‘Լիզա Ճաղարյան. Հայերեն Վիքիպեդիայի պերճանքն ու թշվառությունը’

23900

Թե փաստերի որքան խեղաթյուրումներ, բացահայտ կեղծիքներ եւ կիսագրագետ ձեւակերպումներ կան հայերեն Վիքիպեդիայում, հնարավոր չէ «մի զարկով» պարզել։ Բացում ես քեզ հետաքրքրող էջը եւ ըստ այդմ դատում, թե ինչ առաջընթաց կամ ետընթաց կա այս ոլորտում։ Բազմաթիվ ընթերցողներ, ես էլ՝ նրանց հետ միասին, առաջին անգամ չենք ահազանգում, որ Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին ներկայացնող՝ հայրենական Վիքիպեդիայի էջերը լցված են չհիմնավորված, կասկածելի անձանց բամբասանքների մակարդակի մեղադրանքներով, զառանցագին անհեթեթություններով, միակողմանի մեկնաբանություններով։

Այս էջերն աղտեղություններից մաքրելու հենց առաջին փորձս ավարտվեց շռնդալից պարտությամբ, Վիքիպեդիայի հետ սերտ համագործակցության ակնկալիքս, մեղմ ասած, չարդարացավ։ Մուտք գործեցի այս «անաչառ», «հավաստի աղբյուրներից» օգտվող տարածք, սկսեցի «չարություն» անել եւ սպառնալի նամակ-զգուշացում ստացա, ըստ որի՝ եթե շարունակեմ ՎԱՆԴԱԼԻԶՄ-ով զբաղվել, ինձ կզրկեն Վիքիպեդիայի «անաչառ» գործունեությանը միջամտելու հաճույքից։ Եթե զրկեն, մի կերպ կդիմանամ այդ անագորույն ցավին, բայցեւ մտադիր չեմ լռել, թե ոնց պատահեց, որ մի պայծառ աշնանային օր ես դարձա վանդալ (բարբարոս, էլի՛) եւ դրա համար մի հյուլե անգամ չեմ զղջում։

Իսկ ահա թե ինչու չեմ զղջում։

Բացում ենք «Վիքիպեդիա: Վստահելի աղբյուրներ» էջը եւ կարդում. «Հոդվածները պետք է հենվեն վավերականելի (ստուգելի), երրորդ-կողմանիհրատարակված աղբյուրների վրա, որոնք փաստերի ստուգման և ճշգրտության համբավ ունեն: Վավերական են համարվում այն աղբյուրները, որոնք վստահելի ճանապարհով են տպագրվել՝ այսինքն նրանց վրա կատարվել է սպառիչ գրական և տեխնիկական խմբագրություն, և գրվել են այդ թեմային քաջածանոթ և վստահելի անձանց միջոցով»:

Այժմ մտնենք Վիքիպեդիայի Վազգեն Սարգսյան էջը եւ տեսնենք, թե այդ ինչ վստահելի աղբյուրներ են եւ ինչ են գրում։

Վազգենի համառոտ կենսագրությանը հետեւում է Արցախյան պատերազմ խորագիրը եւ այս տեքստը. «Վ.Սարգսյանը ակտիվ դերակատարություն է ունեցել 1991-1994 թթ.-ին տեղի ունեցած Արցախյան պատերազմում։ Սակայն նրա դերակատարությունը միանշանակ չի ընդունվում. հասարակության որոշ հատված քննադատաբար է մոտենում նրա ծավալած գործունեությանը[6][7], իսկ մյուս մասի համար նա համարվում է «Սպարապետ»[8][9] և ՀՀ ԶՈՒ հիմնադիր[10][11]»։

Վստահելի աղբյուրներին չանդրադառնանք, որովհետեւ տեքստը չափազանց հպանցիկ է, բայց, ամեն դեպքում, հասարակության շրջանում իշխող երկու տեսակետներն էլ ներկայացված են՝ լավ թե վատ։

