Լիզա Ճաղարյան. «Երեւանցի տղան» ներողություն է խնդրել

13345

Ումի՞ց։

Ողջ տեքստը ներկայացնում եմ ընթերցողների ուշադրությանը. դուք պարզեք` կա՞ք ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ (ընդգծումն իմը չէ, ներողություն խնդրող «երեւանցի տղայինն» է) այն ցանկում, որ իր մտքում շարադրել է Ալենը` հենց հասկացել է, որ ԱԺ նախագահի թանկարժեք աթոռի տակը փորողներ կան իր իսկ հարազատ ԱԺ խմբակցությունում։

Սա է.

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ.

հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։

Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել եւ ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։
Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է եւ կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաեւ սադրանքներ տեղի ունենալ։

Մեր խնդիրն է դրանց չտրվելը։

Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:

Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:

Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:

Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»:

Կարդացի՞ք։ Հասկանալի է, չէ՞, որ Ալեն Սիմոնյանին մատուցված ԼԻԿԲԵԶ-ը (այս անգամ ընդգծումն իմն է) շա՛տ թերի է կատարվել։

Հակառակ դեպքում այս պաշտոնյայի պատմական «զղջման» երկրորդ նախադասությունը «տուժածի» նվնվոցով չէր սկսվի. «Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել…»։

Ո՞ւմ է շնորհակալություն հայտնում Ալենը` պարզից պարզ է։ Շնորհակալ է այն մարդկանց, որ իրենից ոչ պակաս թքաշաղախ խանդավառությամբ ոգեւորում, «սրտիկում» ու քծնում էին «անարդարացի» քննադատվող «երեւանցի տղային»` լա՛վ ես արել, դեռ մի բան էլ քի՛չ ես արել, իսկ դատապարտողներին վիրավորում էին նույն մակարդակով, ինչ մակարդակով որ իրենց «ընտրյալ» Ալենը փողոցում թքել էր քաղաքացու վրա։ Դժվար թե որեւէ մեկը կասկածի, որ Ալեն Սիմոնյանը շնորհակալ է հենց ա՛յդ մարդկանց եւ, «քաղաքացիներ» բառը մեծատառ գրելով` հենց այդ «սատարողներին» նկատի ունի։

Այնպես որ` «փոքրատառ» քաղաքացիները հանգիստ խղճով կարող են շարունակել չներել Աժ աթոռին բախտի բերմամբ, թե պատահմամբ բազմած «երեւանցի տղային» եւ պահանջել նրա հրաժարականը, որովհետեւ նույնիսկ լիկբեզից հետո այս մարդը չի հասկացել, որ կատարվածը «կենցաղային թեմա» չի, որ, առանց մի կաթիլ չափազանցության` ողբերգություն է, մանավանդ` եթե այս տեքստը գրողը նոր է հասկացել, որ «…պաշտոնյան պետք է եւ կարող է քննադատվել»։

Իսկ իմ խորին համոզմամբ` հիմա էլ չի հասկացել։ Հասկանար, այդ «կենցաղային» խայտառակությունից հետո կգնար ու հրաժարականի դիմում կգրեր, որովհետեւ որեւէ շնչավոր էակի վրա, մարդ լինի, թե կատու կամ շուն, ծաղիկ լինի, թե ծառի դեղնած տերեւ` կում անելու եւ թքելու ընդունակ արարածն իրավունք չունի պետության կարեւորագույն դեմքերից մեկը լինելու։ Ուղղակի իրավունք չունի՛։ Ամոթ է ու անպատվություն ցանկացած երկրի համար։ Ժողովրդավարական պետություն լինի, թե` բռնապետական, միեւնույն է` խայտառակություն է։

Սա, իհարկե, ոչ միայն «տուժածը», ոչ միայն «տուժածին» սատարողների խառնակույտն ունակ չեն հասկանալու, այլեւ` Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ալենանմաններն էլ, «մեծարգոն» էլ չեն հասկանում։ Եթե հասկանային, այդ «կենցաղային» միջադեպի հենց հաջորդ օրն արտահերթ նիստ կհրավիրեին ու Ալենին անհապաղ կուղարկեին «վաստակած» հանգստի։ Եվ եթե նույնիսկ ՔՊ–ականների շարքերում կան ինչ–որ մարդիկ, որ կուզենային Աժ նախագահի աթոռը թափուր տեսնել, ապա պետք չէ սին հույսեր փայփայել, որ այդ մարդկանց պետության ու պետականության վարկի խնդիրն է անհանգստացնում։ Ամենեւին։

Հայաստանը փոքր երկիր է (ՔՊ–ականների թեթեւ ձեռքով ավելի է փոքրացել, եւ դեռ վտանգ կա, որ ավելի կփոքրանա), եւ շատերս գիտենք, որ բոլոր «քայլողներն» էլ, որ դեռ ուզելիք ունեն «մեծարգոյից», սպասում են իրենց «աստեղային ժամին»։ Հո պատահականություն չի՞, որ Հայաստանի ցանկացած պետական հիմնարկում 15–ից ավելի դեղնակտուց «խորհրդականներ» են «թոշակ» ստանալով ծվարած սպասում, թե երբ են իրենց էլ պաշտոն կամ մանդատ տալու. հո Ալենից պակա՞ս տղա կամ աղջիկ չեն։

Եվ այսպես` լավ, թե վատ, անկեղծորեն, թե փարիսեցիորեն, Ալեն Սիմոնյանն, այնուամենայնիվ, ներողություն խնդրեց։ Այսինքն, իրեն «սատարողների» հետ միասին` Հայաստանի առաջին նախագահի դեմ խղճուկ «ծվծվոցներ» արձակելուց հետո, խոստովանեց, որ իր արարքը խայտառակություն է։

Դեռ մի բան էլ ավելին խոստովանեց. «Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ»:

Անկեղծ տղա է այս երեւանցին. «բացճակատ» զգուշացնում է, որ քանի դեռ Հայաստանի ղեկին Նիկոլ Փաշինյանն է եւ իր նման ՔՊ–ականները, ապագայում նույնպես այնպիսի սահմռկեցնող անակնկալներ են թափվելու Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիներիս գլխին, որ «դավաճան» գոռացողները եթե չավելանան, ապա հաստատ չեն պակասելու։

Ի դեպ` լիկբեզ N2. ոչ թե` «կբախվենք իրավիճակների հետ», այլ` «կբախվենք իրավիճակներին»։ Ինչպես որ` բախվում են պատին, ոչ թե` բախվում են պատի հետ։ «Կենցաղային» վերջաբան, որ մի օր կպատահի նաեւ ժամ առ ժամ հղփացող ու լկտիացող օրվա իշխանություններին։

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը պետականությա՛ն մասին է. ՉԻ
Հաջորդ հոդվածըՖրենկ Լեմպարդը նշանակվեց «Չելսիի» գլխավոր մարզիչ