‘Ուկրաինայում հայտնել են Պոռոշենկոյի դեմ նախապատրաստված մահափորձերի մասին’

2156

Ուկրաինայի պետական պահպանության վարչության պետ Վալերի Գելետեյը հայտարարել է, որ 2014 թվականից հետո երկրի նախագահ Պետրո Պոռոշենկոյի դեմ մի քանի մահափորձ է կանխվել: Այդ մասին Գելետեյը հայտարարել է «Обозреватель»-ի հետ հարցազրույցում:

«Մի քանի փորձեր են եղել: Երդմնակալության արարողությունից մի քանի օր անց վտանգավոր միջադեպ եղավ. փորձել են պայթուցիկ նյութ տեղադրել նախագահի նստավայրի մուտքի մոտ: Ինքնաշեն պայթուցիկը ժամանակին բռնագրավվել է: Հարուցվել է քրեական գործ, որը դեռ ընթացքի մեջ է»,- ասել է նա՝ հավելելով, թե այդ փորձի հետքերը տանում էին դեպի «Մայդանի վրաններ»:

Վերջինս նշել է նաեւ, որ Պոռոշենկոյի՝ որեւէ վայր այցից առաջ հաճախ են այդ վայրերում պայթուցիկ սարքեր հայտնաբերվում: «Դա կարելի է ինչ-որ տեղ համարել մահափորձի նախապատրաստում: Այդպիսի դեպքեր վերջին շրջանում բավականին շատ են եղել»,- հայտնել է նա:

Հոկտեմբերի 23-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտարարել էին, որ Պոռոշենկոյի Դոնբաս այցի ժամանակ մահափորձ էր նախապատրաստվել: Նշվում էր, որ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել էր օպտիկական նշանառության սարքով Steyr-Mannlicher դիպուկահար հրացան եւ համապատասխան զինամթերք, Մակարով ատրճանակ եւ նռնակներ: Ձերբակալության ժամանակ խմբավորման երկու անդամներ լիկվիդացվել են: Ավելի ուշ, ՈՒԱԾ խոսնակ Ելենա Գիտլյանսկայան հայտարարել էր, թե Պոռոշենկոյի դեմ նախապատրաստվող մահափորձի բացահայտման մասին տեղեկությունները կեղծիք են:

Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հայերեն Վիքիպեդիայի պերճանքն ու թշվառությունը’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի հեռացող նախագահը ներողություն է խնդրել «կոպիտ խոսքերի» համար’