‘Լիզա Ճաղարյան. «Ընկեր Փանջունի իր հին կորովեն ու պերճախոսութենեն բան մը չէ կորսնցուցած»’

3321

-Բայց կ՛ըսեիր որ պետք է

ուժ ցույց տալ այդ

վատերուն,- դիտել տվի:

-Անշուշտ պետք է ուժ ցույց տալ,-

բացատրեց Փանջունի,-

թե որու՛ դեմ, այդ տարբեր հարց:

Երվանդ Օտյան «Ընկ. Բ. Փանջունի»

 

Ոչ ոք, կարծում եմ, չէր կասկածում, որ առաջիկա հանրահավաքին «ընդառաջ»՝ հանրապետականներից առավել ակտիվորեն` հանրահավաքի կազմակերպիչներին քննադատելու են, այսպես ասենք` թոշակառու կուսակցությունների ներկայացուցիչները: Սրանք այն կուսակցություններն են, որոնց գոյության մասին ոչ միայն հասարակությունն է առիթից առիթ հիշում ու հետո նորից մոռանում, այլեւ հենց իրե՛նք` այդ կուսակցությունների անդամներն են մոռանում, որ իրենք ինչ-որ քաղաքական ուժ են ներկայացնում կամ ղեկավարում:

Այսպես, ապրում են աննկատ ու անաղմուկ, շառից հեռու. մեկն իր բիզնեսն է զարգացնում` իշխանություններին սիրաշահելով, մյուսն արտերկրից «քիթը չի հանում»` ժողովրդավարություն է սիրում, չի կարողանում երկար ապրել էս մեր «ջունգլիներում», երրորդն իշխանական որեւէ մեծահարուստ հանցագործի կցված` «քուջուջ է անում, գլուխը պահում», չորրորդի հեռահար նպատակի մեջ չի մտնում օրվա իշխանությունների հեռացումը, որովհետեւ այս պահին դեռ իրեն չի տեսնում նախագահի աթոռին, այլ տեսնում է Սերժիկ Սարգսյանի պաշտոնավարության ավարտից հետո, եւ այդ նվիրական նպատակի համար պատրաստ է ցանկացած նենգության` միայն թե հանկարծ Սերժիկը իր հաշվարկած ժամանակից շուտ աթոռից չընկնի, հինգերորդն այնքան մոռացված է ու անտեսված, որ «վճռական պահերին» լրագրողների ուշադրությանն արժանանալն արդեն իսկ իր համար ե՛ւ հաց է, ե՛ւ ջուր, ե՛ւ բաստուրմա ու սուջուխ:

Կախգլուխ կամ վիզծուռ օրեր են մթնեցնում հորանջելով ու զկռտալով, ու մեկ էլ` վերեւներից «զարթուցիչի» ձայն է լսվում. «Ձեր ծակուռներից դուրս եկեք, որԵւհետեւ գորՁ կա»: Եվ դուրս են գալիս` « Էլ հերն ու մեր, քիր ու ախպեր, կին, երեխեք, ընկեր տըղեք, զոքանչ, աներ, քավոր, սանհեր, քեռի, փեսա…», ու հերթ կանգնում լրատվամիջոցների դռների առաջ: Մեկը` շուտ, մյուսը` ուշ, մեկը` շատ, մյուսը` քիչ, բայց ամեն դեպքում բոլորին էլ հերթ հասնում է: Հենց հերթները հասնում է, հանդիսավոր նստում են, ոտքը գցում են ոտքին (էսպես որ գնա` սրանք կոֆե էլ կխմեն), եթե տեղանքը հարմար է, ուրեմն` Ռոդենի «Մտածողի» նման դիրքավորվում են ու աչքը ջուր կտրած հասարակությանը երջանկացնում իրենց «շատ սպասված» գնահատականներով: Բնականաբար` հանրահավաքի կազմակերպիչների հասցեին:

Ի՞նչ են ասում: Դե, մեկն ասում է` չեմ հավատում, որ հաջողության կհասնեն, որովհետեւ՝ ա՛յ սենց ու սենց: Մյուսն ասում է` ակնկալիքներ չունեմ, քանզի՝ այսպես ու այնպես, երրորդի սկի պետքը չի` թող ինչքան ուզում են հանրահավաք անեն, ինչքանից էլ շատ, բա ինքը կիջնի՞ դրանց մակարդակին, չորրորդը մեկ օրում մի քանի լրատվամիջոց է «զանիտ» անում, ու «հակառակի պես» չորսն էլ գրեթե նույն հարցերն են տալիս, դե՛ ինքն էլ ստիպված նույն պատասխաններն է տալիս, թե չէ ո՞վ չգիտի, որ ինքը խելքի տոպրակ է, ժամերով կարող է խոսել ու խոսել, Աստծուն փառք, հինգերորդն էլ ասում է` ե՛ս, հետո նորից ասում է` ե՛ս, հետո կրկին ասում է` ե՛ս, հետո վերստին ասում է` ե՛ս, ե՛ս, ե՛ս:

Ու էս մեր օվկիանոս լրատվամիջոցների ծով խելքի տեր լրագրողների շարքերում էդպես էլ չի գտնվում մեկը, որ էս ընկ. Փանջունիների խոսքը շաքարով կտրի ու ասի. «Լսեք, կարծեմ դուք էլ եք, չէ՞, քաղաքական ուժ ներկայացնում, կարծեմ, ըստ ձեր հայտարարությունների, դուք էլ եք ընդդիմադիր, բա՛ ինչ որ չեն անում էդ վատ, շատ վատ ընդդիմադիրները, է՛, դուք արեք: Փաստորեն, հատ-հատ գիտեք, թե ինչ է պետք անել, որ էս հանցագործ իշխանություններից պրծնի էս երկիրը, հո էս ժողովրդի թշնամին չե՞ք, ինչի՞ չեք էդ ձեր իմացածն անում, ու՞մ համար եք պահում, էն Ազատության հրապարակի պռոշը ճաքեց ախր ձեր կարոտից, աչքը ջուր կտրեց, ու էդպես էլ չտեսավ ձեր վճռական գործողությունները»:

Չէ, չեն ասում: ՈրԵւհետեւ վերեւներում նստած  «զարթուցիչը» նման հարց չի թելադրել: Էս ընկ. Փանջունիներին ժամանակ առ ժամանակ վերակենդանացնում են, որ վճռականորեն քննադատեն իշխանությունների անդորրը խախտողներին, հետո նորից լավ ծալծլելու են, տանելու են խնամքով դասավորեն իրենց ծակուռներում, որ «քուջուջ անեն, գլուխները պահեն»` մինչեւ հաջորդ «ահեղ ճակատամարտը»:

Չմոռանաք «մի քիչ փող ղրգել» էս հզոր տղերքին:

Նախորդ հոդվածը‘Հռոմի Պապը կայցելի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Եվտուշենկովի կալանավորումը կարող է ավարտին հասցնել Լևոն Հայրապետյանի գործի հետաքննությունը’