Լիզա Ճաղարյան. Հեքիաթ էն մասին, թե ինչպես դառնալ ազնիվ եւ անաչառ

7634

Լինում է չի լինում` մի անազնիվ ու աչառու մարդ է լինում։

Էս մարդն էն մի կերպ ճարվող անազնիվներից ու աչառուներից է լինում, որ գիտեր` անազնիվ ու աչառու լինելը ոչ միայն վատ բան է, այլեւ` հղի է ազատազրկման շատ շոշափելի թախծոտ հեռանկարով։

Ու քանի որ գիտեր (Քրեական օրենսգիրքը բերանացի արտասանում էր), տանջվում էր, տառապում էր, մորմոքում էր, թե ոնց անի, որ ազնիվ ու անաչառ դառնա։ Էլ դեղ չկար, որ խմած չլիներ` լեւոմիցիտինից սկսած` պարացետամոլով պրծըցրած։ Ոչ մեկը չէր օգնում։ Նույնիսկ տնեցիքից ու գործընկերներից գաղտնի` հեքիմի էր դիմել, հեքիմի տված երկու կիլոյանոց բանկայի պարունակությունը մի շաբաթվա ընթացքում խմել էր (էդ անտերից էլ էնքան տհաճ հոտ էր գալիս, մինչ օրս հոտը քթից դուրս չի գալիս)։

Գրբացի էլ էր դիմել։ Սա էլ ասել էր` գիր կա վրեդ, մի բեմուրազ գիր է արել, որ ա՛յ տըհենց անազնիվ ու աչառու կոտորվես. հեսա էդ գիրը քանդուքարափ կանեմ, կդառնաս հալալ–զուլալ իսան։

Էս էլ չէր օգնել։ Ախր հատ–հատ ասածներն արել էր. մի հատ կոլոլած բան տարել–դրել էր մի հատ բարձր քարափի փչակի մեջ, վրան գրբացի տված մի հատ ուրիշ կոլոլած բանի միջի բանը լցրել էր էդ մյուս կոլոլած բանի վրա, գրբացի տված լուցկու հատիկով վառել էր էդ կոլոլած բաները, գրբացի թելադրած տեքստը բերանացի արտասանել էր. հիմա մոռացել է` ինչ տեքստ էր, բայց լավ հիշում է, որ շատ հավեսով անեծքներ էին…

Վերջը, ոչ մի միջոց չէր օգնել, ինքն էլ էդպես հուսահատված ու համակերպված ապրում էր իր անազնիվ ու աչառու անպատվաբեր կյանքը։

Ճարն ինչ, չէ՞։

Անցան տարիներ։

Օրերից մի օր էս անազնիվ ու աչառու մարդը գլուխը կախ (մոռացա ասել, որ միշտ գլուխը կախ էր քայլում. դե ամաչում էր, որ անազնիվ ու աչառու է) քայլում է փողոցով, մեկ էլ տեսնում է` մի մեծ թղթի կտոր է ընկած ցեխի մեջ։ Մտածում է` մեկ էլ տեսար` էս թղթի տակ, եսիմ, մի լավ բան լինի (երեւի հասկացաք. քանի որ միշտ գլուխը կախ էր քայլում, պատահում էր` փող էր գտնում, մի անգամ էլ ոսկի մատանի էր գտել), թուղթը բարձրացնում է` չէ, տակը բան չկա։ Թուղթը նորից շպրտում է ցեխաջրի մեջ, մեկ էլ ուշադիր նայում է` լուսանկար է։ Մորուքավոր մարդու։

Ուշադիր նայում է… Ու մեկ էլ` ի՜նչ. հիշո՛ւմ է։ Հիշում է, որ պե՛տք է լինել ազնիվ եւ անաչառ։ Ախր ո՜նց չէր գլխի ընկել էդքան տարի, որ լեւոմիցիտին, հեքիմ–գրբաց իրար տալու կարիք չկար. ընդամենը պետք էր հիշե՛լ, որ պե՛տք է լինել ազնիվ եւ անաչառ։

Էս մարդը վերցնում է էդ լուսանկարը, տանում է կախում իր ննջարանի պատին (էդ հանդիսավոր պահին գործազուրկ էր), ու դրանից հետո հենց ուզում է անազնիվ ու աչառու մի բան անել, անմիջապես նայում է էդ լուսանկարի մորուքավոր մարդուն ու հիշում, որ պե՛տք է ազնիվ ու անաչառ բան անել։

Խեր–խաբարը հասնում է էդ լուսանկարի միջի մարդուն` բա չես ասի, սենց ու սենց մի մարդ կա, նենց ու նենց…

Դու մի ասա՜, էս մորուքավոր մարդը էդ երկրի նաչալնիկն է լինում։ Անմիջապես հրամայում է էդ մարդուն բերել ու մի մեծ պաշտոն տալ:

Բերում են, տալիս են։ Ու հուշում են` եթե Ալ Կապոնեի լուսանկարն էլ էդ մորուքավորի լուսանկարի կողքը կախես, կդառնաս աշխարհիս երեսի ամենաօրինապահ մարդը։

Ու էստեղ երկնքից երեք լուսանկար է ընկնում, երեքն էլ` մորուքավորինը։

Երեքն էլ` ցեխաջրի մեջ։

Նախորդ հոդվածըՍարկոզիին դատապարտեցին մեկ տարվա բանտարկության. «Արմենպրես»
Հաջորդ հոդվածըՎարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն