կերպով…»:

Ու դեռ այսքանից հետո «պադոշի դեմքերով» հայտարարել, թե «մենք էլ ենք սգում, ցավ ապրում զոհերի համար» կամ, առհասարակ, խոսել զոհերի և այդ մասով գործի բացահայտման մասին, կատարյալ անբարոյականության վրա հիմնված մանիպուլյացիա է, ուրիշ ոչինչ»:

 

Նախորդ հոդվածը‘Քոչարյանի փաստաբանը Արտակարգ դրության հրամանագրի հարցում հիշեցնում է նաեւ ԱԺ մեղսակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Դավադիրների խումբ, որն առնվազն զինված հեղաշրջում է ծրագրում»’