Ուշադրություն. սրանից հետո սկսվում է «կինոն»։

Խորագիր՝ ՀԱԲ-ի զինաթափում

Ի տարբերություն «Արցախյան պատերազմին» Վազգեն Սարգսյանի մասնակցության ժլատ տեղեկությանը, ՀԱԲ-ի զինաթափման պատմությունը ներկայացվում է «հաճելի պերճախոսությամբ»։ Չեմ զլանա ընթերցողին հրամցնել ողջ հատվածը։ Խնդրեմ (վերոգրյալ եւ հետագա մեջբերումները ներկայացնում եմ առանց խմբագրական միջամտության, վայելեք). «ՀՀՇ կուսակցության, որի անդամ էր նաև Վազգեն Սարգսյանը, իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց Հայոց Ազգային Բանակի՝ ՀԱԲ-ի նկատմամբ ոտնձգություններն ու դավադրությունները, որի հետ ուներ լուրջ հակասություններ։ ՀՀՇ-ն ձգտում էր զինաթափել ՀԱԲ-ի մարտիկներին, քանի որ միայն նրանք, լինելով կազմակերպված ռազմաքաղաքական ուժ և չունենալով իշխանական լծակներ, կարող էին կանգնեցնել ՀՀՇ-ին։ ՀԱԲ-ի նկատմամբ դավադրությունների և վերջինիս անդամների ահաբեկման ու ձերբակալությունների կազմակերպման մեջ մեծ էր Վազգեն Սարգսյանի դերը։ ՀԱԲ-ի և ՀՀՇ-ի միջև հակասություններն այնքան էին սրվել, որ Վազգեն Սարգսյանն ու Սմբատ Այվազյանը ՀՀՇ-ական զինյալ ջոկատների միջոցով զրահամեքենաներով շրջապատել էին ՀԱԲ Երևանյան շտաբը ու սպառնում էին պայթեցնել։ ՀԱԲ-ին վարկաբեկելու ու զինաթափելու նպատակով նաև կազմակերպվեցին սադրանքներ։ Մասնավորապես, նախօրոք սպանվեցին ու ՀԱԲ-ի շտաբին մոտեցրեցին Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) և Վիտյա Այվազյանը՝ սպանության մեջ մեղադրելով ՀԱԲ-ին։ Այս դեպքերից հետո իշխանությունների կողմից անմիջապես Վազգեն Սարգսյանի հրամանով սկսեց ձերբակալությունների շարք, որի հետևանքով ՆԳՆ նկուղում (ԿԳԲ-ի պադվալ) հայտնվեցին ՀԱԲ-ից ազատամարտիկներ Վարդան Վարդանյանը, Ռազմիկ Վասիլյանը, Համլետը, Արտաշատի Անկախության բանակից Սամվել Մարգարյանն ու նրա քույր Սվետլանա Մարգարյանը, Հոկտեմբերյանի Անկախության բանակից՝ Դավիթն ու Սպարտակը, «Վրիժառու» ջոկատի հրամանատար սարիթաղցի Վրեժ Ղազարյանը, ՀԱԲ-ի հազարապետ, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արծրուն Ավետիսյանը և շատ ուրիշներ[7][12][13][14]»։

Նախ՝ ասեմ, որ ներկայացվող հատվածը մի ուրվական է, որ շրջում է ՀՀՇ կուսակցության գրեթե բոլոր անդամների Վիքիպեդիայի էջերում։ Հիմա եկեք պարզենք, թե Հայաստանի նորագույն պատմության այդ հանգրվանում ինչ ասել էր ՀՀՇ կուսակցություն, եւ ինչով էր զբաղված այդ կուսակցությունը։ Դեռեւս անկախություն չհռչակած եւ այդ պատմական քայլի կատարմանը նախապատրաստվող Հայաստանի առաջին իշխանությունն էր, եւ ոչ ոք չի հերքի (բացի Վիքիպեդիայի շա՛տ վստահելի աղբյյուրներից), որ այս կուսակցության կազմում ազատագրական պայքարի առաջնորդ «Ղարաբաղ» կոմիտեն էր իր բազմահազար համախոհներով, այս կուսակցության անդամներին ու նրանց համախոհներին միահամուռ ընտրեցին Հայաստանի քաղաքացիները, եւ հենց քաղաքացիների ազատ կամքով 1990 թվականի հունիսին ձեւավորվեց Գերագույն խորհուրդը (հետագայում՝ Ազգային ժողով)։

