‘Լիզա Ճաղարյան. Հացկատակների խրախճանքը՝ Հայաստանի հյուծված մարմնի վրա’

2910

Գագիկ Ծառուկյանն ասել է` «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն չէ: Լրատվական դաշտը, Ֆեյսբուքը ողողվել են հեշտանքից մլավողներով, հաճույքից հալվողներով, չարախնդությունից ցատկռտողներով:

 

Ինչու՞: Ծառուկյանի այս հայտարարությունից հետո երկիրս փրկվե՞ց կործանումից, Սերժիկ Սարգսյանն ու իր հանցախումբը մթության քողի տակ ծլկե՞լ են Հայաստանից: Ոչ: Հեշտանքից մլավողները, հաճույքից հալվողները, չարախնդությունից ցատկռտողները կատարել են իրենց գերխնդիրը, հենց իրենց բառապաշարով ասած ու իրենց կարճ խելքով` սխալ են բռնել Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա ու հորթի պես հրճվում են:

Ես չգիտեմ` սխալվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե` ոչ (մլավողների, հալվողների ու ցատկռտողների նման իմաստուն չեմ): 

Ինձ առավել հետաքրքրում է` ինչու՞ են այսպես երջանկությունից բառաչում Հայաստանի ապագայի համար քուն ու դադար կորցրած այս պարոններն ու տիկինները: Ինչու՞ են այնքան կորցրել ինքնատիրապետումը, որ չեն էլ թաքցնում` իրենց հրճվանքի աղբյուրը Հայաստանում ՄԻԱԿ գործող ընդդիմության սխալների վրա տռճիկ տալն է մնացել:

Այսքանից հետո որեւէ մեկը կհամարձակվի՞ ասել, որ այս մարդիկ, բացահայտ կամ գաղտնի, գիտակցված, թե անգիտակցաբար, չե՛ն ծառայում Սերժիկ Սարգսյանի հանցախմբին: Սրանց նման, նույն բառապաշարով եւ նույն հրճվանքով տռճիկ են տալիս նաեւ այս հանցախմբի ավազակները եւ իրենց պնակալեզ լրատվամիջոցները:

Այս նույն իմաստունները պնդում էին ու պնդում, որ հանձին Գագիկ Ծառուկյանի` Սերժիկ Սարգսյանը կեղծ ընդդիմություն է նախապատրաստում, որ ապագայում Քոչարյան Ռոբերտին նստեցնի Հայաստանի գահին: Հետաքրքիր է` հիմա՞ ինչ են ասելու: Ճիշտն ասած՝ սրանք արժանի չեն, որ նստեմ ու քրքրեմ իրենց մտքի գոհարները եւ մեկիկ-մեկիկ հիշեցնեմ, թե Կոնգրեսից «թռնողները» քանի ճամբար են փոխել այս կարճ ժամանակահատվածում, քանի անգամ են դավաճանել իրենց, այսպես կոչված, սկզբունքներին, սրանցից ոմանք ո՛ր օլիգարխի թեւի տակ են ծվարել, իրենց կազմած խմբակներում քանի հոգի էին, եւ քանի ամիս է տեւել սրանց միասնությունը: Քանի մարդ է մնացել իրենց ազգափրկիչ խմբակում` հերթական իրարուտոցիից հետո: Եւ ամենակարեւորը` քանի անգամ են հեղափոխություն կամ հեղափոխության փորձ արել` «անվճռական» Կոնգրեսից հեռանալուց հետո:

Կոնգրեսի դեմ ամեն Աստծու օր հոդված թխող գրչակներին չեմ ուզում հարցնել (ինձանից լավ գիտեն)` օլիգարխ Գագիկ Ծառուկյանի գոյությունից անքնություն ու նյարդային ցնցումներ վաստակածներիդ ո՞ր օլիգարխն է վճարում, որ ցանկացած մեկ անդամանոց կուսակցության «լիդերի»` Կոնգրեսի դեմ վայրահաչությունը մատուցեք որպես վերին ճշմարտություն եւ երբեք չհարցնեք` ներողություն, իսկ դուք ո՞վ եք, մի քիչ էլ գուցե ձեր մասի՞ն պատմեք, Կոնգրեսն էր խանգարում ձեզ, չէ՞, դե՛ գործ արեք, երկիրը ձեռքից գնում է:

Չեն հարցնում, որովհետեւ հիանալի գիտեն, որ սրանց միակ գործը հենց դա է` բոլոր ստոր միջոցներով հարվածել Կոնգրեսին, պառակտել ու թուլացնել: Ինչո՞ւ: Շատ պարզ: Որովհետեւ Կոնգրեսը միակ ուժն է, որի գոյությունն անհանգստացնում է  Սերժիկ Սարգսյանին եւ նրա ավազակախմբին: Մնացածների ատամները հաշվել են: Փուլերով եւ փաթեթով:

Ի դեպ, չնայած ձեր մանրապճեղ ջանքերին՝ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է ոտքերի վրա ամուր կանգնել եւ շարունակելու է կանգուն մնալ, քանի դեռ Հայաստանը սերժիկների լծի տակ է:

Դուք ձեր ծալված ծնկները եւ ծռված ողնաշարները փորձեք ուղղել: Ո՞վ իմանա, գուցե դեռ ու՞շ չէ: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՀ. Հայաստանցիները պատրաստ են վճռական փոփոխությունների, ժամանակն է, որ կառավարությունը գործի’
Հաջորդ հոդվածը‘Կորած ու նախօրեին հայտնաբերված 18-ամյա Մուրադյանը կտրել է երակները’