Իսկ հիմա վերհիշենք, թե ինչ ասել է ՀԱԲ։ Զինված խմբավորում էր, որն այս կամ այն չափով մասնակցել էր ղարաբաղյան պատերազմին եւ Հայոց բանակի կազմավորումից հետո մտադրություն չուներ զինաթափվելու։ Եվ Վիքիպեդիայի վստահելի աղբյուրը բառացիորեն ազդարարում է. «ՀՀՇ-ն ձգտում էր զինաթափել ՀԱԲ-ի մարտիկներին, քանի որ միայն նրանք, լինելով կազմակերպված ռազմաքաղաքական ուժ և չունենալով իշխանական լծակներ, կարող էին կանգնեցնել ՀՀՇ-ին»։ Վիքիպեդիայի պատասխանատուները եւ վստահելի աղբյուրներն անշուշտ համեստորեն շրջանցում են կարեւորագույն խնդիրը, թե ինչու է այս «կազմակերպված ռազմաքաղաքական ուժը» ցանկանում «կանգնեցնել ՀՀՇ-ին»։ ՀՀՇ-ն օտար զավթի՞չ էր, ներխուժել էր Հայաստան, եւ անձնուրաց ՀԱԲ-ի մարտիկները ղարաբաղյան պատերազմում հաղթել-պրծել էին, հասել էին Բաքու, «չայ էին խմել» ու հիմա էլ թեւերը քշտել էին, որ հայտնի չէ որտեղից հայտնված ՀՀՇ-ի ոսոխների՞ն ոչնչացնեն։ Նորի՛ց հիշեցնեմ. ՀՀՇ-ն, ինչը հենց վերոբերյալ մեջբերման մեջ հաստատում են նաեւ Վիքիպեդիայի վստահելի աղբյուրները, նոր-նոր է իշխանություն դարձել։ Նորի՛ց հիշեցնեմ. այս իշխանությանն ընտրել է ժողովուրդը։ Ղարաբաղում եւ Հայաստանի սահմաններին ՀԱԲ-ի պարագլուխների այդ «նվիրական նպատակի»՝ «ՀՀՇ-ին կանգնեցնելու» պահին պատերազմը շարունակվում էր, ահավոր երկրաշարժից երկրի գրեթե կեսն ավերված էր, եւ ինչու՞ էր այս աննկուն ՀԱԲ-ը՝ արտաքին թշնամուն մոռացած, որոշել պայքարել ընդդեմ նորընտիր իշխանության, որը եթե հետագայում, ոմանց պնդմամբ, աններելի սխալներ է թույլ տվել, ապա դա պետք է հետագայում տեղի ունեցած լիներ, իսկ ա՛յն պահին, երբ ՀԱԲ-ը որոշեց «կանգնեցնել» ՀՀՇ-ին, այս ՀՀՇ-ն դեռ նոր էր սկսում իր առաջին քայլերն անել՝ ընդամենը երկու-երեք ամիս, եւ տարրական տրամաբանությունը հուշում է, որ քիչ թե շատ այս երկրի ապագայով մտահոգ մարդիկ պետք է օգնեին նորաստեղծ իշխանությանը, ոչ թե «կանգնեցնեին»։ Պարզագույն գիտելիք ունեցողն էլ պետք է գիտակցի, որ այս նորընտիր իշխանությունը՝ անթերի լիներ, թե շատ վատը ու «ոսոխ», օրինապահ երկիր կառուցելու համար առաջին հերթին պետք է զինաթափեր ռազմական կառույց ՀԱԲ-ին, որը չէր ուզում ենթարկվել նորաստեղծ պետության օրենքներին։ Իսկ աշխարհասփյուռ օրենքը հուշում է՝ նույնիսկ ամենա-ամենա-ամենաժողովրդավար պետությունը չի կարող հանդուրժել եւ չի հանդուրժի, որ պետության ներսում ազատ-անկախ-անպատիժ գործի օրենքից դուրս ինչ-որ ռազմական կառույց, նույնիսկ հայրենական Վիքիպեդիայի «անաչառ» պատասխանատուների թանկագին ՀԱԲ-ը։ Մանկապարտեզի երեխային հասկանալի այս ճշմարտությանը տեղյակ չե՞ն Վիքիպեդիայի աչալուրջ ջահելները։ Եթե՝ ոչ, վայ մեզ ու հազար վա՛յ իր առաջին ծուռումուռ ու կասկածելի քայլերն անող հայերեն Վիքիպեդիային։

Շարունակենք։ «ՀԱԲ-ի և ՀՀՇ-ի միջև հակասություններն այնքան էին սրվել, որ…», — լալահառաչ պատմում է վստահելի աղբյուրը, Վիքիպեդիան էլ գլուխը հաստատական տմբտմբացնում է։ Է հա՛, սրվել էր։ Նորից ուշադրություն դարձրեք. չի ասվում՝ Հայաստանի իշխանություն։ Ամենուրեք ՀՀՇ է, այսինքն՝ Հայաստանում անիշխանություն է ըստ վստահելի աղբյուրի, եւ երկու ուժ, որոնցից մեկը զինված խմբավորում է, իսկ մյուսը՝ ընդամենը ինչ-որ կուսակցություն, իշխանության կռիվ են տալիս։ Եվ այս անգրագիտությունը հանդուրժող Վիքիպեդիայի պատասխանատուներն իրենց համարում են լուրջ մարդի՞կ։ Չսրվե՞ր իրավիճակը, պարոնայք գիտունիկներ։ Թույլ տրվեր, որ զանազան բեղերը սրած խմբապետներ կործանեի՞ն Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ։ Եվ եթե նույնիսկ սովորական մահկանացուներիս անհասանելի իմաստուն եք եւ կարծում եք՝ չպե՛տք է սրվեր, Հայաստանի իշխանությունը պետք է ՀԱԲ-ականների գլուխը շոյեր ու ասեր՝ լավ եք անում, պայքարեք մեր դեմ զենքուզրահով, ինչու՞ եք պատմությունն աղավաղում։ Ուշ հասկացողների համար մի անգամ էլ կրկնեմ՝ ՀԱԲ-ին զինաթափելու մտադրություն ունեցողը ՀՀՇ կուսակցությունը չէր, Հայաստանի ընտրված իշխանությունն էր, եւ վիքիականներն ինչ-ինչ հեռահար ու անմաքուր նպատակներով չեն նկատում իրենց վստահելի աղբյուրների այս նենգությունը եւ այդ ապատեղեկատվությունը չեն շտկում։ Եվ այսպես, քանի որ Հայաստանի իշխանությունը «դավադրություններ» էր հյուսում ընդդեմ անձեռնմխելի ՀԱԲ-ի, մի օր էլ «Վազգեն Սարգսյանն ու Սմբատ Այվազյանը ՀՀՇ-ական զինյալ ջոկատների միջոցով զրահամեքենաներով շրջապատել էին ՀԱԲ Երևանյան շտաբը ու սպառնում էին պայթեցնել»։ Վա՛հ, իսկապե՞ս։ Նորից ուշադրություն։ Շրջապատել են, թե չեն շրջապատել (եթե շրջապատել են, շատ էլ լավ են արել), սպառնացել են, թե չեն սպառնացել (շատ էլ լավ են արել, եթե սպառնացել են)՝ չգիտեմ, բայց այստե՛ղ նույնպես Հայաստանի իշխանություն չկա, ըստ շատ վստահելի աղբյուրի՝ ՀՀՇ-ական զինյալ ջոկատներ են։ Հո՛պ։ Հիմա ասեք, խնդրեմ. եթե նույնիսկ այս զառանցանքին հավատանք, որտե՞ղ է գրված, որ պետության ներսում կարող է ազատորեն զինված խմբավորում ՀԱԲ-ն անպատիժ գործել, իսկ ահա ՀՀՇ-ն չէր կարող ունենալ զինյալ ջոկատներ։ Դե, եթե կարելի է, ով էլ ուզենար, կարող էր զինվել։ Որեւէ վստահելի աղբյուր ցույց տվեք, որտեղ գրված է, որ այդ իրավունքն ուներ միայն վիքիականներին հոգեհարազատ ՀԱԲ-ը։ Դուք հասկանու՞մ եք, երիտասարդ  եւ անխոնջ վիքիականներ, թե ինչ անհեթեթություններ եք հանդուրժում ձեր ՊԱՏՎԵՐՈՎ էջերում միայն այն պատճառով, որ ձեզ ուղղորդողները հրահանգել են բոլոր անթույլատրելի ու արգահատելի մեթոդներով սեւացնել Հայաստանի Հանրապետության առաջին իշխանությանը։

Այսպես, հասանք ՀԱԲ-ի շտաբը պայթեցնելու սպառնալիքին ու ոնց որ թե գլխի ընկանք, որ չեն պայթեցրել։ Անցնենք առաջ ու հասնենք «սադրանքներին»։ «ՀԱԲ-ին վարկաբեկելու ու զինաթափելու նպատակով նաև կազմակերպվեցին սադրանքներ։ Մասնավորապես, նախօրոք սպանվեցին ու ՀԱԲ-ի շտաբին մոտեցրեցին Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) և Վիտյա Այվազյանը՝ սպանության մեջ մեղադրելով ՀԱԲ-ին»։ Չնայած անգրագետագույն ձեւակերպմանը, երեւի հասկացաք, չէ՞։ Վիքիպեդիայի «հավաստի աղբյուրը» բլթացնում է լեզվին եկածը, եւ վե՛րջ։ Որեւէ ապացույց կա՞ աշխարհիս երեսին, որ նման հրեշավոր հանցագործություն է կատարվել։ Բնականաբար՝ չկա։ Ես էլ կարող եմ պատմել, որ ՀԱԲ-ի պարագլուխ Վարդան Վարդանյանն այդ սպանություններից հետո Ռադիոյի շենք եկավ եւ բերանը մինչեւ ականջները բացած միջանցքում սկսեց պարծենալ, թե ինչպես կրակեցին տղաների վրա, եւ թե ինչպես էին սպանվելուց հետո նրանց գլուխների միջից «ՀՀՇ-ի միկրոֆոններ» թափվում։ Հավաստի աղբյուր եմ, ինքս եմ լսել։ Եվ տեսել եմ սեփական աչքերով, թե ինչպես ծլկեց այդ արարածը, որ միջանցքում արտասվող կանայք բզիկ-բզիկ չանեն իրեն։

Պատմածս բացարձակ ճշմարտություն է, լսողը միայն ես չեմ եղել։ Բայց ես սա կարող եմ ընդամենը պատմել, իսկ ահա որպես պատմական փաստ չեմ կարող առաջարկել Վիքիպեդիայի «անաչառներին», որ տեղադրեն «հալածյալ» ՀԱԲ-ի սրտակեղեք պատմության էջերում, որովհետեւ այս դրվագը փաստող ձայնագրություն չունեմ։ Ես պատմեցի, մնացածը ձեր գործն է, կուզեք կհավատաք, չեք ուզենա՝ չեք հավատա։

Ահա այսպիսի «ուզում եք՝ հավատացեք, չեք ուզում՝ մի հավատացեք» սկզբունքով էլ բարբաջում են Վիքիպեդիայի «հավաստի աղբյուրները», եւ թքած, թե այդ բարբաջանքը կատարելապես զուրկ է տրամաբանությունից։

Իշխանությունն ուզում է, որ ՀԱԲ-ը զինաթափվի, բանակցություններ է վարում զինված խմբավորման պարագլուխների հետ, եւ բնական է, որ այդ շա՛տ վատ, անտանելի վատ իշխանությունը ձգտում է, որ հարցը լուծվի առանց զինված բախումների, որովհետեւ շա՛տ վատ իշխանություն է, բայց հաստատ սեփական գերեզմանափորը չէ. ոչ մի իշխանության, նույնիսկ Վիքիպեդիայի ջահելների «դուշման» ՀՀՇ իշխանությանը ձեռնտու չէ, որ քայքայված տնտեսությամբ, երկրաշարժից ավերված, պատերազմող երկրում քաղաքացիական պատերազմ էլ սկսվի։ Ուրեմն, ինչու՞ է իր զինակից այդ հրաշալի տղաներին սպանում ու «մոտեցնում» ՀԱԲ-ի շտաբին։ Որ ի՞նչ շահի։ Ա՜խ հա՛։ Որ ձերբակալի ՀՀՇ-ին «կանգնեցնողներին»։ Ինչ դժվար է հասկանալ, չէ՞, որ միայն այն փաստը, որ զինված խմբավորումը չի ցանկանում զինաթափվել, արդեն իսկ քրեական հանցագործություն է, եւ նրանց ձերբակալելու համար կարիք չկար մարդ սպանելու եւ «մոտեցնելու» ՀԱԲ-ի շտաբին։

Ցավում եմ, որ ստիպված եմ այս զառանցանքներին այսքան մանրամասն անդրադառնալ, բայց այլ ելք տեսնու՞մ եք՝ այս կազմակերպված սրիկայության ճամփան փակելու։

Եվ ինչու՞ են ձերբակալությունների մասին (ինչը շատ բնական էր) գրում Վիքիպեդիայի հավաստի աղբյուրները եւ լռում այն մասին, որ այս նույն ՀԱԲ-ականների մեծ մասը զենքը վար դրեց հենց այդ նույն ՀՀՇ իշխանության համբերատար բանակցությունների շնորհիվ եւ մտավ Հայոց բանակ, ոնց պատահեց, որ հայրենապաշտ ՀԱԲ-ականների մեծ մասը որոշեց ծառայել «ոսոխ» ու «ազգադավ» (հավաստի աղբյուրներից մեկի բնորոշումն է) ՀՀՇ-ի բանակի կազմում։

Եզրափակենք ՀԱԲ-ի «ոդիսականի» մասին պատմությունը։

Վիքիպեդիայի անաչառ պատասխանատուներ, այդ օրը, երբ ՀԱԲ-ը համաձայնեց զինաթափվել, Հայաստանում ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ երջանիկ էին։ Եվ երջանիկ էին, որովհետեւ քաղաքացիական պատերազմը չբախեց հյուծված Հայաստանի դուռը։ Հայաստանում ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ կային, որ վստահ էին եւ այսօր էլ վստահ են, որ Գեղազնիկին ու Վիտյային սպանել են ՀԱԲ-ականները։ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ կային, որ հավատում էին ՀՀՇ-ին, ընտրել էին ՀՀՇ-ին եւ ձեր «հավաստի աղբյուրներին» հակառակ՝ մինչ օրս էլ վստահ են, որ եթե նորաստեղծ պետության ղեկը նրանց ձեռքին չլիներ, այլ լիներ, օրինակ, ձեր թանկագին ՀԱԲ-ի կամ այդ ժամանակ ասպարեզում գործող ՑԱՆԿԱՑԱ՛Ծ ուժի ձեռքին, Հայաստանն անուղղելի ու մեծ կորուստներ էր ունենալու։

Երեւի փնտրել ու չեք գտել որեւէ հավաստի աղբյուր՝ վերոբերյալ մեջբերման հեղինակներին հակադիր կարծիք գրելու համար, որ ձեր անաչառությունն այսպես աղմուկով ու խայտառակ ձեւով չտարուբերվեր։ Օգնեմ։ Իր հարցազրույցներից մեկում Վազգեն Մանուկյանը, որ ՀԱԲ-ին զինաթափելու ժամանակ վարչապետ էր եւ շատ է սիրում իր պաշտոնավարման շրջանի բոլոր դրական շարժերը վերագրել սեփական թանկագին անձին, ասել է. «Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի: ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն: Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: Բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու և կարգ ու կանոն հաստատելու համար»:

Կասեք՝ յուրաքանչյուր ոք կարող է մտնել Վիքիպեդիայի ցանկացած էջ եւ խմբագրել ցանկացած տեքստ։

Դուք հիմա է՞լ եք կարծում, որ քաղաքական առումով այդ կատարելապես անգրագետ, փողոցի բամբասանքի մակարդակի անհեթեթություններն աղբանոց նետելուց բացի՝ այլ բան հնարավոր էր անել։

Ճարնե՞րդ ինչ, որ չկարծեք։

Քիչ մնաց մոռանայի. մեջբերված հատվածի հավաստի աղբյուրներն են՝ անհայտ ծագման Գեհենի Առաքելը, Սվետլանա Մարգարյանը՝ ՀԱԲ-ի անդամներից մեկի քույրն է, եւ ՀԱԲ-ի հազարապետ (ինքն էր ասում) սարիթաղցի Վրեժը։

Առանց մեկնաբանության։

Շարունակելի

  

Նախորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրություն. Նոր տեսախցիկ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում հայտնել են Պոռոշենկոյի դեմ նախապատրաստված մահափորձերի մասին’